Ջրականում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա

Ադրբեջանցիների՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու դեպքերը շարունակվում են։ Մասնավորապես, այսօր՝ հուլիսի 27-ին հակատանկային ականի վրա պայթել է Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Բահրուզ Նասիրովը, որը Ջրականի (Ջաբրայիլ) Մեհդիլի գյուղում է եղել՝ չպայթած զինամթերքի որոնման համար, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նասիրովը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ այլ գործողություններ։

Նշենք, որ օրերս էլ Ասկերանի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում երկու ադրբեջանցի էր պայթել ականի վրա։

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 28 քաղաքացի է մահացել, 120-ը՝ վիրավորվել։ Այս թիվը պարբերաբար աճում է։