Մեկնարկել է իշխանություն-ընդդիմություն երկխոսության երկրորդ հանդիպումը

Մեկնարկել է իշխանություն-ընդդիմություն երկխոսության երկրորդ հանդիպումը
Մեկնարկել է իշխանություն-ընդդիմություն երկխոսության երկրորդ հանդիպումը

Քիչ առաջ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ընդդիմության եւ իշխանության երկխոսության երկրորդ հանդիպումը:
Առաջինը կառավարության ընդունելությունների տուն են ժամանել իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի անդամները: Ժամը 12-ին ժամանել են ընդդիմադիր գործիչները:

Հանդիպումը լուսաբանելու համար նախապես հավատարմագրված լրագրողներին հնարավորություն է տրվել միայն 5 րոպե լուսա եւ տեսա նկարահանում իրականացրել, ինչից հետո` 12:05-ին կողմերը սկսել են հանդիպումը, որը այս անգամ եւս մեկնարկել է փակ դռների հետեւում:

Իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հրաժարվել է պատասխանել «Մեդիալաբի» հարցին, թե արդյո՞ք այս հանգամանքը նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչները փաստացի մերժել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատրաստակամությունը` ուղիղ եթերում հեռարձակել երկխոսությունը: Հիշեցնենք, որ ընդդիմությունը ողջունել էր «Երկիր Մեդիա»-ի այդ պատրաստակամությունը:

Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար ձեւավորված պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին:

Իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի կազմում են Դավիթ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը` ՀՀԿ-ից, Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Բոստանջյանը` ԲՀԿ-ից, եւ Խաչիկ Հարությունյանն ու Մհեր Շահգելդյանը` ՕԵԿ-ից:

Ընդդիմության պատվիրակության կազմում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը` ՀԺԿ-ից եւ Սամվել Աբրահամյանը` ՀՀՇ-ից:

© Medialab.am