Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին քաղաքացիական պատերազմի, և ես հրաժարական եմ տվել դրանից խուսափելու համար. Լևոն Տեր-Պետրոսյան. տեսանյութ

Levon Ter-Petrosyan holds a speech during the conference of the Armenian National Congress at the RA Government’s session hall

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում իր ելույթն սկսելիս ասաց, որ այն հարցազրույցի ժանրով է. հարցը տալիս էր ու պատասխանում դրան:

Հարցերից մեկը վերաբերում էր իր հրաժարականին՝ ինչու՞ չի դիմել ժողովրդին և նախընտրել է հրաժարվել նախագահի պաշտոնից:

«Նախևառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով:

Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը և ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել:

Անշուշտ, իշխանության ներսում, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում՝ բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու լուրջ աջակցություն:

Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

Չեմ չափազանցնում, Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»: