«Չիմացության հետևանք է եղել, որ հրամանատարները եզդի զինծառայողներին պարտադրել են անպայման խաչ կրել». Ռուստամ Բաքոյան

«Չիմացության հետևանք է եղել, որ հրամանատարները եզդի զինծառայողներին պարտադրել են անպայման խաչ կրել». Ռուստամ Բաքոյան
«Չիմացության հետևանք է եղել, որ հրամանատարները եզդի զինծառայողներին պարտադրել են անպայման խաչ կրել». Ռուստամ Բաքոյան

Հայկական բանակում ծառայող եզդի երիտասարդներին այլևս չեն պարտադրում խաչ կրել իրենց կրծքին։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով ամիսներ առաջ այս հարցը բարձրացրել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ։

«Ազգային ժողովում հարցը բարձրացնելուց հետո պարոն Տոնոյանի հետ հանդիպել ենք, զրույցել, նա շատ արագ արձագանքեց։ Եվ դրանից հետո խնդիրը լուծվեց»,- «Մեդիալաբին» ասաց Բաքոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այս հարցը բարձրացրել էր վերջերս Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխաններից մեկի ժամանակ՝ հետաքրքրվելով՝ արդյոք կա՞ նախարարի հրաման, որ բոլոր զինծառայողներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն: Նա նշել էր, որ գրեթե բոլոր զորամասերում կան եզդի զինծառայողներ, և նրանց պարտադրում են խաչ կրել կրծքին, ինչպես հայ զինծառայողների դեպքում է։

«Մի մասնավոր օրինակ բերեմ, սա բազմաթիվ դեպքերից մեկն է, երբ սպաներից մեկը ամբողջ զորամասի առջև բարձրաձայնում է հետևյալը. իրավունք ունե՞ն շարքում կանգնել այն զինվորները, որոնք խաչ չեն կրում: Գիտեք, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են ծառայության։ Եվ ես այս բողոքները մի քանի զորամասերի եզդի զինծառայողներից եմ ստացել, խնդրում եմ պարզաբանել»,- նախարարին դիմել էր Բաքոյանը։

Ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասել էր, որ խաչերը Վեհափառի նվիրատվությունն են մեր զինված ուժերին։ «Մենք ուղղակի կարգ ենք սահմանել, թե ինչպես կրեն հայ քրիստոնյա զինծառայողները այդ խաչը, ինչ չափով և որտեղ: Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ մեր հրամանատարական կազմի կողմից եզդի զինծառայողների նկատմամբ, ես խնդրում եմ՝ տվյալները փոխանցեք, շատ խիստ կպատժվեն։ Խտրականություն չի կարող լինել»,- ասել էր Տոնոյանը։ Նախարարը դա «ինչ-որ անգրագետ մոտեցում» էր որակել։

«Մեդիալաբի» հետ զրույցում Ռուստամ Բաքոյանն անդրադարձավ խնդրի մանրամասներին ու պատճառներին։ «Գուցե սա չիմացության հետևանք է եղել, որ շատ զինվորականներ իրենց թույլ են տվել եզդիներին պարտադրել, որ անպայման խաչ կրեն։ Այո, եղել են դեպքեր, երբ հրամանատարը կամ զինվորականները պարտադրել են, որ կրեն խաչ։ Բայց նրանք այդ իրավունքը չունեին։ Եվ սա եզդի զինվորների համար արդեն խնդիր էր դարձել։ Արդեն հասել էր այն աստիճանի, որ այս բողոքները շատ զորամասերից էինք ստանում»,- ասաց նա։ Սակայն վերջին շրջանում, նրա խոսքով, բողոքներ այլևս չկան։

Ռուստամ Բաքոյանն ասաց, որ չի կարծում, թե սա խտրական քաղաքականություն է։ Ավելի շատ, ըստ նրա, խնդիրը ծագել էր հրամանատարական կազմի չիմացության հետևանքով։ «Ես կարծում եմ, որ սա ավելի շատ չիմացության արդյունք է։ Ուղղակի գուցե պարտադրել են, որ բոլորը իրար պես կրեն այդ խաչերը»,- հավելեց նա։

Ռուստամ Բաքոյանը հաստատեց նաև տեղեկությունը, որ բանակում եզդի զինծառայողներին ստիպել են աղոթքի ժամին աղոթել։ Նրանք հրաժարվում են, բայց դրա պատճառով խնդիրներ չկան այսօր։

«Ես բազմիցս հանդիպել եմ եզդի զինծառայողների հետ։ Նրանք ասում են, որ աղոթքի հարցով որևէ խնդիր չունեն։ Երբ բարձրաձայնում են, որ չեն մասնակցելու աղոթքին, խնդիր չի լինում։ Խնդիրը խաչերի մասով է եղել, բայց այդ խնդիրն էլ կարծես վերացել է։ Եվ ուրախալի է, որ վերջին շրջանում, եթե ազգային փոքրամասնություններն ինչ-որ հարցով դիմում են կառավարություն, կառավարությունը շատ արագ արձագանքում է»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ նախորդ տարիներին՝ մինչև 2018 թվականը, երբ տարբեր հարցերով դիմել են կառավարություն, կամ խնդիրները չեն լուծվել, կամ իրենց դիմումներն անպատասխան են մնացել։

Հիշեցնենք, որ բանակում այս խնդրին միայն եզդի երիտասարդները չեն բախվել։ Նախկինում ևս բազմաթիվ ահազանգեր են եղել այն մասին, որ զինված ուժերում, հաշվի չառնելով ծառայության մեջ գտնվող երիտասարդների կրոնական հայացքները, նրանց ստիպել են աղոթել ու խաչակնքել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am