«Պետք է առաջին հերթին հենց կաշառք տվողների նկատմամբ ավելի խիստ լինել, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքար մղել». Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Թրանսփաիրենսի ինթերնեյշնլ» հակոկոռուպցիոն կենտրոնի  ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

-Պարոն Հոկտանյան, այս փուլում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործողությունները կարո՞ղ ենք կոռուպցիայի դեմ պայքար որակել:

– Եղել է խնդիր, որ սուպերմարկետներն անհատ ձեռներեցների միջոցով գործունեություն են ծավալել: Դա հարկերից խուսափում է համարվում, որը նախորդ տարվանից այլևս կոռուպցիոն հանցագործությունների ցանկ չի մտնում: Միանշանակ, ապօրինի քայլ է արվել, դա չպետք է արվեր: Այսինքն՝ այստեղ խնդիր կա, որը պետք է ավելի խորն ուսումնասիրվի, ամբողջ մեխանիզմը ջրի երես հանվի՝ սկսած նրանից, թե ինչու պետք է այսքան սուպերմարկետ լիներ, իսկ դրանց պատճառով ինչու պետք է սնանկանային ու փակվեին փոքր խանութները:

Մասամբ ԱԱԾ գործողությունները կոռուպցիայի դեմ պայքար են՝ ելնելով նրանից, որ հարկերից խուսափում է եղել: Եվ այստեղ կոռուպցիան այնտեղ է, որ փաստորեն որոշ պաշտոնատար անձինք աչք են փակել այդ ամենի վրա: Հիմա, խնդիրը հետևյալն է՝ աչք են փակել և դրա համար ինչ-որ վարձատրությո՞ւն են ստացել, ընդհուպ մինչև նախին վարչապետը, թե՞ աչք են փակել, որովհետև մտածել են, որ պետք է լինեն հավասար հնարավորություններ, պետք էր թողնել, որ սուպերմարկետները զարգանային: Իհարկե, կա նաև գլոբալ հարցը, սա արդեն կոռուպցիայի այն երևույթն է, որը կոչվում է պետության զավթում, երբ օլիգարխիկ խմբերն իրենք են թելադրում տվյալ ոլորտում քաղաքականությունը: Պետության զավթման երևույթը ես այստեղ միանշանակ տեսնում եմ: Դրա պատճառով փոքր ու միջին բիզնեսն է խեղդվում: Այդ խեղդվելը արդյոք տեղի էր ունենում օլիգարխների տված վարձատրության դիմաց, դա էլ արդեն այս կոռուպցիոն երևույթի չափողականությունն է:

-Այս գործողությունների արդյունքում չպե՞տք է արդյոք մեծ ձկներ պատժվեն: Տարիներ շարունակ խոսվել է, որ պետք է գլխից բռնել, բայց արդյունք չենք տեսել:

-Ինձ համար առաջին տեղում ժողովրդի բարեկեցության բարձրացումն է, այսինքն՝ մարդիկ պետք է սկսեն լավ ապրել: Բնականաբար, կոռուպցիայի այս մակարդակի պայմաններում մարդիկ լավ չեն ապրում: Դա մեծ ձուկ բռնելով կստացվի, ստվերը կրճատելով, թե՞ կներեն ու կասեն՝ արդեն սկսեք մաքուր աշխատել, դա այլ հարց է:

Այստեղ կա այլ խնդիր՝ մեծ լինի ձուկը, թե փոքր, այս օլիգարխիկ ու մոնոպոլ համակարգը շատ ցածր արդյունավետություն ունի: Կոռուպցիայի համակարգային լինելը բերում է նրան, որ մեկ մեծ ձկանը բռնում ես, մեկ ուրիշ մեծ ձուկն է գալիս: Այսինքն՝ պետք է համակարգը փոխես, որ ձկների չափն ու մեծությունն արդեն նշանակություն չունենան: Համակարգային կոռուպցիան վերացնում են միայն համակարգային բարեփոխումների միջոցով, ոչ թե ուղղակի մեծ ու փոքր ձկներ  բռնելով: Եթե դու համակարգային բարեփոխումներ անելու համար պետք է նաև մեծ  ձկներ բռնես, ինչպես եղավ Սինգապուրում, խնդրեմ, բռնիր: Բայց դա արդեն պետք է բխի բարեփոխումների տրամաբանությունից, ոչ թե ուղղակի ինքնանպատակ լինի:

-Այս արժեքների փոփոխության փուլում ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի հասարակությունը կաշառք չտա: Գուցե կաշառք տալու համար պատասխանատվությունը պետք է խստացնե՞լ:

-Սա շատ ցավոտ հարց է: Արևմտյան մոտեցումն այն է, որ առաջին հերթին կաշառք տվողն է ավելի շատ մեղավոր, քան վերցնողը: Ես միշտ կարծել եմ, որ այդ նույնը պետք է կիրառվի նաև Հայաստանում: Պետք է առաջին հերթին փորձել հենց կաշառք տվողների նկատմամբ ավելի խիստ լինել, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքար մղել: Իհարկե, կա նաև շորթման երևույթ, բայց սա այլ հարց է:

Երբ մեր Քրեական օրենսգիրքը նայում ենք, շորթումը որպես կաշառվելու տարատեսակ է, բայց ես կառաջարկեի դրանք առանձնացնել: Շորթումը դա այն է, երբ քեզ ստիպում  են կաշառք տակ: Եթե քաղաքացին իր գործն արագացնելու համար կաշառք է առաջարկում, պաշտոնյան էլ մտածում է, դե ինչ արած, վերցնեմ, սա այլ հարց է: Մյուս խնդիրն էլ այն է, երբ քաղաքացին չի ուզում կաշառք տալ, բայց իրեն ստիպում են, այն վիճակի են հասցնում, որ նա տա:

Կաշառք տվողների  դեպքում, ես միշտ կարծել եմ, որ  պատիժը պետք է լուրջ լինի: Քաղաքացին պետք է ավելի շատ լուրջ հետևանքների վտանգը տեսնի, քան ներկայում է: Մանավանդ հեղափոխությունից հետո այս մոտեցումը կարևոր է դառնում: Եթե մեր քաղաքացիների ուղեղներում ինչ-որ բան պետք է փոխվի, դա այն է, որ այլևս կաշառք չտան: Եթե որևէ բան ուզում են անել, չպետք է սպասեն, որ Նիկոլը կամ մեկ ուրիշը պետք է անի իրենց փոխարեն, իրենք պետք է կատարեն բարեփոխումը, չառաջարկեն կաշառք, իսկ պահանջող չինովնիկին էլ անմիջապես պատասխանատվության պետք է ենթարկել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am