Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է
Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է

Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսի  տարածման առումով աշխարհում համաճարակային լարվածությունն ի նկատի առնելով` ՀՀ Առողջապահության նախարարությունը հանդես է եկել տեղեկատվական հաղորդագրությամբ:

Արեւմտյան Նեղոսի տենդի վիրուսը սուր տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է տենդը, ուղեղի թաղանթների շճային բորբոքումը /հազվադեպ` մենինգոէնցեֆալիտի երևույթներ/, լորձաթաղանթների ախտահարումը, լիմֆադենոպաթիան, ավելի հազվադեպ հանդիպում է նաև ցան: Այն առաջին անգամ հանդիպել է 1937 թվականին Ուգանդայում, որից հետո վերջինս լայնորեն տարածվել է Աֆրիկայում և Ասիայում:

«Վիրուսի փոխանոցներ են համարվում մոծակները, իքսոդային և արգասային տզերը, իսկ պահոց են` թռչունները և կրծողները,-նշված է հաղորդագրությունում:-Հիվանդությանը բնորոշ է արտահայտված ինտոքսիկացիան, մասնավորապես` ուժեղ, տանջող գլխացավ` արտահայտված ճակատի և աչքերի շրջանում, մկանային ցավեր, փսխում, ախորժակի անկում, ցավեր սրտի շրջանում և կրծքավանդակի ձախ հատվածում, եղջերաթաղանթի կարմրություն: Հիվանդների մեծամասնության մոտ նկատվում է նաև հոդացավեր»:

Ըստ ՀՀ ԱՆ տեղեկությունների, Հայաստանում ներկա դրությամբ բնակչության շրջանում Արեւմտյան  Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել, մինչդեռ արդեն իսկ վարակի դեպքեր են արձանագրվել Ռուսաստանի Դաշնությունում /պաշտոնական տեղեկատվությամբ` 01.09.2010թ. դրությամբ 231 դեպք, ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` 300 և ավելի/: