Կոնստանտին Սոկոլովը՝ Թրամփի խոշոր նվիրատուն, կղեկավարի Հայաստանն ընդգրկող TRIPP+ հիմնադրամը

Չիկագոյում բնակվող, Ռուսաստանում ծնված մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամի նախագահ։ Ավելի քան 200 մլն դոլար բյուջե ունեցող հիմնադրամը նախատեսված է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական հանքանյութերի ոլորտներում ներդրումներ իրականացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հրատարակության փոխանցմամբ՝ Սոկոլովը նախկինում եղել է Դոնալդ Թրամփի Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահի կառուցման նախագծի խոշոր նվիրատուներից մեկը։ Բացի այդ, նախընտրական ֆինանսավորման փաստաթղթերի համաձայն, նա Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում ավելի քան 12 մլն դոլար է փոխանցել Հանրապետական կուսակցությանը և Թրամփի քաղաքական հիմնադրամներին, այդ թվում՝ 11 մլն դոլար՝ MAGA Inc. կազմակերպությանը։ Նրա նշանակումն արդեն քննադատության տեղիք է տվել՝ քաղաքական հովանավորչության և շահերի բախման հնարավոր ռիսկերի պատճառով։

TRIPP+ հիմնադրամը կկարողանա տրամադրել վարկեր, դրամաշնորհներ և բաժնային ներդրումներ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագծերին։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հիմնադրամը գործելու է թափանցիկության և վերահսկողության մեխանիզմներով, իսկ Սոկոլովը չի կարող անձնական օգուտ ստանալ ներդրումային որոշումներից։

The Guardian-ը նաև նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնը զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունը Հայաստանի հետ, իսկ նոր հիմնադրամը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի տնտեսական և ռազմավարական ներկայությունն ուժեղացնելու գործիք Հարավային Կովկասում։