«Պատվաստումների պահանջարկն աճել է. այժմ օրական մինչև 15 հազար պատվաստում է իրականացվում». Սվետլանա Գրիգորյան

Հայաստանում պատվաստումային գործընթացում առողջապահության կազմակերպիչները ակտիվություն են նկատում: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ասում է՝ վերջին շրջանում պատվաստումների ցուցանիշն աճում է: Միաժամանակ ընդգծում՝ դա ամենևին էլ կապված չէ Հայաստանում «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման հետ:

«Վերջին շրջանում նկատվում է պատվաստումների ցուցանիշի աճ, բայց դա կապել միայն «Մոդեռնայի» հետ, ճիշտ չէ», -«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Սվետլանա Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Մոդեռնա» պատվաստանյո՞ւթն է ակտիվացրել պատվաստման գործընթացը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան և արդեն հոկտեմբերի 9-ից պոլիկլինիկաներում ու պատվաստումների շարժական կայաններում իրականացվում է պատվաստում այդ պատվաստանյութով:

ՀՎԿԱԿ պաշտոնյան տեղեկացրեց, որ ներկայումս «Մոդեռնայի» չափաբաժինը բաշխվում է՝ հաշվի առնելով նաև երկրորդ դեղաչափով պատվաստման գործոնը:

«Առկա քանակները կառավարվում են այնպես, որ այն անձինք, ովքեր ստացել են առաջին դեղաչափը, կարողանան ստանալ նաև երկրորդը»,- ընդգծում է պաշտոնյան:

Ընդհանուր առմամբ, ըստ Սվետլանա Գրիգորյանի, գործընթացի աշխուժացման վրա ազդեցություն են ունեցել առողջապահության նախարարի հրամանը և իրականացվող սահմանափակումների քաղաքականությունը:

«Ե՛վ իրազեկման աշխատանքները, և՛ որոշակի սահմանափակումների մեխանիզմի ներդրումը հանգեցրել են նրան, որ պատվաստումների պահանջարկը բարձրացել է, և վերջին շրջանում դիտվում է պատվաստումների ցուցանիշի աճ»,- նշում է Սվետլանա Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե առողջապահության նախարարի հրամանի կատարման դեմ շատերն ընդվզում են՝ հայտարարելով, թե պարտադրանքի տարր կա, ՀՎԿԱԿ պաշտոնյան արձագանքեց.

«Ես այդ կարծիքին չեմ, քանի որ առողջապահության նախարարի հրամանով պարտադիր են ՊՇՌ թեստի հանձնումը և դրա պատասխանի ներկայացումը գործատուին: Պատվաստումներն այս դեպքում այլընտրանք են: Եթե պատվաստումները կարող են տվյալ անձին պաշտպանել քովիդի ծանր դեպքերից, մահվան դեպքերից, ապա ՊՇՌ թեստը նպաստում է, որ վիրուսի շրջանառությունը հասցնենք նվազագույնի»,- նշում է Գրիգորյանը:

Նկատենք, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից կիրառվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որի համաձայն աշխատողը գործատուին պետք է ներկայացնի կամ քովիդի թեստ՝ բացասական պատասխանով, կամ լինի պատվաստված:

Սվետլանա Գրիգորյանի ներկայացմամբ՝ եթե նախկինում պատվաստումների քանակը կազմում էր օրական միջինը 3000, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում օրական մինչև 15 հազար պատվաստում է իրականացվում: «Դա վերաբերում է ամբողջ Հայաստանին: Ճիշտ է, Երևանում պատվաստումների քանակը մի քիչ ավելի շատ է, դա բացատրվում է նրանով, որ բնակչությունն այստեղ շատ է, բայց, ընդհանուր առմամբ, գործընթացն ակտիվ է երկրի ամբողջ տարածքով»,- հավելում է մասնագետը:

Պատվաստանյութերի տեսականու հետ կապված՝ Գրիգորյանն ասում է, որ առաջիկայում համալրումներ կլինեն, սակայն մինչ այդ բոլոր պոլիկլինիկաներն ու շարժական կետերը համալրված են պատվաստանյութերի խմբաքանակով:

MediaLab.am