«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը
– Պարո՛ն Սահակյան, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի բյուջեն ավելացնելու կարիք չկա, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղություն են արդեն հաստատել: Պաշտպանության փոխնախարարն օրերս ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այդ տեղեկությունը: Ձեր դիրքորոշումը ո՞րն է այս հարցի վերաբերյալ:
– Ցանկացած նորմալ պետություն, անկախ հարևանների հետ ունեցած հարաբերություններից, իր ռազմական պլանավորման մեջ նախատեսում է, որ ամեն դեպքում ինքը պետք է պատրաստ լինի պատերազմի: Օրինակ՝ Չինաստանն ու Ռուսաստանը հիմա դաշնակցային հարաբերությունների մեջ են, բայց Ռուսաստանի դոկտրինի մեջ նշված է, որ ինքը պատրաստ է Չինաստանի դեմ պատերազմի:
Հիմա, Հայաստանը չորս հարևան ունի, որոնցից առնվազն երկուսի հետ պատերազմի մեջ մտնելուն պետք է պատրաստ լինի: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն հարձակվել մեզ վրա, ինչպես արել են 92-ից սկսած, մենք ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ բա մենք պայմանագի՞ր ենք ստորագրել: Հետևաբար, սա միանշանակ սխալ որոշում է, այս իշխանության ներկայացուցիչները ազգային, պետական դավաճանություն գործած քաղաքական գործիչներ են, կատարում են մեր թշնամիների քաղաքական պատվերները ու ամեն կերպ փորձելու են արդարացնել այն, ինչ անում են:
Ալիևը չի թաքցրել, որ Հայաստանը պետք է զրկվի ռազմական ուժեր ունենալուց, պետք է ունենա միայն սահմանապահ զորքեր, հիմա ստացել են հրահանգ՝ կրճատել պաշտպանական բյուջեն, կրճատում են: Նիկոլ Փաշինյանն էլ չի հակադարձում այս ամենին, իսկ սա ոչ թե անվտանգություն է, այլ՝ ծայրահեղ աստիճանի վտանգավորություն:
– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանն այն վիճակում չէ՞, որ նման ճոխություն իրեն թույլ տա:
– Ոչ մի պետություն այդ վիճակում չէ, այսօր Ֆրանսիայի, Գերմանիայի նման պետությունները կրկնապատկում են իրենց ռազմական բյուջեները: Գերմանիայի կանցլերը 100 միլիարդ եվրոյով ավելացրեց ռազմական բյուջեն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ չափի մասին է խոսքը: Համաշխարհային այս տուրբուլենտ իրավիճակում ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, Հայաստանն էդ ո՞վ եղավ, որ պատերազմի չպատրաստվի, ի՞նչ իրավունքով կամ ի՞նչ հիմքով:
– Խաղաղության:
– Շատ լավ է, ո՞վ խաղաղություն չի ուզում, բայց խաղաղության հասնում են, երբ պատրաստվում են պատերազմի, մարդկությունն ինչ գոյություն ունի՝ այս կարգախոսով է առաջնորդվում՝ խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի, պատրաստ եղար պատերազմի, թշնամիներդ չեն հարձակվի, խաղաղություն կլինի: Իսկ եթե դու չես պատրաստվում պատերազմի, դու գրգռում ես թշնամիներիդ, հրավիրում ես նրանց քեզ վրա հարձակվելու: ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանով, իր պատգամավորներով ու սազանդարներով երբ կրճատում են մեր ռազմական բյուջեն, իրենք հրահրում են, որ Ադրբեջանը, անկախ այդ պայմանագրից, հարձակվի մեզ վրա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















