Մեզ համար անընդունելի է Արցախի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի տեսանելի դարձող գործելակերպը․ Նիկոլ Փաշինյան

Հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանության հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝  հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։

Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում։

«Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ», – նշեց վարչապետը։

Բացի այդ, Փաշինյանն հայտարարել է, որ Հայաստանն Արցախին 4  միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի։ Նա նաև անդրադարձել է ռուս խաղաղապահների կատարած աշխատանքին։

«Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու ապահովությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ինքը պիտի ՄԱԿ-ի ԱԽ-ում նախաձեռնի քննարկում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,-նշել է նա։