Մալաքե Թաուսի`գերեզմանատուն, արցունքներ, շնորհավորանքներ. եզդիները նշում են Սուրբ ծննդյան տոնը

Մալաքե Թաուսի`գերեզմանատուն, արցունքներ, շնորհավորանքներ. եզդիները նշում են Սուրբ ծննդյան տոնը
Մալաքե Թաուսի`գերեզմանատուն, արցունքներ, շնորհավորանքներ. եզդիները նշում են Սուրբ ծննդյան տոնը

Շիրմաքարերին արևի տակ փռված ծաղիկներ, գույնզգույն և փայլփլուն գլխաշորերով կանայք, ովքեր լալիս են իրենց հանգուցյալների համար, գրկախառնվում, ապա շնորհավորում են միմյանց՝ ասելով. «Բմբարեկբա այիդա Թաուսե Մալաք»:

Գարնանային տարեսկզբի և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան օրը եզդիները՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը (60 հազար), նշում են մեծ շուքով:

Ամեն տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, աշխարհի բոլոր եզդիները հավաքվում են իրենց հարազատների գերեզմաններում: Իրենց ավանդույթին հավատարիմ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին խնջույքի սեղաններ են բացում ու նշում իրենց տարեմուտի տոնը, որն այս տարի ապրիլի 16-ին էր:

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, գառան մորթու ազգային եզդիական գլխարկով, վաղ առավոտից պատրաստվում էր տոնին՝ շրջապատված լինելով Հայաստանի տարբեր մարզերից Զովունիի գերեզմանոց այցելած մոտ 350 ազգակիցներով:

«Մեր ազգային ավանդույթը դարեր շարունակ պահելով՝ այս օրը մենք հավաքվում ենք գերեզմաններում, քանի որ առաջին հերթին շնորհավորում ենք մեր հանգուցյալների տոնը, այնուհետև` կենդանիների»,- ասում է Ազիզ Թամոյանը:

Ըստ եզդիական օրացույցի՝ այս տարի նրանց մոտ 6762 թվականն է: Եզդիների կրոնական հավատալիքների համաձայն՝ Մալաքե Թաուսը համարվում է եզդիների առաջնորդ հրեշտակը, ով 40 հրեշտակների գլխավորն է:

«Այսօր նրա ծննդյան օրն է, և նա այցելում է իր հոտին ու մեզ հետ է, թեև անտեսանելի է, բայց մեր կրոնական օրենքներով մեզ հետ է»,- ասում է Թամոյանը:

60-անց Զինե Ավդալյանը նշում է, որ այս տոնին իրենք ուտում են տավարի և գառի միս, իրենց ավանդույթներից ելնելով, խոզի միս ընդհանրապես արգելվում է ուտել:

«Գերեզմանում նշելուց հետո տոնը շարունակում ենք տներում»,- ասում է Զինա Ավդալյանը ու շրջվում իր սեղանին կից նստած հարևանների կողմը՝ եզդիերեն լեզվով շարունակելով զրույցը:

Տոնի կարևոր ծիսակատարություններից մեկը կլոճի բաժանումն է: Այն կլոր քաղցր գաթա է, որի մեջ դնում են կոպեկ և, կլոճը կտրելիս, ում ընկնում է այդ կոպեկը, համարվում է այդ տարվա հաջողակը:

«2007-ին կլոճի կոպեկն ինձ էր ընկել, և իսկապես այդ տարին ինձ համար հաջողակ էր` ընդունվեցի պետական համալսարանի իրավաբանության բաժին և նշանակվեցի «Եզդի խանա» թերթի խմբագիրը»,- ասում է Խդըր Հաջոյանը:

Նա նշում է, որ Հայաստանում եզդիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ, սակայն եզդի երիտասարդության շրջանում նկատվում է ձգտում դեպի կրթությունը:

«Մենք ունենք տարբեր համալսարաններում` Երևանի պետական համալսարանում, մանկավարժականում, «Գլաձոր» համալսարանում, բժշկականում սովորող ուսանողներ: Քիչ-քիչ ապահովվում է նաև գենդերային հավասարությունը, և սովորում են նաև եզդի աղջիկներ, ինչն առաջ ընդունված չէր»,- ասում է Խդըր Հաջոյանը:

Հայաստանի 30 գյուղերի դպրոցներում դասավանդվում է նաև եզդիերեն լեզու, գրականություն ու պատմություն: Սակայն ցածր աշխատավարձի պատճառով, ինչպես նշում է Խդըր Հաջոյանը, շատ մանկավարժներ դուրս են գալիս աշխատանքից, և եզդի երեխաների մի մասը չի կարողանում սովորել իր մայրենի լեզուն:

«Այդ նպատակով մենք այսօր դիմել ենք կառավարությանը, որպեսզի այդ հարցը վերանայեն և աշխատավարձերը բարձրացնեն: Որպես ազգային փոքրամասնություն` ամենակարևոր խնդիրներից մեկը նաև այն է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում մենք ունենայինք մեր ներկայացուցիչը Ազգային ժողովում, ով կբարձրացներ մեր խնդիրները»,- հավելում է Հաջոյանը:

Եզդիները բազմաթիվ հաջողություններ են գրանցել սպորտի ոլորտում: ՀՀ դրոշի ներքո հանդես են գալիս ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը, աշխարհի բազմակի չեմպիոն Ամար Թամոյանը և նույն մարզաձևում աշխարհի գավաթի հաղթող Սուրիկ Հաջոյանը:

Ամբողջ աշխարհում ապրում է 3 մլն եզդի, որից միայն 1 մլն 300 հազարը` Իրաքի հյուսիսում:

Եզդիների համար գառը սուրբ կենդանի է, որի բրդից պատրաստում են վերմակ, հագուստ, գլխարկ: Հայաստանաբնակ եզդիներն այցելում են հայկական եկեղեցի, թեև Հայաստանում ունեն նաև իրենց երկու սրբավայրը՝ Պտղնիի Դարա Մրազան և Զովունիի Շամսին:

Նրանց դրոշը կարմիր և սպիտակ գույնի է, որի կարմրի վերին ձախ անկյունում պատկերված արևը խորհրդանշում է նրանց` որպես արևապաշտ ժողովրդի, իսկ արևի միջի սիրամարգը Սուրբ Մալաքե Թաուս հրեշտակապետի խորհրդանշանն է:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am