Ինչու են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ

Ինչու են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ
Ինչու են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ

Լուսանկարում՝ Քրիստ Բրուտյանը, «Մանանդ» տաքսի սերվիզի տիրոջ որդու և նրա ընկերների կողմից ծեծի ենթարկվելուց ժամեր անց
Չնայած բազմաթիվ սփյուռքահայերի համար Հայաստանը եւ Արարատ լեռը մշտապես եղել եւ մնում է մեծագույն երազանք` պարուրված ռոմանտիկ եւ վարդագույն մշուշով, այնուամենայնիվ շատ սիրիահայերի համար, ովքեր Սիրիայում տիրող իրավիճակի հետեւանքով հանգամանքների բերումով ապաստանել են Հայաստանում վստահեցնում են. կյանքը հեռու է ռոմանտիկայից:

Վերջին ժամանակներում սիրիահայերի դեմ աղմկահարույց բռնության դեպքերին երեկ ավելացավ եւս մեկը. 41-ամյա սիրիահայ Բողոս Աղոյանը բարձրաձայնեց, որ օգոստոսի 20-ին բռնության է ենթարկվել Թալինի քաղաքապետի բարեկամների կողմից:

Թեեւ Թալինի հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը հերքում է տեղի ունեցածում իր բարեկամները մասնակցությունն, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտը եւ իշխանամերձ օղակներին սերտորեն առնչվողների անձեռնմխելիությունն, դժվար չէ հավատալ, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես պատմում է հայրենադարձված Աղոյանը:

Աղոյանը փորձել է մեքենան կայանված տեղից դուրս հանել, սակայն ճանապարհը փակած մեքենայում գտնվողները վեճ են հրահրել, անցել հայհոյանքների, վերջում էլ մի քանի հոգով վրա հասել եւ դաժան ծեծի ենթարկել Թալինի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող Սարգիս Արամյանին:

«Ես փրկում եմ մարդկանց կյանքը, սակայն իմ հայրենիքում նման նվաստացման եմ արժանանում ինչ որ այլասերվածների պատճառով»,-«Մեդիալաբին» ասում է Աղոյանը:

Բողոս Աղոյանը, Սիրիայում ծավալված գործողությունների հետեւանքով մեկ տարի ութ ամիս առաջ ստիպված է եղել թողնել հայրենի Հալեպը, ուր կլինիկա ուներ, եւ տեղափոխվել հայրենիք, որտեղ ըստ նրա փորձել է բոլորի հետ «լեզու գտնել»:

«Դժվարությունը մարդու համար է,-«Մեդիալաբին» ասում է Աղոյանը,-հայրենիքս շատ եմ սիրում, հայրենիքը մի տեղ է, որտեղ պիտի ապահով զգաս քեզ, բայց այնքան այլանդակ կա, որ էլ չեմ ուզում այստեղ մնամ: Հիասթափվել եմ: Արաբները, հավատացեք, մեզ ավելի լավ են ընդունում»:

Աղոյանի դեպքը եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ սիրիահայերի ինտեգրացիայի հարցում ամեն ինչ այնքան հարթ ու հրաշալի չէ ինչպես ներկայացվում է:

24-ամյա Քրիստ Բրուտյանը մեկն է հազարավոր այն սիրիահայերից, ով սեփական մաշկի վրա զգացել է հիասթափությունը եւ հուսահատությունը` Հալեպից Հայաստան տեղափոխվելուց հետո:  

Նա  հավատում է, որ գոնե մի քանի տարի անց, ինչպես խոստացել են բժիշկները, հնարավոր կլինի մասամբ վերականգնել ձախ աչքի տեսողությունը, սակայն վստահեցնում է, որ «հուսահատության ու հիասթափության դեմ ոչ մի դեղ չկա»:

Քրիստի աչքի ծիածանաթաղանթը պատռվել է 2013-ի դեկտեմբերի 28-ին, երբ ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի խանութում տեղացիները փորձել են իրենց նախընտրած գնով ավտոպահեստամաս գնել, սակայն համաձայնություն չստանալով վերադարձել են 30 հոգով եւ երկաթե լոմերով դաժան ծեծի ենթարկել ընտանիքի 63-ամյա հորը` Արմենակ Բրուտյանին,  եւ երկու որդիներին` Քրիստին եւ Մանուկին:

«30 հոգով եկան առանց ոչ մի բան ասելու երկաթի լոմերը հանեցին, հարձակվեցին մեր վրա ու ասեցին` սպանեք:  Ու սկսեցին խփել,-«Մեդիալաբին» պատմում է Քրիստ Բրուտյանը,-այն զգացողությունը, որ դու օտար ես մեզ մոտ միշտ կա: Մեր հանդեպ վերաբերմունքը լրիվ այլ է: Ամբողջովին հիասթափված ենք»:

Բրուտյանների հանդեպ տեղի ունեցածի հիշողությունը դեռեւս վառ, այս տարվա փետրվարին հայտնի դարձավ մի այլ նմանատիպ ահաբեկման եւ բռնության դեպքի մասին` կրկին ավտոպահեստամասերի վաճառքի կետում:

Մոտ մեկ տարի առաջ Հայաստան տեղափոխվելով եւ Երեւանից մոտ 11 կմ հեռավորության վրա գտնվող Պտղունք գյուղում սեփական փոքր բիզնեսը հիմնելով` սիրիահայ Միշել Սարկոյանը մնացել է զարմացած. «այս ի՞նչ բարքեր են գործում Հայաստանում»:

Նա պատմում է, որ հաճախորդներից մեկը ավտոպահեստամաս գնելով պայման է դրել, որ չհամապատասխանելու դեպքում մեկ օր անց կվերադարձնի, սակայն վերադարձրել է այլ հին պահեստամաս եւ պահանջել գումար, ինչը չի ստացել:

«Գնաց եւ վերադարձավ ընկերոջ հետ` ավտոմատով սպառնալով, հետո էլ մեքենայով փորձում էր ինձ վրաերթի ենթարկել»,-պատմում է Միշել Սարկոյանը` հավելելով, որ եղել է նաեւ դեպք, երբ պահանջել են անվճար թանկարժեք ավտոպահեստամաս տրամադրել «լավ տղերքին»: 

«Հրի, կրակի միջով անցնելով ու փրկվելով Հայաստան ենք եկել, որ այստեղ մեզ ահաբեկե՞ն»,-հարցնում է նա եւ հավելում, որ արդարություն չգտնելու դեպքում հեռանալու է Հայաստանից:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ բռնության դեպքերն ամենեւին էլ անսպասելի չէին:

«Սա, ցավոք, Հայաստանում բռնության մշակույթի օրեցօր ավելացող պարզ դրսևորում է, և սիրիահայերն իրենց մաշկի վրա այսօր զգում են այդ երևույթը»,-նշում է նա եւ հավելում, որ Հայաստանից սիրիահայերն արդեն արտագաղթում են, նրանց զգալի հատվածի համար Հայաստանը տարանցիկ երկիր է այսօր:

Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների, Սիրիայի 80,000 համայնքից վերջին երկու տարում Հայաստան տեղափոխվածների թիվը կազմել է 16,000, որոնցից 5000 հոգի «տարբեր պատճառներով լքել են Հայաստանը»:

ՀՀ Սփյուռքի Նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը ընդունում է` բռնության դեպքեր կան, սակայն «պրոբլեմը սրված չէ»:

«Նման դեպքեր կարող են պատահել բոլորի հետ, այստեղ խտրական վերաբերմունքի մասին խոսք չկա»,-նշում է նա,-մենք ամեն ինչ անում ենք սիրիահայերին աջակցելու, նրանց նեցուկ կանգնելու համար:

Սակայն, ըստ սիրիահայ Թամար Երանոսյանի, ով վերջին մեկուկես տարվա մեջ երկու մեծ բիզնես է ձախողել Հայաստանում, երկրում բիզնես միջավայրը, թանկությունը եւ բարքերը թույլ չեն տալիս զարգանալու:

«Սկզբում մենք ռեստորան բացեցինք, սակայն վեց ամիս անց փակեցինք եւ մանկական շորերի խանութ բացեցինք: Այստեղ բիզնես վարելն անհնար է, վարձերը, հարկերը տալուց հետո ձեռքներս ալ բան չի մնար»,-«Մեդիալաբին» պատմել է Երանոսյանը:

Պատերազմի հետեւանքով Հայաստանում ընտանիքով ապաստանած սիրիահայ Ժիրայր Հելվաջյանը, նշում է` «փոշմանել ենք, որ Հայաստան ենք եկել»:

«Սիրիայում մենք` հայերս, շատ լավ էինք ապրում, շատ-շատ լավ: Մենք որևէ մեկ ազգի հետ ոչ մի պրոբլեմ չունեինք: Ընդհակառակը` մենք ավելի սիրված ու հարգված էինք, քան թե տեղացի մուսուլմանը»,- պատմում է նա:

Հայերը Հալեպում աշխատում ու արարում էին, արժանապատիվ կյանք վայելում, ինչը Ժիրայր Հելվաջյանը Հայաստանում չի տեսնում:

«Մեդիալաբի» հետ զրույցում, նա ասել էր, որ Հայաստանում իրենց օտար են զգում, քանի որ ամեն առիթով իրենց հարցնում են՝ պարսի՞կ եք, խտրական վերաբերմունքի են արժանացնում:

Նաև պատմում է, որ բացի այն, որ Հայաստանում ցածր աշխատավարձերի դեպքում, ամեն ինչ անհամեմատ թանկ է, սիրիահայերի վրա շուկայում ապրանքներն ավելի թանկ են վաճառում, աշխատանք չկա, ոչ էլ հեռանկար, գործում են ծանոթ-բարեկամի սկզբունքները, ազատ բիզնեսի համար դաշտ չկա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատում է, որ ինչպես նախորդ տարիներին Հայաստան տեղափոխված մյուս փախստականները, սիրիահայերը նույնպես հայ հասարակությանն ինտերգրվելու խնդիր ունեն:

«Սիրիահայերն, ով ինչպես կարողանում են, հարմարվում են: Երբեմն հայրենասիրությունն է հաղթում, երբեմն իրենց մեջ մարդկային սերն է հաղթում, բայց այդպես երկար չեն կարող դիմանալ և արդեն չեն դիմանում»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

«Երկիրը երկիր է» նախաբանով, ամեն ինչ զրոյից սկսած սիրիահայ Ջաբախչուրյանների ընտանիքը, ովքեր արագ սննդի կետ են բացել Հայաստանում, եւ լահմաջու են պատրաստում, հավատացնում են, որ ամեն ինչ այնքան էլ սեւ չէ:

«Սիրիայում մեծ կարողություն ենք թողել, եւ այստեղ զրոյից սկսել ենք մեր բիզնեսը, մարդ պիտի մի քիչ համբերություն ունենա»,-ասում են հայր եւ որդի Ջաբախչուրյանները,-Հալեպի համեմատ եկամուտն անհամեմատ փոքր է, բայց երկիրը երկիր է, ուղղակի աշխատել է պետք»:

«Այգ» հոգեբանանական կենտրոնի հոգեբան Նելլի Հարոյանը նշում է, որ մշակույթների, լեզվական տարբերությունների եւ աշխարհընկալման մեջ տարբերությունները չէին կարող զգացնել չտալ:

«Մենք շատ էգոցենտրիկ, մոնո ազգ ենք, մեզ մոտ այլազգիները գրեթե չկան եւ այդ տարբերությունները շատերի մոտ ագրեսիա են առաջ բերում»,-«Մեդիալաբին» ասում է Հարոյանը,-Բացի այդ, Հայաստանում շատերը գոյատեւելու խնդիր ունեն, ամեն երրորդ մարդ աղքատ է համարվում, եւ այդ ֆոնին սիրիահայերից շատերը շատ ավելի լավ են ապրում, ինչը նույնպես զայրույթ է առաջացնում տեղացիների մոտ»:

Վահե Ներսեսյան

© Medialab.am