«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, ռուսական հումանիտար օգնությունն Աղդամի ճանապարհով մուտք գործեց Ստեփանակերտ, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
– Կան խոսակցություններ, թե բացվելու է նաև Բերձորի միջանցքը, եթե իսկապես Բերձորի միջանցքը բացվելու է, ու հնարավոր է լինելու զուգահեռաբար ապրանքաշրջանառություն իրականացնել նաև այդ ճանապարհով՝ ոչ հումանիտար հիմունքներով, ապա կարելի է դրական գնահատել:
Այնուամենայնիվ այն, որ առանց Բերձորի ճանապարհը բացելու, Աղդամի ճանապարհով մեքենա է անցնում, ու այն, որ ըստ որոշ տեղեկությունների, այդ ճանապարհը փակած մարդկանց նկատմամբ Արցախի իշխանություններն ուժ են գործադրել, մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս, հաշվի առնելով, որ նմանօրինակ դրսևորումների հետևանքով միջազգային հանրության մոտեցումն Արցախի նկատմամբ չի փոխվի, ու, կարելի է ասել, որ Արցախը ևս մեկ քայլ հեռանում է Ադրբեջանից դուրս գոյություն ունենալու հեռանկարից:
– Նկատի ունեք, որ սա, այսպես կոչված, ինտեգրմանն ուղղված քա՞յլ էր:
– Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հաշվի չառնենք ինտեգրումը՝ որպես սրա հետևանք, ապա Արցախի բացահայտ կողմնորոշումը դեպի ավտորիտար աշխարհ, այս դեպքում՝ դեպի Ռուսաստան ու նաև դեպի Ադրբեջան, հեռացնում է այն տեսլականը, որ հնարավոր է միջազգային հանրությունը Արցախի ժողովրդի փրկության համար ինչ-որ ժամանակ որոշ գործիքներ կիրառեր:
Իհարկե, ընտրություն կատարողը Արցախի ժողովուրդն է, ու կարծես թե հենց նրանք էլ ընտրել են այն ճանապարհը, որով գնում են: Բայց պետք է հաշվի առնել նաև սրա բացասական հետևանքները, որոնցից գլխավորն այն է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարական զարգացման ճանապարհը, ու այստեղ ակնհայտ խզում է առաջանալու Հայաստանի ու Արցախի թե՛ իշխանությունների, թե՛ ժողովուրդների միջև:
– Պարո՛ն Ղևոնդյան, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, Իլհամ Ալիևը մեզ ասում է, որ այլևս կարգավիճակի հարց չկա, մենք ի՞նչ ասենք, ասելու բան չկա»: Այս հայտարարությունը որքանո՞վ է պայմանավորված վերջին օրերին հայկական կողմից հնչող քննադատություններով՝ ուղղված Ռուսաստանին, թե՞ Պուտինի ասելիքի մեսիջը բոլորովին այլ է:
– Ակնհայտ մանիպուլյացիա է Ռուսաստանի նախագահի կողմից, հասկանալի է, որ ռուսական խաղաղապահ զորակազմն այնտեղ է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային վեճի տրամաբանությունից ելնելով, ինչի մասին, օրինակ՝ օրեր առաջ շատ բարձր հայտարարում էր Ռուսաստանում քաղաքական գործիչ դարձած Սոբչակը:
Սա տարածքային վեճ չէ ու չի եղել երբեք, իսկ Պուտինի հայտարարությունը ակնհայտ վերաբերում է տարածքային վեճին, որովհետև եթե Հայաստանը չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, ապա Ռուսաստանի կողմից կենթադրվեր, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Հայաստանի մաս:
Այնուամենայնիվ, ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախությունը որևէ կապ չունեն, թե Հայաստանն Արցախն ի՛նչ է ճանաչում, ու ռուսական խաղաղապահ զորակազմը եկել է այնտեղ Արցախի ժողովրդին պաշտպանելու և պատերազմ թույլ չտալու, այլ ոչ թե Հայաստանի մի հատվածի ու Ադրբեջանի միջև խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Ի վերջո, Հայաստանը չէր Արցախը հռչակել Ադրբեջանից դուրս, իսկ Արցախը՝ անկախ պետություն, դա Արցախի ժողովուրդն է արել:
Ստացվում է, որ Ռուսաստանի իշխանության համար կարևոր չէ, թե ի՛նչ է ասում ու մտածում Արցախը, նրանց համար էական է այն, թե ինչ է խոսում Հայաստանը: Սա մանիպուլյացիա է, որի հիմնական նպատակն այն է, որ Արցախի խնդիրը չդիտարկվի տարածքային վեճից դուրս, որովհետև այդ կերպ կարելի էր իմ նշած փրկության, անջատման, ինքնորոշման խնդիրներ բարձրաձայնել:
– Ստացվում է, որ Ռուսաստանի ղեկավարությո՞ւնն էլ Արցախն Ադրբեջանից դուրս գոյություն ունենալու հեռանկար չի դիտարկում:
– Ակնհայտ էր դա, գոյություն ունի Լավրովի պլան 2-ը, որը այլ կերպ, քան պետության մեջ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանում անվանել չի կարելի, և որն իրականում արտագրություն էր միջազգային իրավունքից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունը Արցախը դիտարկում է որպես Ադրբեջանի մի հատված, որտեղ ապրում են այլ էթնիկ պատկանելության մարդիկ և ունեն նույնպիսի իրավունքներ, ինչպիսիք Ադրբեջանի տարածքում ապրող թալիշներն ու այլք:
-Ու այդ «այլ էթնիկ պատկանելության» անձանց անվտանգությունն իրե՞նք պետք է ապահովեն:
– Չեմ կարծում, թե Ռուսաստանը ցանկանում է Արցախի խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծվելու դեպքում շարունակել Արցախի անվտանգությունն ապահովել: Ամենայն հավանականությամբ, սա ուղղակի բեռ կլինի Ռուսաստանի համար, ու իրենք այս խնդիրը կհանձնեն իրենց դաշնակից Ադրբեջանին՝ խորհուրդ տալով, ինչպես Պուտինն է իր հայտարարության վերջում նշում, ավելի մեղմ ձևով իրականացնել այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը: Բայց չեմ կարծում, որ կոչերից այն կողմ անցնեն, եթե Ադրբեջանը որոշի էթնիկ զտումն իրականացնել հատու, այլ ոչ թե մեղմ ձևով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am