Պետք է աշխատենք, որ աշխարհի պետությունների ղեկավարները, կառավարությունները և խորհրդարանները ճանաչեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ընդհուպ ԼՂՀ-ն

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սիրելի քաղաքացիներ,

Ինչպես գիտեք, աշխարհն ու մենք պայմանավորվել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա․

1. ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում (Ալիևը սրա հետ մեծ խնդիրներ ունի․ ահավասիկ՝ այս նոր պատերազմը)

2. տարածքային ամբողջականություն

3. ժողովուրդների ինքորոշում։

Վերջին երկու սկզբունքները միաժամանակ կիրառելը դժվարագույն խնդիր է, սակայն մենք պետք է աշխարհի հետ խոսենք միջազգային իրավունքի երբեմն խրթին լեզվով և բացատրենք մեզ համար պարզ թվացող իրողությունները։

Այսպես․Տեսականորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կարելի է իրացնել երկու եղանակով. «ներքին» ինքնորոշում, օրինակ՝ ինքնավարության միջոցով և «արտաքին» ինքնորոշում, այսինքն՝ անկախության միջոցով:Ներքին ինքնորոշումը կենսունակ լուծում է այն դեպքում, երբ պետությունը (տվյալ դեպքում Ադրբեջանը) հարգում է ինքնորոշվող ժողովրդի իրավունքը՝ ապահովելով այդ ժողովրդի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները և ամենակարևորը՝ այդ ժողովրդի անվտանգությունն ու անհատների կյանքի իրավունքը։

Միջազգային իրավունքը արտաքին ինքորոշումը ընդունելի է համարում միայն մի դեպքում՝ երբ ինքնորոշվող ժողովուրդը չի կարող իրացնել իր իրավունքը մեկ այլ պետության մեջ, քանի որ այդ պետության (տվյալ դեպքում Ադրբեջանի) մեջ լինելը սպառնում է տվյալ ժողովրդի անվտանգությանը և անհատների կյանքի իրավունքին:Այս նոր պատերազմը աշխարհին ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը և այնտեղ ապրող անհատների կյանքի իրավունքը կարելի է ապահովել միայն արտաքին ինքորոշման միջոցով, որովհետև «համակեցությունը», որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, «համակեցություն» է ահաբեկիչների հետ և կասետային ռումբերի ներքո։

Եվ ուրեմն մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ աշխարհի պետությունների ղեկավարները, կառավարությունները և խորհրդարանները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը և ընդհուպ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի պատերազմն ու ահաբեկչությունը, որը Ալիևն ու Էրդողանը վարում են Լեռնային Ղարաբաղի դեմ, զսպելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և այնտեղ ապրող անհատների կյանքի իրավունքը ապահովելու համար ստեղծվեն հավելյալ երաշխիքներ։

Մենք պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որ աշխարհում առանձին անհատներ, քաղաքացիական հասարակություններ և ժողովուրդներ իրենց պետությունների ղեկավարներին, կառավարություններին և խորհրդարաններին կոչ անեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ընդհուպ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունը հաղթեն բռնատիրությանը, բռնությանը և ահաբեկչությանը: