«Պուտինը սխալվեց, մենք պատրաստ էինք». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես եկավ տարեկան իր ուղերձով, ուր խոսեց Ուկրաինայի հակամարտության, եվրոատլանտյան անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ԱՄՆ Կոնգրեսում ավանդական ամենամյա ուղերձը՝ հայտնի որպես «State of the Union Address», որտեղ ամերիկյան առաջնորդներն անդրադառնում են երկրի կարևորագույն ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտի խնդիրներին, տեղի էր ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում: Ուկրաինան նախագահի ուղերձի առաջնային և առանցքային տեղում էր.

«Վեց օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց սասանել ազատ աշխարհի հիմքերը՝ կարծելով, որ այն տեղի կտա իր սպառնալիքներին: Սակայն նրա հաշվարկը ամբողջապես սխալ էր: Նա կարծում էր, որ կարող է ներխուժել Ուկրաինա, և աշխարհը կհանդուրժի: Փոխարենը, սակայն, նա հանդիպեց ուժեղ մի պատնեշի, որը երբեք չէր պատկերացնի: Նա հանդիպեց ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարեց նախագահ Բայդենը:

Ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը ողջունեց ԱՄՆ Կոնգրեսի դահլիճում ներկա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովային, ով նստած էր պատվավոր հյուրերի համար նախատեսված հատվածում: Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին, շեշտեց ԱՄՆ-ի նախագահը։

Խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման մասին՝ նախագահ Բայդենը ընդգծում է՝ Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած վերջին հարձակումը «կանխամտածված է և չհրահրված»:

«Նա (Պուտինը) մերժել է դիվանագիտական շարունակական ջանքերը։ Նա կարծում էր, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել մեր տանը։ Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք»,- հայտարարեց Բայդենը:

Նախագահը նշեց, որ Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ այս ընթացքում տնտեսական, ռազմական ու մարդասիրական զգալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինային: Շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ուղիղ աջակցություն է տրամադրվել Կիևին: Նախագահը վճռական է՝ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցույց տալ ուկրաինացիներին՝ իրենց երկիրը պաշտպանելու համար:

Բայդենը կարևորեց Ռուսաստանի նկատմամբ միասնական ծանր պատժամիջոցների կիրառումը: Ազատ աշխարհն այսօր պատասխանատվության է ենթարկում Պուտինին, ասում է նախագահը՝ շեշտելով, որ ընդունված պատժամիջոցները ուժեղ հարված են հասցնում Ռուսասատնի տնտեսությանն ու ֆինանսական հատվածին:

«Մենք հարվածում ենք Ռուսաստանին և այսպիսով աջակցում Ուկրաինայի ժողովրդին: Պուտինն այսօր ավելի քան երբևէ մեկուսացված է աշխարհից»,- հայտարարել է նախագահ Բայդենը:

Նա նաև անդրադարձավ Եվրոպայում ամերիկյան բանակային հավելյալ ուժեր տեղակայելու իր որոշմանը՝ ընդգծելով, սակայն, որ այդ ուժերի տեղակայումը միտված չէ ուկրաինական հակամարտությանը մասնակցելուն, այլ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների սահմանները պաշտպանելուն, եթե Պուտինը որոշի շարժվել դեպի Արևմուտք:

«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի երկրների տարածքի յուրաքանչյուր թիզ մեր հավաքական միության ողջ ներուժով»,- հայտարարեց Բայդենը:

Ուղերձում նախագահն անդրադարձավ նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, համավարակի արդյունքում տուժած տնտեսության վերականգմանն ու իր վարչակազմի ձեռնարկած քայլերին, սոցիալական հարցերին: Անդրադարձ եղավ նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված իր ծրագրին, գործազրկության կրճատմանը, երկրում սղաճի զսպմանն ու այս ուղղությամբ իր վարչակազմի նախաձեռնություններին: Նախագահն ընդգծեց ամերիկյան արդյունաբերության զարգացման կարևորությունը՝ առանձնացնելով մի շարք արդյունաբերական ճյուղեր, ներառյալ բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու էլեկտրոնային ավտոմեքենաշինությունը: Նա կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին ընդունել «Ինովացիոն ակտ», որը կխրախուսի ներդրումներն ամերիկյան բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներում: