«Նրանք մարդիկ են, որոնք տարբեր պատճառներով՝ անձնական, գուցե շահադիտական, հեռանում են». Կարինե Աճեմյանը՝ ՀՀԿ-ն լքողների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը

– Տիկի՛ն Աճեմյան, ինչպե՞ս եք գնահատում, որ երեք հայտնի ՀՀԿ-ականներ մի դիմումի համաձայն դուրս են գալիս կուսակցությունից և նշում, որ վաղուց հասունացած պահ էր սա։

– Մենք վաղուց գիտեինք, որ նրանք այլևս կուսակցական չեն։ Իրենք ո՛չ առաջինն էին, ո՛չ երկրորդը կամ երրորդը։ Նկատի ունեմ, որ նրանք չգիտես ինչու իրենց դժգոհությունը 2018-ի մայիսի դեպքերից հետո արտահայտել էին։ Երևի թե ճիշտ կլիներ, որ այդ հարցն ավելի շուտ լուծվեր, բայց ուզում եմ նշել, որ նոր չի, որ նրանք այդ դիմումները գրել են, երկու ամիս կարծեմ անցել է արդեն։ Երևի թե այս պահին են որոշել հրապարակել։ 

– Թվում էր, թե ընդդիմությունը լինելով ՀՀԿ-ն ավելի միասնական կլինի, բայց առաջին շարժը ՀՀԿ-ից եղավ հեղափոխությունից հետո, երկրորդը հիմա է, երբ արդեն կուսակցության ակունքներում կանգնածներն են հեռանում։ Սա չի՞ խոսում այն մասին, որ վերանայում պետք է կատարվի։ 

– Բացարձակապես կապ չունի այդ ամենը ձեր ասածի հետ, ակունքների հետ էլ կապ չունի։ Նրանք մարդիկ են, որոնք տարբեր պատճառներով՝ անձնական, գուցե շահադիտական, հեռանում են։ Առհասարակ, երբ կուսակցությունն արդեն իշխանության չէ, այդպիսի դեպքերը կարող են նաև կրկնվել։ 

Ես կարծում եմ, որ ավելի բարոյական կլիներ գոնե լռել, չխոսել կուսակցության մասին, կուսակցության գաղափարների ու ծրագրերի մասին, որովհետև եթե իշխանության եղած ժամանակ որևէ հարց կոնկրետ չես բարձրացրել, և դա անում ես այն դեպքում, երբ արդեն մենք իշխանության չենք, այդտեղից արդեն դուք կարող եք հետևություններ անել։ Մենք գիտենք, որ նրանք 2018-ի մայիսին էլ, հունիսին էլ այդ մասին խոսք եղել է, որ բնական է, որ երբ կուսակցությունն այլևս իշխանության չէ, արտահոսք լինում է։ 

– Ամեն դեպքում ինչպե՞ս եք գնահատում նրանց հայտարարությունները, որ եթե վարչապետը հրաժարական է տալիս, ուրեմն պետք է նաև կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնի, որ պետք է կուսակցությունում փոփոխություններ լինեն։

– Շատ տարօրինակ է այս ամենը լսելը, և ես էլի պետք է կրկնեմ, որ ավելի բարոյական կլիներ լռել, և նրանց ասածներին չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև դրանք տրամաբանությունից դուրս են։ Եթե բան կար ասելու, կարելի էր այն ժամանակ ասել, երբ նրանք նաև պաշտոններ ունեին, կուսակցությունն էլ իշխանության էր։ 


– Նոր Հայաստանում քրեական գործեր են հարուցվել Սերժ Սարգսյանի, ձեր իշխանության տարիների տարբեր պաշտոնյաների նկատմամբ։ Այսօր էլ ԱԺ-ն ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենք ընդունեց, որը, ըստ էության, ավելի շատ վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Դուք այս գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։ 

– Նախ՝ այս երկու տարվա մեջ որևէ լուրջ ապացույց չի եղել ո՛չ մեծ գողությունների, ո՛չ բյուջեի թալանի մասին։ Իսկ այն, ինչ հիմա մեր երկրում կատարվում է, քաղաքական հետապնդումների, մեծ քաոսի, խառնաշփոթի, ապաշնորհ կառավարման իրավիճակ է։ 

– Այսօր ՀՀԿ-ն իրեն դիրքավորել է որպես ընդդիմություն։ Ավելի շատ հեշտ էր իշխանությո՞ւն լինելը, թե՞ ընդդիմություն։ 

– Մեր երկիրը ոչ դասական և ոչ նորմալ իրավիճակում է, և ասել, որ մենք այսօր ընդդիմություն ենք, շատ տարօրինակ կլինի այն առումով, որ այսօրվա իշխանություններն իրենք են իրենց զգում ընդդիմություն, որովհետև անվերջ պայքարում են նախկին իշխանությունների դեմ։ 

Երբ մարդն իշխանություն ունի, պետք է աշխատի ու երկիրը զարգացնի, ոչ թե նախկինների հետ կռիվ տա։ Դա աննորմալ երևույթ եմ համարում։ 

Այս իրավիճակում արդեն անհասկանալի է, թե դասական առումով ընդդիմությունն ով է, իշխանությունն ով է։ Անվերջ միայն խոսվում է նախկինների մասին, անվերջ հետ են նայում, անվերջ փորփրում են անցյալը։ Իրականում մեր երկրում այսօր շատ լուրջ խնդիրներ կան և կառավարման հետ, և տնտեսության հետ, և նաև արտաքին հարաբերությունների ոլորտում։ Այս ամենի հետևանքները մենք շատ արագ զգալու ենք մեր կյանքի վրա։ 

– Այսինքն դուք չե՞ք կարծում, որ կյանքի որակը դեպի լավը փոխվել է։ Նշվում է, որ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է ընթանում, որ համակարգային կոռուպցիան վերացել է։

– Իսկ դուք ձեր վրա զգո՞ւմ եք կյանքի որակի փոփոխություն։ Կոռուպցիայի դեմ պայքարն ավելի համակարգված եղել է հենց նախկինում, ոչ թե հիմա։ Որովհետև երբ կոռուպցիայի դեմ պայքարում ես, դա լուրջ գործընթաց է, լուրջ մեխանիզմներ են, լուրջ գործիքակազմ է, որը պետք է ավելի համակարգված անել։ 

Եթե տեսնում եք, նոր իշխանությունների նոր պաշտոնյաները նույնպես ներգրավված են կոռուպցիայի մեջ, նրանք ձերբակալվում են, նրանք տարբեր ձևերով թալանում են բյուջեն, որովհետև պարգևավճարը նույնպես թալան է։ 

Այսինքն՝ ամեն ինչ շատ հարաբերական է, որովհետև նույն հասարակությունն է, մարդիկ են, նախկին-ներկա՝ որևէ նշանակություն չունի։ Մանավանդ այն պարագայում, որ նախկիններից շատերը պաշտոնների են, նախարարներ են, և այս պարագայում խոսել լուրջ, համակարգված գործընթացների մասին, կարծում եմ՝ բացարձակապես տեղին չէ։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am