«Հայ Առաքելական Եկեղեցին նախարարություն չէ, որ վարչապետի որոշմամբ կաթողիկոսին հեռացնեք և իմքայլական նշանակեք». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

– Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին։ Այն բուռն քննարկումներ է առաջացրել վերջին օրերին։

– Գարեգին Բ կաթողիկոսը, ըստ իր ուղերձի, նկատի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը՝ անհանգստացած համաճարակային վիճակով։ Իհարկե, կարծում եմ նաև հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի անձը՝ որպես Հայաստանի երկրորդ նախագահ, հորդորել է փոխել նրա խափանման միջոցը։

Անկախ այն հանգամանքից՝ կաթողիկոսի ուղերձին համաձա՞յն ենք, թե՞ ոչ, պետք է հարգել ցանկացած կարծիք, իսկ իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ համարող հավատացյալ այրերը՝ առավել ևս։

– Արդյոք նմանօրինակ հայտարարությունները եկեղեցու կողմից աշխարհիկ կյանքին խառնվելու մասի՞ն չեն վկայում։

– Նայած, թե ինչ ենք հասկանում՝ «աշխարհիկ կյանքին միջամտել» ասելով։ Օրինակ՝ ամեն անգամ նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստին կաթողիկոսի ներկայությունն ու օրհնանքը աշխարհիկ, ավելին՝ պետական կյանքին միջամտությո՞ւն չէ արդյոք։ 

Կամ՝ 2008 թվականին կաթողիկոսի փորձը՝ հանդիպելու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նաև «էլեկտրիկ Երևան» ակցիայի, «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների ներկայությունը ցուցարարների և ոստիկանական պատնեշի միջև։ Այլ օրինակներ նույնպես կարելի է հիշել։

Այնպես որ, համաձայն չեմ այն տեսակետներին, թե Հայ Առաքելական Եկեղեցին չի միջամտել աշխարհիկ կյանքին։ Գուցե մեր հանրությունն ավելի՞ն է միշտ սպասել եկեղեցուց։ Սա արդեն այլ քննարկման հարց է։ 

Կարճ ասեմ, ես կարծում եմ, որ ինչպես կուսակցությունները, ՀԿ-ները, այլ կառույցներ, Հայ Առաքելական Եկեղեցին, նաև այլ կրոնական կազմակերպություններ նույնպես պետք է մասնակցեն, իրենց դիրքորոշումն ունենան հանրային կյանքում։ Բայց պետությունը պետք է լինի աշխարհիկ՝ հարգելով բոլոր անձանց կրոնական համոզմունքները։

– Հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ այլ կալանավորների խափանման միջոցը փոխելու մասին չի հայտարարել կաթողիկոսը, եթե այդքան մտահոգված է հասարակության բոլոր խավերի խնդիրներով։

– Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ հարցին անդրադառնար կաթողիկոսը, սակայն, Մայր Աթոռը բացատրություն տվեց, առ այն, որ Սուրբ Հարության օրը ՀԱԵ-ն հորդորում է իշխանությանը.

«Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։ 

– Իշխանությունների արձագանքն ինչպե՞ս եք գնահատում այս դեպքին։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարձրացրել է կաթողիկոսին հեռացնելու հարցը։

– Ինչ վերաբերում է իշխանությունների արձագանքին, ապա այն, ներեցեք, սպասելի էր։ Նրանք (ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը) 2018 թվականի ընտրություններում ունենալով ավելի քան 70% աջակցություն, իրենց անքննելի են համարում և չեն պատկերացնում, չեն հանդուրժում այլ՝ իրենցից տարբերվող կարծիք։ 

Ներեցեք, ինքս լինելով ոչ կրոնական անձ (ագնոստիկ)՝ հարգում եմ տարբեր կրոնական կառույցներն ու իրական հավատացյալներին։ Հարգում եմ նաև Հայ Առաքելական Եկեղեցին (հաշվի առնելով մեր պատմության ընթացքում նրա գործած նաև, իմ կարծիքով, սխալները)՝ որպես ավանդական հայկական մնայուն կառույց։ 

Հետաքրքիրն այն է, որ իրենց հավատացյալ, Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ համարող քաղաքական դեմքերը հանկարծ սկսեցին անվայելուչ արտահայտություններով այպանել իրենցից այլ կարծիք հայտնող կաթողիկոսին, ընդհուպ իրենց կարծիքով՝ վիրավորել, «հիշեցնելով» նրա դեռևս աշխարհիկ անունը։ 

Ուղղակի ծիծաղելի է, որ նրանք, իրենց կարծիքով, փորձում են կաթողիկոսին տարանջատել Հայ Առաքելական Եկեղեցուց։ Ցանկացած կրոնական ուղղություն հենց եկեղեցին է՝ իր սպասավորներով և առաջնորդով, ՀԱԵ-ի դեպքում՝ կաթողիկոսը։

Այդ մարդիկ ուղղակի պատկերացնում են, որ ՀԱԵ-ն պետք է հպատակվի իշխանությանն ու երբեք չհակադրվի։ Եվ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում կաթողիկոսին հեռացնել։ Այսինքն՝ իշխանությունը խառնվում է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին ինքնակառավարմա՞նը։ 

ՀԱԵ-ն ոչ միայն ՍԴ չէ, որի գործերին նույնպես խառնվելու իրավունք չունեք, առավել ևս նախարարություն չէ, որ վարչապետի որոշմամբ կաթողիկոսին հեռացնեք և իմքայլական նշանակեք։ 

Հավանաբար կուզենային նաև, որ, ինչպես միջնադարում, ՀԱԵ-ն հայտարարեր, որ իշխանությունը տրված է Աստծուց։ Ա՞յս է արդյոք այդ անձանց հավատացյալ լինելը։ 

Թե՞ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ և «հավատացյալ» լինելը ընդամենը ձևական տուրք է՝ հանրությանն ուղղված։ Հիշենք Հռոմի Պապի խոսքը. «Ավելի լավ է լինել աթեիստ, քան ձևական հավատացյալ»։

Ինձ կարող են հակաճառել. «Բայց չէ՞ որ նախկինում ՀԱԵ-ն չի հակադրվել իշխանությանը»։

Այո՛, և այդ պատճառով հանրության մեջ որոշակի դժգոհություն է եղել։ Այսինքն՝ մի կողմից դժգոհում ենք, որ առաջներում չի հակադրվել, այսօր էլ դժգոհում ենք, որ հակադրվո՞ւմ է։ Ինչ-որ իմաստով սա ինձ հիշեցնում է ՍԴ-ի պատմությունը։ Գուցե կաթողիկոսին գահընկեց անելու համար նույնպե՞ս հանրաքվե անեք, չէ՞ որ «օրենք» ընդունելու համար բավարար ձայներ ունեք։

Բայց, հարգելինե՛րս, չէ՞ որ դուք եք հայտարարել ժողովրդավարություն, ազատություն և այլն։ Այդ դեպքում ինչո՞ւ եք բոլորից, այդ թվում նաև՝ ՍԴ-ից և ՀԱԵ-ից հպատակություն պահանջում։ Գուցե այդ կառույցները հավատացե՞լ են ձեր հռչակած կարգախոսներին և գործում են ձեզնից անկախ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am