Մայր աթոռն արձագանքել է

Մայր աթոռն արձագանքել է
Մայր աթոռն արձագանքել է

Սանահինի եկեղեցու հետ կապված սկանդալային պատմությանն անդրադարձել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը` «Մեդիամաքսի» հետ զրույցում: Հիշեցնենք, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում բողոքի մեծ ալիք է բարձրացվել. Facebook ցանցում նույնիսկ Ամենայն հայոց կաթոցիկոսին եկեղեցուց հեռացնելու պահանջով խումբ է բացվել, որին արդեն միացել են մի քանի հարյուր օգտատերեր:

Աղմուկը կապված էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այն հայտարարության հետ, որտեղ վերջինս հայտարարեց, թե Սանահինի եկեղեցու հետ կապված հանդիպում է ունեցել Գարեգին Բ-ի հետ, որի ընթացքում կաթողիկոսը հայտարարել է, թե ինքը գործ չունի լեռներում տեղակայված եկեղեցների հետ:

«Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ վանքերի եւ եկեղեցիների վիճակի առնչությամբ Մայր Աթոռը պարբերաբար տեղեկատվություն է ստանում թեմերից եւ ծխերից, կարիքներից ելնելով` հնարավոր միջոցներ գործադրում դրանց վերականգման, նորոգության եւ պահպանության համար: Ինչպես բազմիցս նշել ենք, Մայր Աթոռը բավարար միջոցներ չունի միաժամանակ նորոգելու բոլոր վանքերը, սակայն վերականգնողական աշխատանքներ իրականացնում է` առաջնահերթության սկզբունքից ելնելով»,- հայտարարել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով, «անհատ բարերարներից եւ ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել եւ նորոգվում են բազում սրբավայրեր»:

Միեւնույն ժամանակ հստակ է, ըստ նրա, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը:

«Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք հետեւյալը, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»,- հայտարարել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Ինչ վերաբերվում է Կաթողիկոսի դեմ սկսված բողոքի ալիքին, ապա Վահրամ քահանա Մելիքսյանը նշել է, թե «չիմանալով, թե որոնք են իրական դրդապատճառները Եկեղեցու դեմ անարդար եւ անպարկեշտ այս արշավի, անշուշտ պիտի ցանկանայինք, որ դրսեւորվող այդ «նախանձախնդրությունը» եւ «հայրենասեր ոգին» փոխակերպվեին եւ ուղղորդվեին, օրինակ, նույն Սանահին վանքի եւ տարբեր այլ սրբավայրերի մաքրման, նորոգման եւ պահպանության գործնական աշխատանքներին, ինչպես կատարում են նրանց պես երիտասարդներով համալրված Հայ Եկեղեցու տարբեր երիտասարդական միություններ»: 

«Պիտի ուղղակի տեղեկացնեմ թե’ նախաձեռնության մասնակիցներին եւ թե’ ողջ հասարակությանը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից վերջին տարիների ընթացքում նորոգվել եւ այժմ էլ վերանորոգման ընթացքի մեջ են հարյուրից ավելի պատմական վանքեր եւ եկեղեցիներ»,- հայտարարել է Վահրամ քահանա Մելիքյանը:

© Medialab.am