Ովքեր են այցելում Հայաստան․ Ռուսաստանի ու Եվրոպայի ուշադրության կենտրոնում․ Իրազեկ քաղաքացիների միավորում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանը, հայտնվեցին նոր աշխարհքաղաքական իրողություններում: Այդ նոր իրողություններն արտահայտվում են, առաջին հերթին, Հայաստանի արտաքին քաղաքական շփումներում:

Այս հոդվածում փորձ ենք արել ի մի բերել 44-օրյա պատերազմին վերջ տված՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) հայտարարությունից հետո միջազգային պատվիրակությունների, հումանիտար պատվիրակությունների, տարբեր երկրների պաշտոնական ներկայացուցիչների, ղեկավարների կատարած այցերը Հայաստան: Որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը` այն նկատառմամբ, որ նշված ժամանակահատվածում Հայաստան կատարված բոլոր նշանավոր այցերի դեպքում եղել է հանդիպում վարչապետի հետ:

Ստորև շարադրվածը, հնարավոր է, օգնի պատկերացում ստանալ միջազգային ու տարածաշրջանային դերակատարների՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածության չափի ու շփումների ինտենսիվության և բնույթի մասին: Բնականաբար, հարկ է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում աշխարհում շարունակվում է կորոնավիրուսի համավարակը, որը, անխոս, որոշակի ազդեցություն է ունենում այցելությունների ու փոխայցելությունների բնականոն օրակարգերի վրա:

Միակ ղեկավարը

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստան ժամանած միակ օտարերկրյա պետության ղեկավարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է: Ուշագրավ է, որ վերջինս այս ժամանակահատվածում Հայաստան է այցելել երկու անգամ՝ 2021 թ․ մայիսի 12-ին և հոկտեմբերի 9-ին: Ղարիբաշվիլիից բացի, որևէ այլ պետության առաջին դեմք նշված ժամանակահատվածում Հայաստան չի այցելել:

Առաջին ու ամենահաճախ հյուրերը

44-օրյա պատերազմից հետո Հայաստան այցելած առաջին օտարերկրյա պատվիրակությունը Ռուսաստանի կառավարական պատվիրակությունն էր, որը Հայաստան էր ժամանել 2020 թ․ նոյեմբերի 21-ին: Պատվիրակության կազմում էին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որոնք առանձին հանդիպումներ էին ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բացի դա, դեկտեմբերի 23-ին Հայաստան էր այցելել նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը:

Ռուսական պատվիրակությունների ու պաշտոնյաների այցելությունները Հայաստան հատկապես ինտենսիվանում են 2021 թվականներին, իսկ, թերևս, ամենահաճախ հյուրն է դառնում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Վերջինս Հայաստան է այցելել 2021 թ հունվարի 3-ին, սեպտեմբերի 20-ին, նոյեմբերի 5-ին, նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 22-ին:

2021 թ մայիսի 6-ին պատվիրակությամբ Հայաստան էր ժամանել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,

Ապրիլի 8-ին՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը,

Հուլիսի 17-ին և հոկտեմբերի 28-ին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Իստրակովը,

Սեպտեմբերի 14-ին՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը,

Հոկտեմբերի 2-ին՝ «Գեոպրոմայնինգի» ղեկավար Ռոման Տրոցենկոն,

Նոյեմբերի 5-ին՝ ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը:

Բացի սա, օգոստոսի 10-ին և դեկտեմբերի 23-ին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նշենք, որ նոյեմբերի 18-ին Երևանում անցկացվել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Սա, թերևս, միակ միջազգային բարձր մակարդակի միջոցառումն էր Հայաստանում 2021 թվականի ընթացքում:

Եվրահյուրեր

Այցերի ինտենսիվությամբ ռուսական կողմին շատ գրեթե չեն զիջում Եվրամիության երկրների ու եվրոպական կառույցների պատվիրակությունները: Մասնավորապես, պատերազմից հետո առաջին եվրոպական հյուրը Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմանն էր՝ հունվարի 28-ին: Վերջինս Հայաստան է ժամանել նաև ապրիլի 23-ին՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և խորհրդարանականների հետ պատվիրակությամբ:

Ապրիլի 26-ին Հայաստան էր ժամանել նաև Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը, իսկ հունիսի 25-ին Լանդսբերգիսը Հայաստան էր այցելել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգի և Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Վերջինս, ի դեպ, դեռևս 2020 թ․ նոյեմբերի 19-ին ԵՄ անդամ 10 երկրների արտգործնախարարների հետ նախաձեռնել էր ակտիվացնել ԵՄ մասնակցությունը հետխորհրդային տարածաշրջանում կոնֆլիկտների հանգուցալուծմանը:

Բացի սա, նշված ժամանակահատվածում Հայաստան են ժամանել նաև

Մարտի 16-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, հուլիսի 9-ին՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն,

Հուլիսի 17-ին՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելը,

Հուլիսի 20-ին՝ ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն,

Սեպտեմբերի 13-ին, հոկտեմբերի 21-ին և նոյեմբերի 30-ին՝ ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը: Վերջինս Հայաստան էր այցելել նաև դեկտեմբերի 19-ին՝ իր հետ Բաքվից բերելով 10 գերիների: Նշենք, սակայն, որ դեկտեմբերի 19-ին Կլաարի և Փաշինյանի հանդիպում, ըստ ՀՀ վարչապետի կայքի, տեղի չի ունեցել:

Սեպտեմբերի 14-ին Հայաստան էր ժամանել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը,

Հոկտեմբերի 1-ին՝ Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը,

Հոկտեմբերի 19-ին՝ ԵԽ պատվիրակությունը,

Նոյեմբերի 5-ին՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը,

Նոյեմբերի 19-ին՝ Լիտվայի Սեյմի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսը:

ԱՄՆ և ՆԱՏՕ

44-օրյա պատերազմից հետո Հայաստան այցելած առաջին ամերիկացի պաշտոնյան Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն էր՝ հունիսի 10-ինՆոյեմբերի 3-ին Հայաստան էր այցելել նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից պատերազմից հետո՝ 2021 թ հոկտեմբերի 21-ին, Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը:

Այլ

Ինչպես արդեն նշեցինք, ամենաբարձր մակարդակով Հայաստան կատարված այցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիինն էր: Բացի դա, սակայն, նոյեմբերի 2-ին Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը: Հայաստանը, ի դեպ, մարտի 25-ին հյուրընկալել էր նաև Իրաքի պաշտպանության նախարարին՝ պատվիրակությամբ հանդերձ:

Հունվարի 27-ին և մայիսի 26-ին Հայաստան էր այցելել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, հոկտեմբերի 13-ին՝ գլխավոր դատախազը:

Օգոստոսի 16-ին Հայաստան էր ժամանել Ուրուգվայի արտգործնախարարը, հոկտեմբերի 5-ին՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ղեկավար Լուիզ Մուշիկիվաբոն, հոկտեմբերի 13-ին՝ Հնդկաստանի արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելություններին, ապա եռանախագահության լիակազմ այց եղել է միայն 2020 թ․ դեկտեմբերի 12-ին: 2021 թ․ սեպտեմբերի 6-ին Հայաստան այցելել է ՌԴ համանախագահ Իգոր Խովաևը, սեպտեմբերի 13-ին՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Հայաստան այցելել են նաև «Այր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանին՝ հուլիսի 14-ին, Համաշխարհային բանկի փոխնախագահը՝ նոյեմբերի 15-ին, Վատիկանի պետքարտուղարի փոխանորդը՝ հոկտեմբերի 28-ին, տարբեր հանրային գործիչներ ու գործարարներ և այլն:

Ամփոփելով, թերևս, կարող ենք արձանագրել, որ ամենամեծ ուշադրությունը Հայաստանի և մեր տարածաշրջանի նկատմամբ, բնականաբար, ցուցաբերում են Ռուսաստանն ու ԵՄ երկրները: Նախապատերազմյան և նախահամավարակային ժամանակաշրջանի հետ համեմատած՝ խիստ պակասել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»