Լերմոնտովո գյուղի բնակիչը «օտարազգի» բույսեր է աճեցնում. «Սա ինձ համար ընդամենը հոբբի է»

Լերմոնտովո գյուղի բնակիչը «օտարազգի» բույսեր է աճեցնում. «Սա ինձ համար ընդամենը հոբբի է»
Լերմոնտովո գյուղի բնակիչը «օտարազգի» բույսեր է աճեցնում. «Սա ինձ համար ընդամենը հոբբի է»

Լոռեցի 62-ամյա Արամ Նազարյանը հանրապետությունում առաջինն է, ում տնամերձ հողամասում ավանդական լոլիկի ու կարտոֆիլի կողքին իրենց արմատներն են ձգել աշխարհի տարբեր երկրներից բերված բուսատեսակները:
«Հայաստանում ես առաջինն եմ այս բույսերի աճեցմամբ զբաղվել, հիմա արդեն ուրիշներն էլ կլինեն, բայց նրանց թիվը մեծ չէ»,- ասում է նա:

220 մետր մակերեսով փոքրիկ հողամասը Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակչի ամենասիրած վայրերից մեկն է:

Լերմոնտովոն Երևանից հեռու է 150 կմ: Գյուղը հայտնի հիմնականում իր մոլոկան բնակիչներով:

Նազարյանն ասում է, որ 14 տարվա համառ աշխատանքի արդյունքում օտար կլիմայի պայմաններում աճող բույսերը հարմարվել են Լերմոնտովոյի խիստ կլիմային ու տեղ գտել արևի տակ:

Արամ Նազարյանը տասնյակից ավել յուրահատուկ բույսեր է աճեցնում՝ բրոկոլի, ցուկինի, ծնեբեկ, ափսեադդում (պատիսոն), ճապոնական սերկևիլ, բարբարիս, պեկինյան կաղամբ, տերևային ճակնդեղ, պրասա սոխ, ցողունակաղամբ: Ամեն օր խնամքով մշակում է բույսերը, ձեռքով մաքրում միջատներից, փայփայում և ուրախանում ամեն մի թփի մեծանալու համար:

«Երբեք պարարտանյութ չեմ օգտագործել, միջատներն էլ ձեռքով եմ հավաքում: Բնականաբար, հեշտ է դեղ տալ ու վերջ, սակայն ես կողմ եմ առողջ սննդին, պարարտանյութով մշակված բույսերի համը միանգամից տարբերում եմ, չեմ կարողանում ուտել, քիմքս նրբացել է»,- ասում է իր ցանկությամբ բանջարաբուծության նրբություններն ուսումնասիրող մասնագիտությամբ նկարիչ Նազարյանը:

1996 թվականն էր, երբ Վանաձորից կնոջ հետ տեղափոխվեց Լերմոնտովո գյուղ ապրելու ու որոշեց յուրահատուկ բույսեր աճեցնել:

«Պատահաբար իմացա, որ գյուղում տուն են վաճառում, ոգևորվեցի, որ գյուղում պիտի ապրեմ, վաճառեցի Վանաձորի մեկ սենյականոց բնակարանը ու գնեցի էս տունը»,- պատմում է նա:

«Ինքնաբուխ է եղել որոշումս: Հողամասը տեսա, որոշեցի յուրահատուկ բույսեր աճեցնել, մյուսները կարող ենք շուկայից գնել, էլ ինչի՞ աճեցնեմ, ստանդարտ բաներ չեմ սիրում»,- ասում է նա:

Հողագործության գաղտնիքները ինքնուրույն է յուրացրել, անընդհատ կարդացել է, ուսումնասիրել՝ թե որ բույսը երբ է պետք ցանել:

Նրա երկու որդիները արտերկրում են ապրում: Անհրաժեշտության դեպքում հողագործությունը սիրող իրենց հոր համար գրքեր են ուղարկում, և այն բույսերի սերմերից ու արմատներից, որոնցով հայրը հետաքրքրվում է:

Ասում է, որ հողի հետ աշխատելիս պատասխանատվություն ու խելք է պետք:

«Մեր կլիմային սովոր բույսեր չեն, պետք է անընդհատ հետևես, միակ պայմանը հետևողական խնամքն է և ճիշտ ժամանակին ցանելը»:

Արամ Նազարյանը ոչ միայն աճեցնում, այլև դրանցով կրկնակի սիրով համեղ կերակուրներ է պատրաստում: Ամենաշատը հավանում է ցուկինիով տոլման, բրոկոլիի տերևների հյութն է´լ ավելի հաճելի է դարձնում տոլմայի համը:

Նրա խոսքով` թեև նման բանջարեղեն աճեցնելը շահավետ է, սակայն ինքը չի ցանկանում գործ դնել:

«Սա ինձ համար հոբբի է: Ես ընդամենը սիրողական աճեցնում եմ, հաճելի է բնության հետ շփումը»:

Արամ Նազարյանը շատ անգամ է Լերմոնտովոյի իր համագյուղացիներին, որոնք հիմնականում կարտոֆիլ, գազար, լոբի ու կաղամբ են աճեցնում, խորհուրդ տվել իր պես «օտարազգի» բույսեր աճեցնել. կհարստանան, մի կտոր հացից ավելի կվաստակեն:

«Մի կապ ծնեբեկը 1000 դրամ արժե, էս ժողովուրդը, եթե մի քիչ խելքը գլխին լիներ, մեծահարուստ դարձած կլիներ, բայց չեն սիրում փոփոխություններ անել, նորարար չեն, անընդհատ պրիմիտիվ, ստանդարտ նույն բանն են մշակում: Ժողովուրդը պետք ա պահանջ ունենա, որ ձգտի փոփոխության»:

62-ամյա Լերմոնտովոյի բնակչի աճեցրած յուրահատուկ բույսերով շատերն են հետաքրքվում, այցելում են, հիանում այգով:

Արամ Նազարյանն իր հյուրերին ձեռնունայն չի ճանապարհում. ոչ միայն հյուրասիրում է յուրահատուկ բույսերով պատրաստված էկզոտիկ կերակուրներ, այլև իր աճեցրած բույսերից նրանց էլ է տալիս՝ թող տանեն, տնեցիներն էլ ուտեն, ուրախանան:

«Որ էսքան էլ աճում ա, դրա վրա էլ պիտի զարմանանք»,- ասում է նա:

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am