Արմեն Գրիգորյանը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերաբերյալ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ավելի լավ շրջակա միջավայր ունենալու և կլիմայական ազդեցությունների նվազեցմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին: