Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական խանդով է լցված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, Հայաստանի առաջին նախագահը երեկ հայտարարություն էր տարածել և առաջարկել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա ու ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության երաշխավորության պահպանմամբ ապաստանի արտերկրում: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է նման առաջարկ արվում ձեր քաղաքական առաջնորդին:

– Դժվարագույն հարց է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանին ես ճանաչում եմ 90-ականների սկզբներից: Հստակ կողմնորոշվել, թե ի՛նչ նպատակներով է դա ասում կամ անում, կդժվարանամ:

Վախենամ՝ իմ կարծիքը էլի զգացմունքային տարրերով շաղախված լինի: Լևոն Տեր-Պետրոսյանն այն անձնավորությունն է, որ իրենից բացի շրջապատում ոչ մեկի և ոչ մի բան չի ճանաչում:

Ինքը միշտ է այդպիսին եղել ու էդպիսին էլ մնում է: Նա 2013 թվականին հայտարարեց, որ 68 տարեկան է ու չի մասնակցելու ընտրություններին, բայց նրա թիմում հարգարժան ու պատվավոր մարդիկ կան, կարող էր մեկին պատրաստել որպես նախագահի թեկնածու: Բայց նա չի անում այդպես, քանի որ իրենից բացի ոչ մեկին չի տեսնում այդ կարգավիճակում: 

Նա շատ լուրջ քաղաքական խանդով է լցված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, քանի որ այս ծանր իրավիճակում ժողովուրդը, փաստորեն, նրա կողքին է: 

– Դուք կարծում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական գործընթացներին մասնակցության հա՞յտ է ներկայացնում:

– Ես չեմ կասկածում և նաև չեմ դատապարտում այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը քաղաքական գործոն են ու նույնիսկ կակտիվանան հավանական ընտրություններից առաջ:

Դատապարտելի ոչինչ չկա: Բայց այն դեպքում, երբ փողոցային ու խորհրդարանական որոշակի գործընթացներից հետո նշմարվում են էլեմենտներ, որ իշխանությունն ու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը գան ընդհանուր հայտարարի, հայտարարել նման բան, կներեք… Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ հասկանում՝ ինչ բան է վարչական ռեսուրսը:

Այսօր կառավարությունը կամ իշխանությունը վարչական ռեսուրս ունի՞, երբ կառավարման համակարգի միջին օղակը երազում է, որ վարչապետը տապալվի, որ գան հին օրերը, որպեսզի դուրս գան իրենց այս վիճակից ու զգան ինչպես հին, բարի ժամանակներում՝ ձուկը՝ ջրում…

Ո՞րն է այս դեպքում վարչական ռեսուրսը: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների: Բայց ինքն ասում է՝ ընտրությունները կկեղծվեն, վարչական ռեսուրս կօգտագործվի՝ շատ լավ իմանալով, որ այդպես չի լինի: 

– Դուք ակնարկեցիք, որ հիմա, երբ ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավորություն կա, Լևոն Տեր-Պետրոսյանը նման հայտարարությամբ խանգարում է: Ճի՞շտ հասկացա:

– Այո՛, այո՛: Ինքը պատրաստ է շուրջը ամեն ինչ ավերվի, վառվի, միայն բոլորը, աշխարհը հասկանան, որ ամենախելոք Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ մոտ է, աշխարհի ամենագրագետ Լևոն Տեր-Պետրոսյանը այստեղ է և այլն, և այլն:

Այդպես է եղել: Նա 1996-ին ընտրություններ կեղծեց, և այդ ամենից հետո մեր երկրում սկսվեցին չարիքները, ու երբ ինքը չնախագահ էր 1998-ին, ասացին գնա, սուսուփուս գնաց:

Իսկ վարչապետն այդքան ճնշումներից հետո, միևնույն է, մնում է ռելսերի վրա: Ինչո՞ւ: Որովհետև ժողովրդի մեջ հենարան ունի:

– Դուք ասում եք՝ ժողովուրդն իր հենարանն է, բայց ձեր ընդդիմախոսները պնդում են՝ կառչած է աթոռից, իշխանությունից:

– Այն իրողությունները, որ այսօր կան Հայաստանում, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես գալիս, երբ գլխավոր շտաբի պետը էդպիսի հայտարարություն է անում, որ գրողները, մտավորականները ազատ արտահայտում են իրենց մտքերը, երբեմն՝ ոչ ընդունելի լեքսիկոնով, այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի վարած քաղաքականության արդյունք են: Այդ ընթացքում է հենց ծնվում իրական ժողովրդավարությունը: 

– Վիրավորվա՞ծ եք Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, քանզի ձեր ֆեյսբուքյան էջում բավական կոպիտ էիք արտահայտվել:

– Չէ, վիրավորված չեմ, ես ուղղակի վատ եմ զգացել, գիտեմ, որ ինքը բավական խելոք մարդ է ու ոչ մի նախադասություն հենց այնպես չի ասում:

Էն որ կրակ ես անում, ու կրակը կամաց-կամաց մարում է, և ինչ-որ մեկը փչում է, որ կրակը նորից կպնի: Հիմա այդ վիճակում Տեր-Պետրոսյանն է: Մենք փորձում ենք բանակցությունների միջոցով իրավիճակից դուրս գալ, բայց նա փչում է այդ կրակը, որ նորից վառվի:

– Չե՞ք կարծում, որ նա այդուհանդերձ վտանգներ է տեսնում և բարի կամք է ցուցաբերում՝ ձեր առաջնորդին զգուշացնելով:

– Դե, գիտեք ի՞նչ… Ո՛չ, ես չեմ տեսնում վտանգ: Միգուցե դուք տեսնում եք վտանգ, միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը տեսնում է, միգուցե Իշխան Սաղաթելյանը տեսնում է, ես չեմ մեղադրում նրանց:

Բայց տեսնելուց հետո գնահատական տալը և լուծում գտնելը ո՞նց են արվում: Այսինքն՝ թույլ տալ, որ ինչ-որ մեկը կամ մի քանիսը որոշեն՝ ով պետք է լինի երկրի իշխանությո՞ւնը: Ո՞նց, ձևը ո՞րն է: Ձևը ընտրություննե՞րը չեն: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am