Տագնապներն ու վախերը չպետք է խանգարեն, որպեսզի կանայք ակնկալեն ստանալ ջերմություն, հոգատարություն. հոգեբան

Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների պաշտպանության օրը, կանանց շրջանում սպասումների օր է, և հոգեբան Կիմա Գևորգյանի խոսքով, այդ սպասումները կարող են լինել ջերմ վերաբերմունքից մինչև թանկարժեք նվերներ: 

«Դա կախված է նրանից, թե այդ կինը իր արժեհամակարգով ինչ սպասումներ ունի իր կողակցից, հարազատից, բարեկամից, ընկերոջից»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է հոգեբան Կիմա Գևորգյանը:

Հայաստանում սկզբում համավարակը, դրանից բխող սահմանափակումները, այնուհետև պատերազմը, դրա հետևանքով ծանր կորուստները մեծ ազդեցություն են գործել կանանց հոգեբանության վրա, բարդացրել նրանց կյանքը: Ավելին, ունեցած հոգսերին, մասնագետի խոսքով, կանանց կյանքում անցած տարվա ընթացքում ավելացել են նաև տագնապները, հարազատներին կորցնելու վախերը:

Սակայն ըստ հոգեբանի՝ հոգսերը, տագնապներն ու վախերը չպետք է խանգարեն, որպեսզի կանայք ակնկալեն ստանալ ջերմություն, հոգատարություն և ուշադրություն:

«Պատերազմի հետ կապված խնդիրները, բարդացած կյանքը կանանց շատ են խանգարել, որովհետև նրանք ավելի էմոցիոնալ են, ապրումակցող են և ավելի դժվար են հաղթահարում, քանի որ նրանց հիմնական մասը մայր է կամ ապագա զինվորի մայր և շատ ավելի լավ է գիտակցում այդ խնդիրները: Բայց չէի ուզենա այս տոնական օրը ողողենք վատ ապրումներով: Հիմնականում այս օրը տոնական է լինում:

Կարող է լինել շատ ավելի համեստ ու մեղմ պայմաններում, բայց հաճելի ակնկալիքներով ջերմությամբ լի օր: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին լսի այդ բարի ու հաճելի խոսքը իր ընկերոջից, կողակցից, հարազատից, բարեկամից, որովհետև դա շատ կարևոր է կնոջ համար:

Դա էներգիա է տալիս, բավարարում է ցանկությունները, քանզի կինը երբեմն սիրում է լինել ուշադրության կենտրոնում, չէ՞ որ կինը շատ ավելի տվողի դերում է, քան ստացողի»,- ասում է հոգեբանը:

Կիմա Գևորգյանը համաձայն չէ, որ Հայաստանում մարտի 8-ը այդքան էլ մեծ ընդունելություն չի գտնում: Նրա խոսքով՝ դեռ խորհրդային ժամանակներից են այս տոնը ակտիվ նշում հայ հանրության մեջ, և այն դեռ իր ուժը չի կորցրել: 

«Ճիշտ է, հայերիս մոտ ընդունված է Մայրության տոն համարել ապրիլի 7-ը, բայց մենք միշտ, կարծես, շատ ավելի մեծ շուքով ու ոգևորությամբ նշում ենք մարտի 8-ը: Այդ առումով բոլոր կանայք այս օրվա հետ կապված սպասելիքներ ունենում են»,-ասում է նա: 

Ընդհանրապես, մարդը և, մասնավորապես, կինը ուշադրության կարիք միշտ է ունենում և ոչ թե տարվա մեջ մեկ անգամ, բայց, այդուհանդերձ, ըստ Գևորգյանի, այդ մեկ օրը հատուկ կարևոր դարձնելով, կինն ավելի գնահատված, սիրված ու արժևորված է զգում: 

«Դա շատ կարևոր է, որովհետև կինը հիմնականում շատ հոգսեր կրող, մեծ պատասխանատվություն կրող է, ամբողջ տարվա ընթացքում հոգատարությամբ, խնամքով վերաբերվում է բոլորին, և այս օրը կարելի է նրան ազատել առօրյա հոգսերից, ազատել պարտականություններից ու մի փոքր թեթև, անհոգ դարձնել նրա օրը, ինչու ոչ՝ ջերմ, հաճելի մթնոլորտում, նվերներով»,- նշում է հոգեբան Կիմա Գևորգյանը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am