Ալլահշուքյուր Փաշազադեն կրկին հարձակում է գործել Հայ առաքելական եկեղեցու վրա՝ մեղադրելով «կործանարար քարոզչության» մեջ

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կրկին անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցուն՝ այս անգամ այն մեղադրելով «կործանարար քարոզչություն վարելու մեջ», որը, նրա խոսքով, միտված է խաթարելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Փաշազադեն նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։

«Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները իրական քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, հայկական եկեղեցին և սփյուռքը շարունակում են ռևանշիստական և հակամարտությանը խրախուսող քարոզչություն»,- ասել է նա՝ պնդելով, թե կրոնական առաջնորդները, այդ թվում ինքն, հանդես են գալիս խաղաղության օգտին։

Փաշազադեն նաև տեղեկացրել է Գուտերեշին Ադրբեջանի կողմից «ազատագրված տարածքներում» իրականացվող կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների և միջկրոնական երկխոսության զարգացման մասին։