Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի մանկապարտեզը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք կբերի նորացված գույք, կունենա հիմնանորոգված դահլիճ:
Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազարը՝ Վարսերի համայնքապետարանը:
Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի տեղեկացմամբ՝ Վարսերի մանկապարտեզը շենքային ու գույքային անբավարար պայմանների պատճառով գործունեությունը դադարեցրել է 5 տարի առաջ: Շենքի հիմնանորոգումը մեկնակել է նախորդ տարում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարվանից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի եւ կավարտվի օգոստոսին:
Իսկ այս տարվա ծրագրով նախատեսում ենք դահլիճի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ գույքի ձեռքբերում:Առաջին հարկի անցումային հատվածը եւ նախկին ճաշարանային տարածքը վերակառուցվում են որպես մարզադահլիճ, նիստերի դահլիճ, խմբակների համար սենյակներ՝ մոտ 435 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:
Այս ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը կկարողանա իր դռները բացել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը կգործի երկու խմբով՝ 60-65 տեղով»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։