Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեի նկատմամբ քարոզարշավի ընթացքում մահափորձ է իրականացվել

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից: Հնչել է երկու կրակոց:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են:

Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին: Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում:

Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում: