«Մարդիկ դեռևս ուշքի չեն եկել պատերազմի ծանր հարվածից». Աղասի Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

– Լաչինի միջանցքը փակ է ավելի քան 40 օր, Արցախում հումանիտար աղետ է, Ադրբեջանը պարբերաբար գազամատակարարումն է դադարեցնում, կտրոններով են մարդիկ ուտելիք գնում: Այս ամենի նկատմամբ Հայաստանի հանրությունը արդյո՞ք անտարբեր չէ, շատերը դժգոհում են, թե հանրությունը բողոքի ձայն չի բարձրացնում, ակցիաներ չեն արվում և այլն: Ի՞նչ կարծիքի եք դուք:

– Ինչու մարդիկ փողոց դուրս չեն գալիս. պատճառները մի քանիսն են: Մեկն այն է, որ մարդկանց թվում է, թե այդ խնդիրը Երևանում լուծվելիք խնդիր չէ, և իրենց փողոց դուրս գալը չի ազդելու կամ անմիջական ազդեցություն չի ունենալու խնդրի լուծման վրա: Այսինքն՝ մարդիկ հասկանում են, որ եթե դուրս եկան, միտինգներ արեցին, Ադրբեջանը դրանց չի արձագանքելու ու բացի միջանցքը:

Մյուս պատճառն այն է, որ մարդիկ անտարբեր են, և անտարբերությունը կարող է սոցիալ-հոգեբանական պատճառներ ունենալ: Դա այն է, որ երկար ժամանակ գտնվում են հոգեբանական ծանր վիճակում:

– Պատերազմից հետո՞ նկատի ունեք:

– Այո՛, պատերազմից հետո մարդիկ հոգեբանական փախուստի ձև են գտել, որպեսզի կարողանան էմոցիոնալ առումով դիմանալ: Սա իմ ենթադրությունն է, և հստակ իրավիճակ ներկայացնելու համար պետք է հետազոտություն անել:

Քաղաքական հարթությունում էլ խնդիր կա: Մարդկանցից շատերը չեն տեսնում այն քաղաքական ուժը, որին կարելի է վստահել որպես առաջնորդի:

Բայց գլխավոր պատճառը, կարծում եմ, այն է, որ շատերը պարզապես հասկանում են, որ խնդիրն ավելի շատ միջազգային հարթության ոլորտում լուծելիք խնդիր է, ոչ թե Հայաստանի, այլ ավելի գլոբալ խնդիրների հետ է կապված Լաչինի միջանցքը:

– Սփյուռքն էլ, կարծես, ակտիվ չէ, պարո՛ն Թադևոսյան: Սովորաբար նման դեպքերում տարբեր երկրներում հայկական սփյուռքի ներկայացուցիչները լոկալ ակցիաներ էին կազմակերպում, պահանջներ ներկայացնում: Այս անգամ հատուկենտ նման ակցիաներ եղան: Ինչո՞ւ:

– Ընդհանրապես, մարդիկ պատրաստ չեն տարերայնորեն ինքնակազմակերպվելու, շատ հազվադեպ է, որ մարդիկ ինքնաբուխ են կազմակերպվում: Հիմնականում մարդկանց կազմակերպողներ են լինում:

Ենթադրում եմ այս դեպքում ներքաղաքական տարբեր շահերի բախումներ կան, որը նաև արտացոլվում է սփյուռքում: Սփյուռքում այն ուժերը, որոնք կարող էին մարդկանց կազմակերպված ձևով փողոց հանել, շահագրգռված չեն նման շարժումներ կազմակերպելու: Եվ այդ ուժերը, որոնք նաև Հայաստանում են, գործող կառավարության կամ իշխանության հետ տարաձայնություններ ունեն: Այդ պատճառով էլ այդ ուժերը հակված չեն կազմակերպելու սփյուռքին, քանի որ դա դիտում են որպես օժանդակություն գործող իշխանությանը:

– 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն էլ են խոսում հանրային անտարբերության մասին. օրերս բողոքի ակցիայի ժամանակ նրանցից մեկը հռետորական հարց էր հնչեցնում՝ «ժողովո՛ւրդ, ինչո՞ւ եք լռում, վաղը-մյուս օրը ձեր երեխեն էլ կարող է նույն խնդրի առաջ կանգնի»:

– Ես կարծում եմ, որ այդ վիճակը հիմնականում առաջացել է պատերազմից հետո: Մարդիկ դեռևս հոգեբանորեն ուշքի չեն եկել պատերազմի ծանր հարվածից: Եվ շատերի մեջ դեպրեսիվ վիճակ է, և այդ դեպրեսիվ վիճակում մարդիկ շատ ավելի պաշտպանական վարքագիծ են դրսևորում:

Բացի այդ, մարդիկ ուղղակի այս պահին փողոցում չեն տեսնում որևէ վստահելի քաղաքական ուժ կամ առաջնորդող ուժ և այդ պատճառով էլ անիմաստ են համարում փողոց դուրս գալ:

Տարերային դուրս գալը արդյունավետ չեն համարում, իսկ կազմակերպված դուրս գալու տեսանկյունից էլ կազմակերպիչները պարզապես հանրային վստահություն չեն վայելում:

Խոսքս հիմնականում վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, որը ներկայացնում են այն ուժերը, որոնք մինչև 2018 թվականը Հայաստանում պարզապես զբաղվել են թալանով:

– Պարո՛ն Թադևոսյան, ստիպված եմ համեմատություն անցկացնել, կներեք, բայց նախկինում, երբ բանակում նման դեպք լիներ, ինչպես 15 զինծառայողների մահվան դեպքն է, քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվ կլինեին, ակցիաներ կկազմակերպեին, պահանջներ կներկայացվեին կառավարությանը, սակայն հիմա քաղհասարակությունը ակտիվ չէ: Ի՞նչ է պատահել, չէ՞ որ խնդիրը մնացել է, չի լուծվում:

– Այո՛, ձեզ հետ համաձայն եմ, շատ կարևոր դիտարկում եք անում: Խնդիրն այն է, որ մինչև 2018 թվականը քաղհասարակությունն այլ էր, հիմա այլ է: Այսինքն՝ քաղհասարակության ակտիվիստների այն հիմնական մասը, որը հարցեր էր բարձրացնում, ներկայումս կառավարության կազմում են, իշխանության մաս են: Ակտիվ հարց բարձրացնողների թիվը կրճատվել է:

Մյուս կողմից էլ՝ մեր հասարակությունը ասես տրամադրված չէ մեր քաղհասարակությանը արձագանքելու, որովհետև 2018-ից հետո նախկին իշխանությունների ստեղծած և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակական կազմակերպությունները լուրջ աշխատանք էին տանում դավադրապաշտական կարծիք ստեղծելու քաղհասարակության հանդեպ: Ցավով պետք է ասեմ, որ դա նրանց հաջողվում էր. նրանք ուղղակի զբաղված էին քաղհասարակության վարկանիշի անկմամբ: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ 2018-ի իշխանափոխությունը նաև հնարավոր դարձավ քաղհասարակության ջանքերի շնորհիվ:

Հայաստանի քաղհասարակությանը հեղինակազրկելու հարցում մեծ դեր է իրականացնում ռուսական գործակալական ցանցը, որը շատ ակտիվ է գործում 2018-ից հետո:

– Ընդհանուր առմամբ, պարո՛ն Թադևոսյան, Ազատ գյուղում զորամասի կացարանում բռնկված հրդեհը ու դրա հետևանքով 15 զինծառայողները մահը ինչի՞ հետևանք էին՝ պետության թերացմա՞ն, թե՞ անփութության:

– Պատճառները մի քանիսն են, բայց գլխավոր պատճառը, իհարկե, պետության թերացումն է: Առաջին մեղավորը պատկան մարմիններն են, որովհետև բանակում ջեռուցման նման պայմաններ պարզապես անթույլատրելի են:

Պետք է լիներ ջեռուցման այնպիսի պայման, ինչպիսին, օրինակ՝ Հայաստանի բնակչության տներում է:

Սա մտածողություն է, մոտեցում է, որը գալիս է սովետական շրջանից: Մեր բանակը դեռևս սովետական տիպի բանակ է, որտեղ ջեռուցումը, զինվորի նկատմամբ հոգատարությունը, խնամքը, նրա բարեկեցությունը շատ անտեսված էին: Մարդը սովետական բանակում արժեք չէր ներկայացնում, ինչպես, օրինակ՝ այսօր ռուսական բանակում է: Այդ մոտեցումն է գլխավոր պատճառը, և տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր, որովհետև եթե մարդը կարևոր արժեք համարվեր, զինվորը նույնպես կդիտարկվեր որպես մարդ, ու նրա կեցության պայմանները չէին լինի մի կերպ գոյատևելու պայմաններ:

– Զինծառայողների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո մեր շատ զրուցակիցներ տարակուսած են, ասում են՝ եթե, օրինակ՝ ԱՄՆ-ում մի սևամորթի նկատմամբ բռնություն է տեղի ունենում (խոսքը սևամորթ Էրիք Գարների աղմկահարույց սպանության մասին է, որը սպանվեց սպիտակամորթ ոստիկանի կողմից), օրեր շարունակ բողոքի ցույցեր են, դժգոհության մեծ ալիք է բարձրանում, որը տարածվում է տարբեր նահանգներում: Սակայն, տեսեք՝ 15 երիտասարդների մահվան դեպքում Հայաստանում լռություն է: Ինչպե՞ս հասկանալ:

– Հայաստանում այդպիսի հանրային բողոք չի կարող լինել, ինչպես եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում: Պատճառը պարզ է՝ հայաստանյան հասարակությունը դեռևս բավականաչափ ժողովրդավարական չէ և չունի բավականաչափ քաղաքացիական կազմակերպվածության մակարդակ: Նման կազմակերպված բողոքները քաղաքացիական արժեքներ ունեցող և քաղաքացիական կազմակերպվածությամբ գոնե միջինից բարձր մակարդակ ունեցող հասարակություններն են կարողանում անել:

Հայաստանի հասարակությունը հետխորհրդային է և դեռևս նման մակարդակի չի հասել: Այդ պրոցեսը դեռ զարգացման փուլում է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am