Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կուսակցության նախագահ, Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան:

Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի դեմ՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու համար անքակտելի և անկյունաքարային է»։

Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում: