Խտրականության դրսևորումները հայաստանյան հասարակությունում

2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներԽտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան ներկայացնում է 2020 թ․ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում առավել քննարկված և մեծ տարածում ունեցող խտրականության տարրեր պարունակող, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածի համար կարևոր նշանակության դեպքերը։

Դեպք 1։ Մարտի 5-ին տեղեկություն տարածվեց 43-ամյա կնոջ մահվան և նրա 13-ամյա աղջկա ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոն տեղափոխելու մասին։ 43-ամյա կինը և նրա աղջիկը բռնության էին ենթարկվել 28-ամյա տղամարդու կողմից, ում հետ կինը գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ։Դեպքի հանգամանքները լուսաբանելուց հետո սոցիալական ցանցերում կնոջ նկատմամբ հնչեցին ատելության խոսք, սեռական բնույթի հայհոյանքներ, բռնության կոչեր։

Հիմնական պատճառն այդ կնոջ կողմից ոչ ամուսնական հարաբերություններ ունենալն էր տղամարդու հետո, ով դեպքի օրը սպանել էր կնոջը և ծանր առողջական վնաս հասցրել 13-ամյա աղջկան։

Ընդ որում մեղադրական գրառումներ կատարեցին նաև հանրային անձինք՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ու ՀՀ Հանրային խորհրդի անդամ Աշոտ Միրզոյանը։Նկարագրված դեպքում գործ ունենք իրավիճակի հետ, երբ հասարակության մի ստվար զանգված բռնության մեջ մեղադրում է ոչ այնքան բռնարարին, որքան բռնության ենթարկված անձին:

Այս իրավիճակը հայտնի է victim blaiming (բառացի թարգմանությամբ՝ զոհի պախարակում) անունով: Victim blaiming-ի հիմնականում ենթարկվում են բռնություն վերապրած կանայք՝ ելնելով կնոջ սոցիալական վարքագծի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումներից և կանանց նկատմամբ խտրական մոտեցումներից:

Զոհին մեղադրելն այս իրավիճակում ուղեկցվեց նաև բռնության կոչերով և ատելության խոսքով:

Դեպք 2։ Մարտի 23-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողի «Այսինքն, հարկադիր արձակուրդի համար չեք վճարելո՞ւ աշխատողներին» հարցին պատասխանեց «Աղջիկ ջան, ինչքան դատարկ-դատարկ դու կարաս խոսաս: Աղջիկ ջան, ես սովորական քաղաքացի եմ, …»՝ շեշտադրելով լրագրողի սեռը, ինչպես նաև տարիքն ու հմտությունները։

Դեպք 3։ Ապրիլի 28-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դիմեց պատգամավոր Անի Սամսոնյանին՝ «Տիկին Սամսոնյան, ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ։ Առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում,․․․»։

Վերևում նկարագրված երկու դեպքերում Գ.Ծառուկյանի և Ա.Սիմոնյանի արտահայտություններում առկա են խտրական դրսևորումներ՝ մասնավորապես սեքսիզմ: 2019 թ. ընդունված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2019)1 հանձնարարականում առաջին անգամ տրվել է սեքսիզմի սահմանումը:

Այդ սահմանման համաձայն` ի թիվս այլ իրավիճակների սեքսիզմ է համարվում նաև այն գրավոր կամ բանավոր խոսքը, որը հիմնված է անձի՝ իր սեռից ելնելով ավելի ստորադաս լինելու գաղափարի վրա, և որի նպատակը կամ հետևանքը անձի արժանապատվությունը նվաստացնելն է կամ նրան վնաս պատճառելը կամ նրա համար նվաստացուցիչ միջավայր ստեղծելը կամ վերջինիս համար՝ իր իրավունքների լիարժեք և ինքնուրույն իրացմանը խոչընդոտելը կամ գենդերային կարծրատիպերը վերարտադրելը:

Տվյալ իրավիճակում և՛ կին լրագրողը, և՛ պատգամավոր Ա.Սամսոնյանը կարող էին իրենց վրա զգալ վերոնշյալ հետևանքներից յուրաքանչյուրը:Դեպք 4։ Ապրիլի 17-ին Գեղարքունիքում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ չորս օր անց դրական թեսթավորմամբ անձանց թիվը դարձավ 39, որի մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետը։

Թեև պատկան մարմինների կողմից տեղեկություններ չտրամադրվեցին անձի մասին, ումից հավանաբար մեծ թվով մարդ էր հետագա օրերին վարակվել, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում և համացանցում տեղեկություն տարածվեց, որ առաջին վարակակիր անձը Եհովայի վկա է։ Ավելին, մեղադրանքներ հնչեցին այն մասին, որ տվյալ կրոնական կազմակերպության անդամ լինելը նպաստել է վարակի տարածմանը։Նկարագրված դեպքում հնչել է ատելության խոսք՝ կրոնական հայացքների հիմքով: Ատելության խոսքն այն հանրային խոսքն է, որն ատելություն է սերմանում կամ բռնություն է քարոզում որոշակի հատկանիշներ ունեցող անձանց նկատմամբ:

Ատելության խոսքը խտրականության դրսևորումներից է: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն կրոնը ևս դասվում է խտրականության պաշտպանված հատկանիշների շարքին: Տվյալ իրավիճակում հոդվածի հեղինակը կորոնավիրուսով վարակակիր կնոջ կողմից վիրուսի տարածման կանխարգելման հետ կապված հնարավոր թերացումները կապում է վերջինիս կրոնական հայացքների հետ՝ դրանով իսկ ատելություն տարածելով կրոնական ուղղության բոլոր հետևորդների նկատմամբ: