Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը. GALLUP

Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցումն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2021թ փետրվարի 15-ից-17-ը:

Նախ` հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքը՝ 1-5 բալանոց սանդղակով: «Ներկայացված են միջին գնահատականները : ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.8 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.3 բալ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1.7 բալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1.7 բալ, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2.2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1.8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1.5 բալ, «Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1.6 բալ, «Հայ յեղափոխական դաշնակցությունից»-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.6 բալ »,-ասաց Նավասարդյանը:

Նա հայտնեց, որ նշված բոլոր քաղաքական գործիչներն էլ միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չկա դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ:

Առկա քաղաքական վիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարել հարցվածների 37.1 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ է» տարբերակը ընտրել է 21.3 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ չէ» նշել է 13.6 տոկոսը և «ընդհանրապես անհրաժեշտ չէ» տարբերակը նշել է 19.7 տոկոսը: Այսպիսով՝ մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա:

Քաղաքացիներին նաև առաջարկվել են տարբերակներ, թե արտահերթ ընտրությունների անցկացման ո՞ր տարբերակն են համարում ընդունելի կամ ճիշտ: «41.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության և 7.9 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է իրականացվեն ընդդիմության առաջարկած ժամանակավոր կառավարության կողմից»,-ասաց Նավասարդյանն ու հավելեց՝ այս հարցին դժվարացել է պատասխանի գրեթե 14 տոկոսը, այլ տարբերակները եղել են 8.9 տոկոս:

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարություն է տարածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Քաղաքացիներին հարցրել են, թե արդյոք համաձա՞յն են այդ որոշման հետ: 28.2 տոկոսը նշել է, որ լիովին համաձայն է, ավելի շուտ համաձայն է եղել 11.7 տոկոսը, ավելի շուտ համաձայն չէ  15.9 տոկոսը, «ընդհանրապես համաձայն չէ» տարբերակը նշել է 35 տոկոսը: Այսինքն՝ մոտ 51 տոկոսը համաձայն չէ այդ որոշման հետ: 9.2 տոկոսը դժվարացել է այդ հարցին պատասխանել:

Մանրամասները՝ այստեղ