«Կատարյալ գեղեցկություն չի լինում». ըստ «Միսս Հայաստան 2012»-ի, հայ աղջիկները գեղեցկացել են

«Կատարյալ գեղեցկություն չի լինում». ըստ «Միսս Հայաստան 2012»-ի, հայ աղջիկները գեղեցկացել են
«Կատարյալ գեղեցկություն չի լինում». ըստ «Միսս Հայաստան 2012»-ի, հայ աղջիկները գեղեցկացել են

Ներգրավվել բնապահպանմական միջոցառումներում, բարեգործական շրջայցեր կատարել Հայաստանի ողջ տարածքով, ինչպես նաեւ ներկայացնել Հայաստանը «Միսս աշխարհ 2012» մրցույթին. սրանք են «Միսս Հայաստան 2012»-ի տիտղոսակիր 20-ամյա Աննա Առաքելյանի գալիք տարվա առաջնահերթությունները:
«Կատարյալ գեղեցկություն չի լինում»,- ասում է նա: Իրեն էլ անթերի չի համարում. «Յուրաքանչյուր մարդ ունի իր թերությունները, պարզապես պետք է աշխատես ինքդ քեզ վրա ու շտկես դրանք»:
Ինքն իրեն, աշխարհին ու Հայաստանին իր առավելություններն ապացուցալու թերեւս ամենամեծ մարտահրավերն է «Միսս աշխարհ 2012»-ը:

«Մարդիկ տեսնելու են ինձ ու պակերացնեն հայ կնոջ կերպարը, թե ինչպիսին է նա արտաքին գեղեցկությամբ ու ներքինով: Ես այդ նշաձողը պետք է բարձր պահեմ»,- ասում է 20-ամյա տիտղոսակիր գեղեցկուհին, որ մինչ օրս էլ դժվարանում է նկարագրել, թե ինչ էր զգում, երբ «Միսս Հայաստան 2012»-ի մրցութավարները կարդացին իր անունը:

«Միշտ երազել եմ ու ցանկացել մասնակցել այս մրցույթին: Պարզապես Հայաստանում այն 5 տարի շարունակ չէր կազմակերպվում, իսկ մինչ այդ, անչափահաս էի,- իրականացած երազանքի երջանկությունը դեմքին ժպտում է նա: – 13 տարեկան էի, երբ Մոսկվայում ընդունվեցի մոդելային դպրոց, որտեղ սովորում էի դեֆիլե եւ դերասանական արվեստ: Մի քանի ամիս սովորելուց հետո ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան, որտեղ արդեն 6 տարի է՝ ապրում եմ: 2006-ին մասնակցել եմ Elite Model Look մրցույթին, այնուհետ տարբեր ցուցադրությունների ու նկարահանումների, այդ թվում՝ IQ եւ El Style ամսագրերի համար»:

Հեռու քաղաքականությունից՝ Առաքելյանն ամբողջությամբ իր գործի մեջ է: Ֆոտոմոդելի աշխատանքն ավելի հաճույքով է անում, ասում է՝ լուսանկարչական ապարատի առջեւ աշխատելը, կերպարանափոխվելն իրեն ավելի է գրավում, քան պոդիումում աշխատելը:

«Անկեղծ ասած, պոդիումի համար հասակս՝ 173 սմ, փոքր եմ համարում: Սովորում եմ Ռուսաստանի պետական տուրիզմի եւ սերվիսի համալսարանի երեվանյան մասնաճյուղում: Շատ եմ սիրում ճանապարհորդել, ահա թե ինչու ընտրել եմ հենց այս բուհը: Միշտ հետաքրքիր է ծանոթանալ այլ երկրների մշակույթին: Ինքս էլ շատ եմ ճանապարհորդել, եղել Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում»:

Եվրոպան, սակայն, չի գերել նրան այնքան, որ այնտեղ տեղափոխվի, Հայաստանում ավելի լավ է, աղջիկներն էլ՝ իր նման գեղեցիկ ու հմայիչ.

«Հայ աղջիկները վերջերս ավելի գեղեցիկ են դարձել, քան նախկինում, սկսել են իրենց ավելի շատ հետեւել ու խնամել: Օրինակ՝ Եվրոպայում կամ Ռուսաստանում աղջիկներն իրենց հագուստին ու շպարին այնպես ուշադրություն չեն դարձնում, ինչպես մեզ մոտ: Եվ դա գնահատելի է»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am