Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ Գյումրիում մահացած բժշկի մասին

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն հանդես է եկել հայտարարությամբ՝ իր խորին վիշտը հայտնելով Գյումրիում արձանագրված բժշկի սպանության դեպքի կապակցությամբ նաև խոստացել է հետևողական լինել մեղավորներին պատժելու հարցում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է .

«Այսօր ողջ բժշկական հասարակությունը և, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին:

Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ մնալով բժշկի երդմանը, շարունակել է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ և որպես առողջապահության նախարար իմ խորին վիշտը և խիստ վրդովմունքն եմ հայտնում այս երևույթի նկատմամբ:

Հավատացնում եմ, որ հետևողական կլինեմ, որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Խնդրում եմ բոլոր իրավապահ մարմիններին ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին: Կարծում եմ, որ իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա:

Իմ և ողջ բժշկական հասարակության անունից խորին ցավակցությունն եմ հայտնում բժիշկ Աշոտ Գրիգորյանի ընտանիքին ողբերգական մահվան կապակցությամբ:»

© Medialab.am