«Եթե հայկական դիվանագիտությունն այսքան անողանաշար է, ապա Ադրբեջանի լկտիացումը շարունակական է լինելու». Ստյոպա Սաֆարյան

«Եթե հայկական դիվանագիտությունն այսքան անողանաշար է, ապա Ադրբեջանի լկտիացումը շարունակական է լինելու». Ստյոպա Սաֆարյան
«Եթե հայկական դիվանագիտությունն այսքան անողանաշար է, ապա Ադրբեջանի լկտիացումը շարունակական է լինելու». Ստյոպա Սաֆարյան

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում հակառակորդի կողմից հայկական ռազմական ուղղաթիռին հասցված հարվածը ցույց է տալիս, որ շփման գծում լարվածությունը չի նվազել:Այս մասին «Մեդիալաբին» ասում է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ ռազմական գործողությունների լայնամասշտաբ բռնկումների այն ռիսկերը, որոնք կային ամռանը, նույն  ռիսկերն այսօր էլ առկա են:

«Հետաքրքիր է, որ այս միջադեպը կրկին հաջորդեց զորավարժություններին: Մեկ ամիս առաջ Ադրբեջանն էր Թուրքիայի հետ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրել, որոնց շուրջ 35 հազար մարդ էր մասնակցել: Դրանց հաջորդեցին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազի զորավարժանքները և Արցախի ու Հայաստանի համատեղ զորավարժությունները: Հայկական կողմը կարծես փորձում է մկանների լուրջ ցուցադրությամբ պատասխանել ադրբեջանական զորավարժություններին: Այս վերջին զորավարժությունները ծավալով շատ ավելի մեծ էին, քան Ադրբեջանի զորավարժությունները, և Բաքվի պաշտպանության նախարարության կողմից արժանացան կոշտ պատասխանի»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ է վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Ոչ պաշտոնական տեղեկություններով ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներ զոհվել են: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը հայտարարել է, որ ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, սակայն զոհերի մասին որևէ տեղեկություն չի հայտնել:

Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ Ադրբեջանն այդքան մեք ծավալի զորավարժություններ հենց այնպես չի անում: Նա հիշում է, որ այս տարվա հուլիսի վերջին շփման գծում արձանագրված լարվածությանը նույնպես նախորդել էին լայնամասշտաբ զորավարժություններ:

«Հետևաբար այս փուլում շատ վտանագավոր է դարձել իրավիճակն այն իմաստով, որ Ադրբեջանը զորավարժություններին նման կերպ արձագանքելով՝ հասկանալի է դարձնում, որ ինքը հետ չի կանգնելու իր մտադրություններից և շարունակելու է նույն գործելաոճը»,- ասում է նա:

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության համաձայն՝ իբր հայկական ուղղաթիռները զինված գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, իրենք էլ պատասխանել են: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ադրբեջանական այս տեղեկատվությունը Հայաստանի լռության հետևանքն է: Նա նկատում է, որ հայկական կողմը կորևորագույն հարցերում խայտառակ անհետևողականություն է ցուցաբերում:

«Սոչիի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում նման դեպքերի համար հետաքննության ընթացակարգի հիմնում է նախաձեռնելու ԵԱՀԿ-ում: Մինչև այժմ որևէ ձայն չենք լսել, որ Հայաստանը նման նախաձեռնություն արել է կամ նման պահանջ դրել է, մոռացան: Մինչև այսօր հայկական կողմը որևէ ձևով չհասավ նրան, որ ամառային արկածախնդրության համար քաղաքական, ռազմական կամ այլ տիպի պատասխանատվությունը դրվի Ադրբեջանի վրա: Դա կատակ գործողություն չէր: Իմ կողմից բազմաթիվ հուշումներ եղան հայ գերի Կարեն Պետրոսյանի հետ կապված խնդիրներ բարձրացնելու մասին, որոնք ուղղակիորեն առնչվում էին Ադրբեջանի բարձրագույն ռազմական ղեկավարությանը»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանում գերի ընկած Կարեն Պետրոսյանի դին տեղափոխեցին Հայաստան, հուղարկավորեցին, և ընդամենը հասարակական կազմակերպությունների մակարդակով է խոսվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասին: Նրա խոսքով, եթե հայկական դիվանագիտությունն այսքան անողանաշար է, ապա Ադրբեջանի լկտիացումը շարունակական է լինելու:

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը նկատում է, որ Հայաստանի և Արցախի այս համատեղ զորավարժություններն աննախադեպ էին իրենց քանակով:

«Բնական է, Ադրբեջանն անհանգստացած է այդ ամենով: Միջադեպը դեռ պետք է մինչև վերջ պարզել, ինֆորմացիան այս պահին շատ քիչ է, անգամ զոհվածների մասին չկա տեղեկություն»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ կփորձի ներկայացնել այնպես, որ հայկական կողմն է խախտել սահմանը, արդեն իսկ նման տեղեկություններ են տարածում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկության համաձան՝ ադրբեջանական զինուժի ժամկետային զինծառայող Իլքին Մուրադովը հայկական ուղղաթիռը խոցելու համար Ադրեբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից պարգևատրվել է մեդալով՝ մարտական ծառայության ընթացքում աչքի ընկնելու համար։ Նա ստացել է նաև արժեքավոր նվեր։

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Ըստ նրա, անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են:

«Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակն այժմ բավականին բարդ է, հայկական կողմի գործողություններից շատ բան է կախված, զարգացումներին ապագան է կախված: Սա թերևս նոր շղթայի է հանգեցնելու»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք նաև, որ ներկայումս Արցախում ընթանում է «Միասնություն 2014» օպերատիվ մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված են բոլոր զորատեսակներն ու շուրջ 47 000 հոգանոց անձնակազմ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am