Մեր կողքին ապրող մարդիկ. Լենան

Լենան

Արարատի մարզի Ղուկասավան գյուղում միակ եզդին, որ բարձրագույն կրթություն է ստանում, 21-ամյա Լենա Միրզոյանն է:  Գյուղի բնակչության մեծամասնությունը հայեր են, սակայն այստեղ ապրում է քառասուն եզդի ընտանիք:

– Այդպիսի ուսումնական տարի չկա, որ առաջին դասարանում գոնե մեկ եզդի երեխա չլինի: Ես էլ եմ մեր գյուղի դպրոցն ավարտել,- աչքերը փայլելով՝ պատմում է Լենան, որ  չորս տարի առաջ անգամ չէր համարձակվում երազել բարձրագույն կրթություն ստանալու մասին:  

Լենան սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, նաև Ղուկասավանի դպրոցի եզդիերեն լեզվի խմբակի ղեկավարն է, ինչպես նաև «Խիրատ մեդիա»-ի SMM  (սոցիալական մեդիա մարքեթինգի) մասնագետն ու փոդքաստերը: 

Երկարամազ, սևահատիկ աչքերով, սիրուն ձայնով, որ նրան մի այլ հմայք է հաղորդում, Լենան խոնարհ է իր ազգության, կրոնի ու ավանդույթների հանդեպ, բայց ըմբոստ՝ կարծրատիպերի ու իր երազանքները կոտրող երևույթների նկատմամբ:  

– Դեռ փոքրուց մեզ սովորեցրել են, որ կրթությունը կարևոր է, բայց երբ մեծ քույրս ավարտեց դպրոցն ու ակնարկեց, որ ուզում է բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորել, տանը բացատրեցին, որ դա այնքան էլ ընդունելի չէ, և իրեն ամուսնացրին՝ համարելով, որ «հասել» էր ամուսնության տարիքը: 

Երբ հայկական մեդիայում հայտնվում է հերթական նյութը եզդի աղջիկների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում չսովորելու կամ դպրոցական կրթությունը կիսատ թողնելու մասին, հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ երևույթը բնական համարողներն ու երևույթին ընդդիմացողները:  Լենան, լինելով եզդիական համայնքից, գիտի, որ այս ամենը փուչ տեղը չէ. եզդիները ինքնության պահպանման խնդիր ունեն, և հաճախ ավագ սերունդը կրթությունն ընկալում է որպես այդ ինքնության ոչնչացման համար առաջին խոչընդոտ: 

– Տատիկ-պապիկս իհարկե դեմ էին իմ կրթություն ստանալուն, բայց ես համառ գտնվեցի: Մտածում էին, թե կրթություն ստանալուն զուգահեռ կմոռանամ իմ լեզուն, կրոնը, ամենասարսափելին նրանց համար՝ կսիրահարվեմ հայ տղայի: 

Եզդիների կրոնն արգելում է ամուսնանալ այլազգիի կամ այլ կաստայի ներկայացուցչի հետ, հետևաբար Լենան ասում է, որ բացառում է երբևէ հայ տղայի սիրահարվելը:

Տատիկ-պապիկի մտավախությանը հակառակ՝ նա է հենց եզդիական մշակույթի, ապրելակերպի, վարքուբարքի մասին պատմում համալսարանում: Հաճախ հյուրընկալում է նաև ոչ միայն հայ ընկերներին, այլ նաև՝ օտարազգիների, որոնց հետ աշխատում է: Հիշում է, որ վերջերս Ֆիլիպիններից եկած հյուրերն այնքան էին հետաքրքրել գյուղի բնակիչներին, որ Լենայենց տուն էին գնացել բարեկամները, սեղան գցել ու անկաշկանդ շփվել վերջիններիս հետ: 

Կրթություն ստանալը յուրաքանչյուր մարդու իրավունքն է, բայց Լենան ասում է, որ հաճախ եզդի աղջիկներին չեն էլ հարցնում՝ ինչ են ուզում: Օրինակ՝ եթե ընտանիքը գտնում է, որ աղջկան ամուսնացնելու ժամամակն է, կարող են պարզապես հաշվի չառնել նրա կարծիքը: 

Հայաստանում եզդիական համայնքը փոքր չէ, և Լենայի հնչած տեսակետներն ու մտքերը կարող են չհամընկնել համայնքի մյուս ներկայացուցիչների տեսակետների հետ: Լենայի պատմությունը հիմնված է իր փորձառության վրա, բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն տարածվում է ողջ համայնքի վրա:  

– Դպրոցում երբեք ենթարկվող երեխա չեմ եղել: Ես գիտեմ եզդի աղջիկների, որոնց դպրոցում ասել են՝ ոչինչ, որ չես սովորում, դու եզդի ես, կամ լռի՛ր, մեկ է՝ քեզ սովորել պետք չէ: Իմ դեպքում հակառակն էր՝ ինձ և՛ դասղեկս, և՛ դասընկերներս քաջալերում էին ու պնդում, որ պետք է բարձրագույն կրթություն ստանալ: 

Քովիդի շրջանում, երբ  Լենան 12-րդ դասարանում էր սովորում,  համոզված էր, որ տանն իրեն թույլ չեն տալու գնալ Երևան և կրթությունը շարունակել: Բայց դասղեկն առաջարկեց մեկ ամիս շարունակ պարապել միասին, թեկուզ՝  աչքի անցկացնել «Շտեմարանը»: 

– Մենք հեռախոսով էինք պարապում, որովհետև տանը դեմ էին, որ գնայի դասղեկիս տուն պարապմունքի: Ես նույնիսկ չէի ասել, որ բուհի ընդունելության քննությունների եմ պատրաստվում: Համոզել էի, որ դպրոցական քննություններին ընդառաջ կրկնուսույցի կարիք ունեմ: 

Լենան, որ միայն մորն էր պատմել, որ միասնական քննությունների է պատրաստվում, հանձնեց քննությունն ու անվճար ընդունվեց Երևանի պետական համալսարան, և տան անդամներին այլ ելք չմնաց, քան ընդունել, որ աղջիկն ուզում է սովորել: Լենան շփվում է այլ եզդի աղջիկների հետ, որոնք հայաստանյան բուհերում են սովորում, և որքան էլ նրանց զրույցները տարբեր թեմաների մասին են, միևնույն է՝ հաճախ քննարկում են հենց ամուսնության խնդիրը: 

– Թեև մենք բուհերում ենք սովորում, բայց գիտակցում ենք, որ ամուսնության թեման «սպառնում» է բոլորիս: Մեզ փորձում ենք սահմանափակել, բռի մեջ պահել: Հասարակ հարց՝ մենք չենք կարող որոշել ու գնալ որևէ տեղ սրճել, զբոսնել: Մեր աղջիկներից մեկին, որ սովորում էր բուհում, առանց իր կամքը հարցնելու ամուսնացրին: Դա սթրես էր բոլորիս համար ու հստակ առերեսում իրականության հետ: Եզդիական համայնքում կրթության և ընտանիքի միջև ընտրության ժամանակ աղջկա պարագայում միշտ հաղթում է ընտանիք կազմելը: 

Լենան համոզված է, որ եթե չունես կրթություն, չունես հնարավորություն, չես կարողանում խնդիրներդ ինքնուրույն լուծել: Կարծում է, որ կրթությունն օգնում է մարդուն բացահայտելու մի կարևոր երևույթ՝ ուրիշներին օգտակար լինելը: Հենց կրթությունը նրան ոգեշնչեց սովորելուն զուգահեռ դասավանդել դպրոցում: Համեստ է, ասում է, որ լավագույն մանկավարժը չէ, բայց փորձում է ընկեր լինել երեխաների համար, փորձում է քաջալերել նրանց, որովհետև ինքն էլ ունեցել է ոգևորող մարդու կարիք (իր դեպքում դասղեկն էր):

– Երեխաների հետ աշխատելուց հետո հասկացա, որ հատկապես աղջիկները մի օր ավելիին են հասնելու, քան ես, որ իրենք ավելի համարձակ են լինելու, որ մի կողմ չեն դնելու իրենց երազանքները: Ուզում եմ հավատալ, որ արտաքին խնդիրներին չեն տրվելու ու պայքարելու են, որ իրենցից չխլեն երազանքը: 

Լենան ասում է, որ ամբողջ եզդիական համայնքի՝ աղջիկների կրթության վերաբերյալ միանշանակ կարծիք հայտնել չի կարելի: Կան տղամարդիկ, որոնք, այո՛, դեմ են աղջիկների կրթությանը, կան տղամարդիկ, որոնք քաջալերում են. այս ամենը կախված է ընտանիքից, անգամ՝ բնակավայրից: Ինքը գտնում է, որ խոհեմ մարդիկ երբեք չեն կարող տեղի-անտեղի իրեն անվանարկել, իսկ այն մարդիկ, որոնք դա անում են, իրեն չեն հետաքրքրում: 

– Պիտի ասեմ, որ վերջին տարիներին հատկապես երիտասարդները հակված են ընտրելու գոնե դպրոցական լիարժեք կրթություն ստացած աղջիկների: Ի վերջո, նրանք հասկանում են, որ այդ կանայք դաստիարակելու են իրենց երեխաներին, և գոնե սա լրացուցիչ մոտիվացիա է դառնում եզդի տղամարդկանց համար: 

Երբ Լենային առաջարկեցի երեկոյան 7-ին հանդիպել սուրճ խմելու, ասաց, որ չի կարող, իրեն այդ ժամին թույլ չեն տա դուրս գալ, այն էլ՝ հասնել Երևան: Սա կրկին չի նշանակում, թե բոլոր եզդի ընտանիքներում կա այս արգելքը, բայց Լենան ասում է, որ այն աղջիկներին, որոնց ինքն է ճանաչում, նույնպես թույլ չէին տա այդ ժամին դուրս գալ կամ հավանաբար կասեին, որ որևէ մեկը պիտի ուղեկցի՝ հիմնականում պատճառաբանելով, որ  երեկոյան ժամին դուրս գալը անվտանգ չէ կամ հարիր չէ: 

– Մինչև համալսարան ընդունվելը երբեք մենակ Երևան չէին թողնում, իսկ ես երազում էի Երևանը գիշերով տեսնել: Երբ ընդունվեցի, ու դասերն էլ երկրորդ հերթափոխով էին, մինչև կանգառ քայլելն ուղղակի ուրախություն էր ինձ համար: Ես գիտեմ՝ ինչ է կարելի իմ ընտանիքում, ինչը՝ ոչ, դրա համար հարգելով նաև իմ ընտանիքի բարքերը, աշխատում եմ խնդիրներ չստեղծել: 

Եզդիական համայնքում վերջին տարիներին հատկանշանական փոփոխություններ, ինչ խոսք, գրանցվել են: Լենայի պատմելով՝ ամուսնության ամենավաղ տարիքը աղջիկների համար, որ այժմ ընդունելի է համայնքում, 17-ից է սկսվում: Շատ ընտանիքներ կան, որտեղ ընդունելի է աղջկա բարձրագույն կրթություն ստանալը: Գիտի, որ 2023 թվականին Հայաստանի բոլոր բուհերում 40 եզդի ուսանողներ են սովորում, որը վերջին տարիներին գրացված ամենաբարձր ցուցանիշն է (սա ոչ պաշտոնական ցուցանիշը է): 

Լենայի ընկերների մեծ մասը հայեր են, ամենամտերիմները՝ ևս: Ասում է, որ դպրոցական տարիքում էր արդեն հասկանում էր, որ ունի եզդի ընկերուհիներ, որոնց հետ չի շփվելու, որովհետև ունեն տարբեր արժեհամակարգ, սկզբունքներ, տեսակետներ, որոնք մի օր բախվելու են: 

– Իմ դպրոցական ընկերուհին 12-րդ դասարանում ամուսնացավ, և մեր կյանքի ճանապարհները բաժանվեցին: 

Համալսարանում ընկերները գիտեն, որ քաղաքից դուրս իրենց հետ չի կարող գնալ, որ սրճելու, զբոսնելու չի գնում, բայց հայ կուրսընկերուհի էլ ունի, որին նույնպես թույլ չեն տալիս, այնպես որ, ընկերներն արդեն ընդունել են: Հարցեր՝ կապված ավանդույթների, ծեսերի, վարքուբարքի հետ, շատ են տալիս: Համալսարան գնալու առաջին օրվանից բոլորը բազմաթիվ հարցեր էին ուղղում, որոնք երբեմն խիստ կարծրատիպային էին: Լենան մի օր որոշեց պարզապես համալսարանում միջոցառում կազմակերպել, պատմել եզդիների մասին և, հարցերին պատասխանելով, նաև կոտրել կարծրատիպերը, որոնք հաճախ թյուրըմբռնման հետևանք են կամ բացատրության կարիք ունեն: 

Մենք՝ հայերս, միշտ նշում ենք, թե որքան խաղաղ ենք ապրում եզդիների ու այլ ազգային փոքրամասնությունների հետ, բայց խաղաղ ապրել չի նշանակում իմանալ այդ մարդկանց մասին: Եթե անգամ մենք ունենք ինֆորմացիա, ապա այն ավելի շատ հիմնված է կարծրատիպերի, քան՝ իրականության վրա: Լենան, լինելով եզդիական համայնքի ներկայացուցիչ, օրինակ կարող է լինել ոչ միայն իր համայնքի, այլ նաև մեզ համար, որ փորձենք հաղթահարել կարծրատիպերը, ճանաչենք եզդիներին: Վստահ եմ, որ շատ եզդի աղջիկներ են ունեցել երազանք՝ ստանալ բարձրագույն կրթություն, ու ինչ-որ պահի հրաժարվել են դրանից, իսկ Լենան հրաժարվել է ընդունել, որ իր երազանքը կարող են գողանալ:

Կուշանե Չոբանյան

MediaLab.am