ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդգետիվրա, երկու երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։
Հանդիպման ընթացքում Վրաստանի դեսպանը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող որոշ ընթացակարգերի կարգավորման, մասնավորապես բեռնափոխադրող վարորդներին Վրաստանի տարածքում վտանգավոր բեռների փոխադրումը պահանջող հատուկ թույլտվության տրամադրման կարգին վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաև Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների մշտադիտարկման նպատակով էլեկտրոնային նավարկման կապարակնիքների՝ Վրաստանի տարածքում կիրառման հնարավորության հարցը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի։