Հայաստանում ՀՆԱ-ի 3.3%-ով անկմանը զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 1.5%-ով աճ

Այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 96.7%: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից այսօր հրապարակված տեղեկագրից:

Ըստ աղբյուրի, ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1 284 086.4 մլն. դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 58 987.3 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 4.6%:

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 3.3%-ով անկմանը (96.7%) զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 1.5%-ով աճ (101.5%):

Ինչ վերաբերում է գնաճին, ըստ ՎԿ տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 105.2%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 99.9%-ի դիմաց: Գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գնաճով, համապատասխանաբար` 107.4%, 106.9% և 101.7%:

Նշվում է նաև, որ այս առաջին եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 194 109 դրամ: Նույն ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (2.1%) միտում գրանցված 5.2 տոկոսանոց գնաճի նկատմամբ: