Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա. «Ազատություն»

«Ազատության» հաղորդմամբ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ. «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում»,- նշել է Կլաարը՝ հավելելով,- «Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի»:

«3+3» ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակում երկու օր առաջ Թեհրանում կայացավ արտգործնախարարների հանդիպում, Կլաարն ասաց, որ թեև այն խնդիրը լուծող չէ, սակայն կարող է օգտակար լինել՝ «հակասություն չկա»:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել: