Խուճա՞պ, տագնա՞պ, վերահսկողությո՞ւն. Ըստ Շուշան Դոյդոյանի՝ «օր առաջ պետք է վերանայվեն ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակող դրույթները»

Արտակարգ դրության պայմաններում զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ անհամաչափ սահմանափակումներ են կիրառվում, որովհետև գործադիրը գնացել է առավելագույն սահմանափակում կիրառելու ճանապարհով։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով՝ մինչդեռ կարելի էր առավել համաչափ սահմանափակման մեխանիզմներ կիրառել։

«Ես կարծում եմ, որ օր առաջ պետք է վերանայվեն ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակող դրույթները։ Եվ պետք է համաչափ, հավասարակշռված ու խտրականությունը բացառող դրույթներ սահմանվեն։ Այն ձևը, որն ընտրվել է, ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, իր նպատակին չի ծառայում և, հակառակը՝ շատ կարճ ժամանակահատվածում հակառակ էֆեկտն է ունենալու։ Դրա համար ինչքան շուտ վերանայեն այդ գործընթացը, այնքան ավելի օգտակար կլինի և՛ հանրության, և՛ հենց կառավարության համար»,- «Մեդիալաբին» ասում է Շուշան Դոյդոյանը։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր սահմանափակումներ է նախատեսում նաև լրատվամիջոցների համար։ Կառավարության որոշման՝ «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» գլխով սահմանվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

Սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որին հետևելով մարդիկ կտեղեկանան արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության քայլերի մասին։

«Խուսափեք կորոնավիրուսի մասին չստուգված, պաշտոնական տվյալների վրա չհիմնված գրառումներ կատարելուց ու տեղեկություններ տարածելուց։ Ներկայումս ապատեղեկատվությունը առավել քան վնասակար է հանրային անվտանգության ու բարեկեցության համար»,- նշել է նա։

Ոստիկանությունը հետևում է, որ ԶԼՄ-ները չխախտեն սահմանափակումների վերաբերյալ դրույթները։

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու որոշ ԶԼՄ-ների խմբագիրներ, սակայն, անհասկանալի ու չպարզաբանված են համարում այս սահմանափակումները։ Նրանք բաց նամակ էին հղել արտակարգ դրության պարետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով պարզաբանումներ ու հստակություններ մտցնել այս սահմանափակումների հարցում։

Որոշ ԶԼՄ-ների նկատմամբ արդեն սահմանափակող դրույթները կիրառվել են։ Մասնավորապես, առցանց «Առավոտում» օրերս հրապարակված տեղեկությունը, որը վերաբերում էր Ռուսաստանում կորոնավիրուսի տարածմանը ու արտատպվել էր ռուսական ԶԼՄ-ներից, ոստիկանության հորդորով հեռացվել է։

Թերթի խմբագրակազմը տեղեկացրել է, որ ոստիկանները պահանջել են հեռացնել լուրը, հակառակ դեպքում սպառնացել են 500 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

«Ես լրիվ համաձայն եմ հնչած անհանգստություններին ու անհամաձայնություններին, որովհետև կան խիստ անորոշ, երկակի մեկնաբանման ու ընկալման հնարավորություն տվող ձևակերպումներ»,- «Մեդիալաբին» ասում է Շուշան Դոյդոյանը։ Նրա խոսքով՝ կան նաև սուբյեկտիվ ընկալման ձևակերպումներ ինչպես, օրինակ՝ «խուճապ առաջացնելը»։

«Մեկի համար խուճապ կարող են առաջացնել սարսափ պարունակող արտահայտությունները, մյուսի համար՝ անմեղ թվացող արտահայտությունները, այսինքն՝ դա սուբյեկտիվ ընկալման խնդիր է։ Իսկ նման իրավական ակտում, երբ նշվում է խոսքի ազատության սահմանափակումների մասին, նման երկակի կամ բազմակի մեկնաբանման հնարավորությունները պետք է իսպառ բացառվեն»,- ասում է մասնագետը։

Անդրադառնալով կոնկրետ ԶԼՄ-ների նկատմամբ արդեն սահմանափակող դրույթների կիրառմանը՝ Դոյդոյանն ասում է, որ տեսանելի է՝ գործընթացից ավելի շատ տուժում են բարեխիղճ ԶԼՄ-ները։

«Մենք արդեն տեսնում ենք, որ կա խտրական կիրառման պրակտիկա, երբ ավանդաբար նորմալ ու էթիկայի շրջանակներում գործող լրատվամիջոցներն են ավելի շատ տուժում։

Իսկ նրանք, որոնք սնկի նման ստեղծվել են այսօր, վաղը կփակվեն, նրանց խնդիրը լրիվ այլ բան է, լրագրությունը չէ, կարող են ազատ կեղծ լուրեր ու խուճապ տարածել, նման կայքերն ընդհանրապես չեն ազդվում այս գոծընթացից։

Այսինքն՝ իրականում տուժում է այն լրատվամիջոցը, որը փորձում է բարեխիղճ լինել, հավասարակշռված լրատվություն տալ, նորմալ ու վստահելի աղբյուրներ վկայակոչել։ Ցավոք, մենք ունենում ենք խտրականության դրսևորումներ»,- նշում է Դոյդոյանը։

Այս իրավիճակը, նրա խոսքով, վնաս է հասցնելու հենց կառավարությանն ու նրա ձեռնարկած միջոցներին։

Դոյդոյանն ասում է, որ արտակարգ դրության պայմաններում մամուլի աշխատանքում սահմանափակում պետք էր մտցնել, բայց սահմանափակումը պետք է լինի համաչափ, համապատասխանի այն նպատակին, որի համար դա փորձ է արվում կիրառել։

«Մինչդեռ առավելագույն չափով սահմանափակումը, ընդհակառակը՝ վնասակար ազդեցություն է ունենալու և խանգարելու է այն գործընթացներին, որոնք այսօր կառավարությունն իրականացնում է։ Երբ կա դատարկություն, դա ինչ-որ բանով պետք է լցվի։

Մարդիկ այսօր տեղեկություն ստանալու ծարավ են, բայց պաշտոնական տեղեկատվությունը շատ չէ։ Այդ դատարկությունը ու պակասը ինչ-որ բանով պետք է լրացվեն։ Եվ դա, ցավոք, լրացվում է հենց բամբասանքներով, խոսակցություններով։ Կառավարությունը դրանից խուսափում էր, բայց հիմա նման լրատվությունն ավելի մեծ ծավալով կարող է լինել»,- հավելում է մասնագետը։


Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am