Քաղաքապետը հրաժարվել է իր երկու ծառայողական մեքենաներից մեկից, շատ հաճախ աշխատանքի է գալիս հեծանվով, երբեմն էլ՝ սեփական մեքենայով․ Խոսնակ

Հեղինակ MediaLab

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «դասական» դեղին մամուլին բնորոշ ձեւակերպումներով գրում է, թե քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս «10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն»՝ կարդացողի մոտ տպավորություն ստեղծելով, թե իբր մեքենան ձեռք է բերվում քաղաքապետի կարիքների համար:

Իրականում, իհարկե, քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերվում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետեւ հինը մաշված էր ու խափանված, եւ վ/շ ղեկավարը արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան:

Իսկ քաղաքապետը, ի դեպ, հրաժարվել է իր երկու ծառայողական մեքենաներից մեկից. Մենք հայտարարել ենք դրա մասին, որ ներկայացուցչական դասի «Մերսեդեսը» հանվել է աճուրդի, իսկ քաղաքապետն օգտվում է կրոսսովերից (ի դեպ, առանց վարորդի՝ ինքն է վարում), եւ շատ հաճախ, հատկապես տարվա «տաք» ամիսներին, աշխատանքի է գալիս հեծանվով, երբեմն էլ՝ սեփական մեքենայով: Մենք ամիսներ առաջ հրապարակել ենք քաղաքապետի ծառայողական մեքենաների վրա արված վառելիքի եւ այլ ծախսերի համեմատականը նախորդ տարիների հետ, ըստ որի, ԱՆԳԱՄՆԵՐՈՎ կրճատվել են վառելիքի ու սպասարկման ծախսերը (լրագրող ընկերներին պատրաստ ենք գրավոր նոր տվյալներ տրամադրել):

Ինչպես նշեցի, Դավթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը, եւ, ինչպես տեղեկացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում, մեկ այլ մաշված մեքենայի գործածումն ըստ էության ավելի թանկ կնստեր համայնքի բյուջեի վրա (պահեստամասեր, սպասարկում եւն), քան նորի ձեռքբերումը: Սա ռացիոնալ բացատրություն է, որի հավաստիությունը կվկայի ցանկացած «խադավիկ»: Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի բնույթը հաշվի առնելով, ծառայողական մեքենայի առկայությունը անհրաժեշտություն է, հաստատ ոչ պակաս ահնրաժեշտ, քան 3 հոգանոց խմբակցության ղեկավարին սպասարկող ծառայողական մեքենան:

Հ. Գ. Մի երկու բան էլ՝ ծախսերի կրճատման մասով. 2018-ի համեմատ 2019 եւ 2020 թվականներին Դավթաշեն վ/շ ղեկավարի աշխատակազմի ավտոպարկի միայն վառելիքի ծախսերը կրճատվել են ընդհանուր 1 200 000 դրամով, գումարած դրան՝ 2019 և 2020 թվականներին հանվել է տաքսի ծառայության համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։ Իսկ վ/շ ղեկավարին կցված ծառայողական մեքենան օգտագործվում էր նաեւ աշխատակազմի տեղաշարժը ապահովելու համար:

Հ.Հ.Գ. – Նկարում պատկերվածը քաղաքապետի՝ աճուրդի հանված ծառայողական մեքենան է:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «դասական» դեղին մամուլին բնորոշ ձեւակերպումներով գրում է,…

Gepostet von Hakob Karapetyan am Mittwoch, 10. Juni 2020