Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ միտված է առաջիկայում սպասվող կապիտուլյացիան արդարացնելուն. Քրիստինե Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթն ինչպե՞ս եք գնահատում, նորություն կա՞ր ձեզ համար այդ ելույթում։

– Սա նոր կապիտուլյացիայի քարոզչության հերթական արարն էր, որը պետք չէ այլ անուններով կոչել։ Նիկոլ Փաշինյանը պետք է ցուցմունք տա արդար ու անաչառ դատարանում, որը հաստատ չի վարելու Անդրանիկ Քոչարյանը։ 

Ինչ վերաբերում է ելույթին․ ո՞ւմ խոսքերն ենք ուզում մեկնաբանել մենք, մարդու, որը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին ասում էր, թե ինքը տեղեկություններ ունի, որոնք կկազմաքանդեն Ադրբեջա՞նը: Ինչպե՞ս կարող ենք նրա այս հինգ տարվա հայտարարություններից հետո դեմքի լուրջ արտահայտությամբ լսել նրան ու հավատալ, թե հնչել է ճշմարտություն, մի բան էլ քննարկենք դա։ 

Որևէ հիմք չունեմ հավատալու նրա որևէ ասածի, իրեն հասցրել են հերքել համանախագահներից մինչև ՌԴ նախագահ, մինչև ԵՄ ներկայացուցիչ։ Իրենց կողմից նախաձեռնված ցանկացած բան նպատակ ունի Արցախի շրջափակումն անուշադրության մատնելու ու իրենց կողմից ստորագրվելիք փաստաթուղթը արդարացնելու։ Հետևաբար կարևոր եմ համարում, որ ուշադրության կենտրոնում պահենք ընթացող գործընթացները, այն կտրվածքով, որ կարողանանք դա կանխել՝ առանց փորձելու ճշմարտության հատիկ գտնել բացարձակ ստերի մեջ։

– Սույն թվականի հունիսի 27-ին արդեն հարցուպատասխանի ձևաչափով է լինելու հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ու քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց ձեզ՝ ընդդիմությանը, «բաց չթողնել հնարավորությունն ու ձեր անսահմանափակ հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին», գնալո՞ւ եք։

– Քննիչ հանձնաժողովին մասնակցության ձևաչափի մասին մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք ոչ թե երեկվա հայտարարությամբ, այլ այդ հանձնաժողովի ձևավորման ամենասկզբում, ու դրա հիմքում ընկած է պարզ տրամաբանություն, որ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը չեն կարող արդարացի քննել 44-օրյա պատերազմի իրադարձությունները և գալ անկողմնակալ եզրակացության, հետևաբար մեր մասնակցության իմաստը չենք տեսնում։ 

Այդ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը լինելու է հետևյալը․ մեղավոր են նշանակվելու բոլորը, այդ թվում նաև՝ ՔՊ-ի թիմակիցները, բացի Նիկոլ Փաշինյանից: Երբ պարզ է, թե այս ամենն ինչի համար է արված, ու վերջնարդյունքը որն է, մասնակցության իմաստը ո՞րն է։ Այս պահին ուժի մեջ են բոլոր արված հայտարարությունները, որոնք երեկ վերահաստատվեցին։

– Անկախ ձեր նշած վերջնարդյունքից, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ պետք է գնալ ու հարցեր ուղղել, որ Նիկոլ Փաշինյանին, ինչպես ասացիք, չպաշտպանեն Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը, թող ընդդիմությունը հարցեր տա, որ Փաշինյանը չկարողանա պաշտպանվել, տիկի՛ն Վարդանյան, այլապես ձեր այս որոշումը հանրությանը հանգեցրել է կարծիքի, որ խորհրդարանական ընդդիմություն մեզանում չկա։

– Հանրության մեջ ինչպես այս, այնպես էլ այլ թեմաներով կան տարբեր կարծիքներ, կողմերն ունեն իրենց փաստարկները ու կարծիք ունենալու իրենց իրավունքը։ Մենք այս պահին փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել բանակցային գործընթացը, որը հիմա է ընթանում, ու որն առաջիկայում պայմանավորելու է մեր ապագան։ 30 տարի առաջվա բանակցային գործընթացի նյուանսների մեջ հիմա խորանալ՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, նպատակահարմար չենք գտնում, ի վերջո, ինչ եղել-չի եղել, բայց Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չի ստորագրել։ 

– Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն ընտրել հրապարակային ձևաչափը:

– Որովհետև սա քարոզչական արար է՝ արդարացնելու առաջիկայում սպասվող զիջումները, հանրությանը պետք է ներշնչվի անկարողության զգացողություն, որ մենք պաշտպանվելու որևէ ռեսուրս չունենք, 44-օրյա պատերազմի բոլոր բացթողումները պետք է քողարկվեն ուրիշների թերացումներով, որ հետո ասեն, եթե մենք չանենք այն, ինչ Ադրբեջանն է ուզում՝ Հայաստան չի լինելու։ Հայաստանում հիմա ընթանում է երբևէ ամենաթանկարժեք քարոզարշավը, որի համար վճարում ենք արյամբ։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ միտված է առաջիկայում սպասվող կապիտուլյացիան արդարացնելուն։ 

– Իսկ ընդդիմությանը կհաջողվի՞ կանխել այդ զիջումները, որոնց մասին ասում եք։

– Պետք է հաջողվի, իրականությունը մեզ այլընտրանք չի թողնում, դա կենսական հարց է, ու պետք է հաջողենք։ Սրան չպետք է խանգարեն մեր նախկինում չհաջողելու փորձերը, մենք բոլոր ուժերը պետք է մոբիլիզացնենք մեր նպատակին հասնելու համար։ Ուժերի ներածին չափով փորձենք, անկարելին կարելի դարձնենք։ Կարևոր են, թեկուզ քիչ թվով, բայց կրիտիկական հավատացողները, իսկ ես վստահ եմ, որ նրանք կան, ու հենց նրանք էլ պետք է կարողանան իրականություն դարձնել այժմ անիրական թվացողը, սա իմ մոտեցումն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am