«Ադրբեջանցիների ակցիան քաղաքական է և որևէ աղերս չունի բնապահպանության հետ». հայ բնապահպանները՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու մասին

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը համոզված է՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» պահանջը քաղաքական է և որևէ աղերս չունի բնապահպանության ու շրջակա միջավայրի հետ:

«Ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների պահանջները խիստ քաղաքական են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Արևելյան գործընկերության շրջանակներում քաղհասարակության ֆորումի ներկայացուցիչների հետ աշխատանքների ընթացքում ադրբեջանցի գործընկերները քաղաքականացնում են բոլոր հարցերը, այդպես է նաև այս օրերին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Նա չի ուսումնասիրել՝ ովքեր և ինչ կազմակերպություններ են այս օրերին ակցիաներ իրականացնում Արցախում՝ փակելով Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, բայց պնդում է՝ դրանք քաղաքական բնույթ են կրում:

«Այս օրերին այնտեղ կատարվողը բնապահպանական ակտիվիզմի հետ որևէ կապ չունի: Այդ շարժումը ունի շատ ստույգ քաղաքական աստառ՝ հայերի համար նպատակ ունեն փակել այդ ճանապարհը, ստեղծել հումանիտար ճգնաժամ»,- ասում է Զարաֆյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը, հիմնվելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվության ու տարածվող լուսանկարների վրա, ասում է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակողները Ադրբեջանի նախագահ Ալիևի կլանին մոտ կանգնած մարդիկ են և ոչ մի կապ չունեն բնապահպանական շարժման հետ:

«Այդ ակցիան պրովոկացիա է, և դա ոչ մի աղերս չունի բնապահպանական շարժման հետ: Իմ համոզմամբ՝ քաղաքական գնահատականներ են անհրաժեշտ այս ակցիայի մասին, իսկ հայկական դիվանագիտությունը հիմա պետք է աննախադեպ քայլեր իրականացնի: Ադրբեջանում, որտեղ տոտալիտար համակարգ է, որտեղ տեղում խլացվում են բնապահպանական շարժումները, իսկ շատ բնապահպան ակտիվիստներ կարող են հետապնդման ենթարկվել, մեկ էլ տեսնում ես, կանգնում ու շրջակա միջավայրի պաշտպանություն են պահանջում: Դա աբսուրդ է»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նշում է Դուլգարյանը:

Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի հարցը բարձրացնելով, ըստ Դուլգարյանի, Ադրբեջանը փորձում է որևէ հովանավորչությամբ շրջանցել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, սողոսկել որոշ տարածքներ ու հաստատվել այդտեղ:

Այն, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակողները կապ չունեն ադրբեջանական բնապահպանական շարժումների հետ, «Ազադլիգ»-ին տված հարցազրույցում փաստել է նաև Ադրբեջանի «Էկոֆրոնտ» շարժման առաջնորդ Ջավիդ Գարան:

«Որպես բնապահպան ներկայացող այդ մարդկանց մենք երբեք չենք տեսել մեր կազմակերպած կամ այլ ակցիաների ժամանակ, որոնց նպատակն Ադրբեջանում բնապահպանական խնդիրները լուծելն է եղել։ Այդ «բնապահպանական» ակցիան, որն այսօր տեղի ունենում Լաչինի միջանցքում, կապ չունի բնապահպանության հետ, դա հնարած պատճառ է: Երբ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը ոչնչացնում էր անտառներն ու զբոսայգիները, բուլդոզերներով գետնին էր հավասարեցնում ծառերը, որպեսզի վաճառի ազատված տարածքները, մենք չենք տեսել, որ այդ «բնապահպանները» պայքարեին բնության համար»,- Գարայի խոսքը ներկայացրել է միջազգայնագետ Համլետ Մազմանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am