ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման նախագիծ է ներկայացրել

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից։   

Նախագծի հիմնական զեկուցողն է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

ՔՊ-ն նածագիծը հիմնավորւմ է նրանով, որ Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը:

«Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը՝ այն ոտնահարող, նվաստացնող, վիրավորանք պարունակող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային բաց աղբյուրներում»,- նշված է հիմնավորման մեջ։