Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը. DefenseRomania-ն հրապարակել է դեսպան Մինասյանի հարցազրույցը

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև հարցի առնչությամբ Ռումինիայի դիրքորոշման ու ցուցաբերած մարդասիրական աջակցության վերաբերյալ: DefenseRomania ռազմաքաղաքական գործակալությունը փետրվարի 12-ին հրապարակել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը. ուժի աննախադեպ կիրառում, Թուրքիայի ներգրավվածություն, վարձկաններ և ժամանակակից սպառազինություններ» վերտառությամբ հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

-Ի՞նչպիսի հետևանքներ է ունեցել անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը:

-2020թ. սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններն աննախադեպ էին ինչպես գործադրված ուժի ծավալներով, այնպես էլ ռազմական գործողությունների իրականացման նոր մեթոդներով և օգտագործված ժամանակակից սպառազինություններով: Աննախադեպ էր նաև հարևան երկրի՝ Թուրքիայի, ներգրավումը Ադրբեջանի կողմից: Այն Ադրբեջանում տեղակայել էր Մերձավոր Արևելքից ժամանած միջազգային ահաբեկիչների, որոնք մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ ռազմական գործողություններին:

Փաստորեն, կարծում եմ, պատմության մեջ առաջին անգամ մենք բախվել ենք եվրոպական քաղաքական տարածքում միջազգային ահաբեկիչների օգտագործման ֆենոմենին. երբ ԵՄ գործընկեր պետություն հանդիսացող Թուրքիան, աջակցելով ԵՄ մեկ այլ գործընկեր և Արևելյան գործընկերության անդամ պետությանը՝ Ադրբեջանին, վարձկաններ է օգտագործում Լեռնային Ղարաբաղի հայերի և Արևելյան գործընկերության մեկ այլ անդամ երկրի՝ Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Եվ այդ մասին բազմաթիվ վկայություններ կան արված կարևոր քաղաքական առաջնորդների, պետությունների և ինստիտուտների կողմից, որոնցից ամենավերջինը Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի միջև անմիջական կապը փաստող փաստաթղթի ընդունումն է:

Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում ավարտվեցին 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փաստաթղթի ստորագրմամբ: Համաձայն այս հայտարարության՝ ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում և նախաձեռնել են շփումներ կողմերի միջև՝ բացելու հաղորդակցությունները:

Այնուամենայնիվ, սույն հայտարարության որոշ դրույթներ, մասնավորապես 8-րդ կետը, համաձայն որի գերության մեջ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և զինվորները պետք է ազատ արձակվեն, մասնակի են կատարվում Ադրբեջանի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ռազմագերիներ և խաղաղ բնակիչներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Ավելին, ռազմական գործողությունների ընթացքում գրանցվել են ռազմական և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների և անմարդկային վերաբերմունքի դեպքեր. ավերվել են ոչ միայն հայկական մշակութային և կրոնական նշանակության պատմաճարտարապետական հուշարձաններ, այլև քաղաքացիական շենքեր (օրինակ՝ հիվանդանոցներ, ծննդատներ, դպրոցներ և այլն): Այս հուշարձաններից որոշները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ու դրանց ճակատագիրն անհայտ է, ուստի և այդ խնդիրները մնում են համապատասխան կառույցների և կազմակերպությունների, այդ թվում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում:

-Ի՞նչ հեռանկարներ կան հակամարտության քաղաքական լուծման համար:

-2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության հիման վրա ռազմական գործողությունները դադարեցվել են և հաստատվել է հրադադարի ռեժիմ: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային տարրը՝ կարգավիճակի հարցը, պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահող երեք երկրների աշխատանքների շրջանակներում: Բոլոր երեք երկրներն էլ հաստատել են հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությունը` համաձայն իրենց կողմից մշակված հիմնարար սկզբունքների, ինչի խոսուն ապացույցը ԵԱՀԿ համապատասխան հայտարարությունն է, որը մեկնաբանել են նաև երեք համանախագահող երկրների ներկայացուցիչները:

Պակաս կարևոր չէ այն փաստը, որ, ինչպես և նախորդ տարիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների այս դիրքորոշումը սատարում են ԵՄ-ն ու ԵՄ անդամ պետությունները, ինչպես նաև եվրոպական կառույցները: Ինչպես արդեն նշեցի՝ Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերը, որոնց ավելացել են նաև Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման և Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության տարեկան զեկույցները, որոնք աջակցություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը ընդունվել է նույն սկզբունքով՝ հաստատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Այս հայտարարությունը կրկին ընդգծում է ռազմագերիների փոխանակման, մշակութային ժառանգության պահպանման և այլ մարդասիրական պահանջների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացմանը, ինչպես նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնական սկզբունքներում:

-Հակամարտության ընթացքում, բայց և դրանից հետո, Ռումինիան, ԵՄ այլ երկրների հետ միասին, կարևորում էին ԵՄ ավելի ակտիվ ներգրավվածությունը նախկին խորհրդային տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացներում:

– Իրավամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին ռազմական էսկալացիան հանգեցրեց ԵՄ գործընկեր երկրների սաստիկ արձագանքին, որոնք ձգտում են խուսափել զինված հակամարտություններում ռազմական գործողություններից, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ տարածքում:

Այս համատեքստում Ռումինիան հանդես է եկել մի առաջարկով, որին իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ տասը երկրներ, ելնելով ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելման և «գոյություն ունեցող ձևաչափի» շրջանակներում բանակցություններ վարելու վերաբերյալ ԵՄ ընդհանուր մոտեցումներից, որը Լեռնային Ղարաբաղի պարագայում հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը:

Այս համատեքստում,  կցանկանայի ընդգծել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ռումինիայի և ԵՄ մյուս երկրների կոչերը` անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները և վերադառնալու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, շնորհակալ ենք ռումինական կողմին նաև, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններից տուժած անձանց օժանդակելու նպատակով ցուցաբերած ֆինանսական աջակցության (30. 000 եվրո) համար: Ռումինիայի կողմից տրամադրված այս աջակցությունը, ի դեպ, ոչ միայն պետական մակարդակով, հումանիստական կարևոր ժեստ է: Հարկ է նշել, որ ռազմական գործողություններից տուժած անձինք ֆինանսական և հումանիտար աջակցություն են ստացել նաև ինչպես տեղական համայնքային կառույցների ներկայացուցիչների, այնպես էլ Ռումինիայի՝ ոչ միայն հայազգի քաղաքացիների ջանքերի շնորհիվ: Այս աջակցությունն ավելի քան կարևոր է՝ թեթևացնելու հակամարտությունից տուժածների դժվարությունները: