Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ գյուղերի օկուպակցրած լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Factor

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Տավուշի մարզի մի շարք գյուղերի որոշ հատվածներ, ինչպես նաև Արծվաշենը, որոնք մտնում են ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարություններն որակել է որպես «խեղաթյուրող ու մանիպուլյատիվ»։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, թե, իբր, Հայաստանն առանց պատճառի խուսափում է տարբեր հարթակներում մասնակցությունից, այն դեպքում երբ հենց ադրբեջանական կողմն է հրաժարվել Գրանադայում օրերս կայացած հանդիպմանը մասնակցելուց։

«Հայաստանի այն պնդումները, թե, իբր, Ադրբեջանը գրավել է հայկական որոշ գյուղեր, բացարձակ սուտ են։ Սրանով նա ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ և կոտորածներ է իրականացրել այնտեղի բնակչության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն, որը չի կատարում տարբեր հարթակներում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պնդում է, թե սահմանազատման համար հայկական կողմի մատնանշած 1975 թ-ի քարտեզը «գոյություն չունի»։