«Այսօր Ռուբենիս հետ միասին կնշեինք իր 22-ամյակը, եթե մարտի դաշտում հրամանատարական կազմը չլքեր տղաներին»․ Անուշն ասում է՝ կյանքը նվիրել է պայքարին, որ բոլոր մեղավորները պատասխան տան

43-ամյա Անուշ Մելիքյանը որդու ծննդյան օրը սկզբում Եռաբլուր, այնուհետև դատական նիստի է շտապել։ 

«Այսօր Ռուբենիս հետ միասին կնշեինք իր 22-ամյակը, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտում հրամանատարական կազմը չլքեր տղաներին՝ թողնելով միայնակ հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ»,- ասում է Անուշը։

Ինչպես Անուշը, այնպես էլ Ստեփանակերտի Ցոր զորամասի մյուս զոհված տղաների ծնողները շարունակում են իրենց պայքարը, որ որդիների զոհվելու համար մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն։

«Մենք 2020-ից հետո չենք ապրում։ Ցորի զոհված տղաների ծնողներով երդվել ենք՝ մենք կսկսենք ապրել այն ժամանակ, երբ կզգանք, որ բոլոր մեղավոր հրամանատարները պատասխան են տվել իրենց արարքների համար։ 

Հաջորդ նիստը սեպտեմբերի 28-ին է, որոշվեց, որ հարցաքննություն պետք ա լինի, ցուցմունք պետք է տան նրանք, որոնք եղել են միջադեպի ժամանակ։

Հույս ունենանք, որ տեղաշարժ կլինի, մեղավորները պատասխան կտան, մնացած տղաներն էլ անփորձանք կծառայեն, կվերադառնան ու չեն դավաճանվի, չեն լքվի հրանատարական կազմի կողմից, ոնց որ մեր տղաների հետ վարվեցին»,- ասում է որդեկորույս մայրը։

Ըստ Ցորի տղաների ծնողների հավաքած տեղեկատվության՝ պատերազմի ժամանակ հոկտեմբերի 12-ին տղաները Ջուվառլու կոչվող բնակավայրում մնացել են մենակ հակառակորդի հատուկջոկատայինների դեմ պայքարում, հրամանատարական կազմը նրանց լքել է՝ փախուստի դիմելով կրակային տարածքից։ Տղաները հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ առանց հրամանատարական կազմի պայքարել են և զոհվել։

Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: 

Նա, ըստ մեղադրանքի, 2020 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 6-ի սահմաններում, (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող Ջուվառլու կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում «ԳԱԶ» մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման, Գևորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ:

 Գևորգ Գևորգյանը իր մեղադրանքը չի ընդունել։

Այս դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Անուշ Մելիքյանի խոսքով՝ որդին մինչ ողբերգական դեպքը 15 օր ծանր մարտեր է մղել հակառակորդի դեմ։ Եղել է առաջնագծի թեժ կետերում`Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արա լեռ (Ջուվառլու): Նա հմուտ նշանառման շնորհիվ հակառակորդին պատճառել է զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

«Նրանք հաղթանակի ճանապարհին էին, որովհետև մինչև վերջին վայրկյանը հավատում և գնում էին հաղթանակի հետևից։

Այսօր Եռաբլուրում ևս մեկ անգամ մենք տղաներին խոստացանք, որ մեղավորները հատուցելու են»,- ասում է Անուշը։

Ռուբենը ապագա ատամնաբույժ էր, սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանում`ստոմատոլոգիական ֆակուլտետում: Մոր խոսքով՝ որդին հեռահար նպատակներ ուներ, որ իր սեփական ատամնաբուժարանն ունենար։ «Ասում էր՝ առանձին կլինիկա կունենամ, 7 տարեկան երեխեքին անվճար կբուժեմ, դա կլինի իմ երախտագիտությունը Աստծուն… Աստծո հանդեպ մեծ հավատք ուներ, հավատում էր, որ պատերազմից հետ է գալու»,- ասում է ու հուզվում մայրը։

Ռուբենը բնավորությամբ նվիրվող էր, համեստ, ամաչկոտ, շատ պատասխանատու էր ու օրինապաշտ՝ պատմում է որդու մասին մայրը։ «Ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում էր՝ մա՛մ, գո՞հ ես ինձնից։ Առաջնորդվում էր Գ. Նժդեհի խոսքով` «Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ»։ 

«Ինքը շատ ուրիշ էր, ես շատ հպարտ էի, որ իմ տղան էր, բայց ցավում եմ, որ այլևս իմ հետ չի»,- ասում է Անուշը, որը մինչև որդուն կորցնելն էլ տարիներ առաջ կրկին մեծ ցավ էր ապրել։ Ռուբենը դեռ 9-րդ դասարանում է եղել, երբ մահացել է ամուսինը։ Անուշը ամուսնու մահից հետո միայնակ էր մեծացրել Ռուբենին և դստերը։ Իսկ այժմ կյանքը նվիրել է որդու զոհվելու համար մեղավորների հատուցմանը։

Ռուբենի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում՝ զինվորական կարգով, Վեհափառի աղոթքների ներքո: 

Ռուբեն Պողոսյանը հուղարկավորվել է դեկտեմբերի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Արփինե Արզումանյան

MediaLab.am