Ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվելու են վենդետաներ. Փաշինյանի ակնարկը Սյունիքի մարզի համայնքապետերին

Ընտրություններից հետո լինելու են վենդետաներ համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Այդ մասին Արագածոտնում նախընտրական քարոզարաշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, «ամենադաժան քաղաքական վենդետաների» են ենթարկվելու նաև այն ընկերությունների՝ մասնավոր, թե հանրային, ղեկավարները, որոնք իրենց աշխատողների նկատմամբ հարկադրանք են իրականացրել:

«Խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, խոսքը քաղաքական և քաղաքացիական վենդետաների մասին է: Կարճ ասած՝ այդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու և այդտեղ լինելու են արտահերթ ընտրություններ: Էդ ընկերությունների սեփականատերերով էլ կզբաղվենք», -հայտարարեց Փաշինյանը՝ ակնարկելով Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին, որոնք «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցում են ընտրություններին: