Հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրավում միջազգային մրցույթում

Հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրավում միջազգային մրցույթում
Հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրավում միջազգային մրցույթում

Օլիմպիական մարաթոնից դեռ ամիսներ առաջ հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրանցում բլոգաթոնի մրցույթում: Առաջին անգամ անգլերեն լեզվի հայ ուսուցիչները, միանալով Բրիտանական խորհրդի ամենամյա բլոգաթոնին, միանգամից արժանացել են գլխավոր մրցանակներին:

Վեց երկրի անգլերեն լեզվի ուսուցիչներ շուրջ մեկ ամիս (հունվար-փետրվար) գրառումներ են կատարել Բրիտանական խորհրդի Teaching English (http://www.teachingenglish.org.uk/) կայքի բլոգում` իրենց փորձն ու մտքերը կիսելով գործընկերների հետ: Աննա Պետրոսյան-Կոնուեյն իր կատարած գրառումների, առաջարկած գաղափարների ու մեկնաբանությունների համար արժանացել է գլխավոր մրցանակին` Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների հետ միասին հնարավորություն ստանալով մարտ ամսին մասնակցել Գլասգոույում անցկացվող անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիայի ամենամյա գիտաժողովին:

Աննա Պետրոսյան-Կոնուեյն անգլերեն է դասավանդում արդեն 13 տարի: Ասում է, որ բլոգաթոնին մասնակցությունը հնարավորություն տվեց ձևավորել տարբեր երկրներում գործող ուսուցիչների խումբ, որոնց հետ շարունակում են մասնագիտական նորություններ կիսել նաև բլոգաթոնի ավարտից հետո:

Լիլիթ Մարտիրոսյանը, ով անգլերեն է դասավանդում Դանիել Վարուժանի անվան դպրոցում, բլոգաթոնի ընթացքում արժանացել է երկրորդ մրցանակին: «Բլոգաթոնի ընթացքում իմ գործընկերների առաջարկած մեթոդներն օգտագործել եմ դասարանում: Նաև շատ հաճախ օգտվում եմ Բրիտանական խորհրդի նյութերից և աշակերտներս միշտ պատրաստակամ են սովորել այդ նյութերը»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը: Երկորդ մրցանակի են արժանացել նաև Թուրքիայի, Խորվաթիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

Կարինե Վարդազարյանը, IAB կենտրոնի ուսուցչուհին և Ֆրանսիական համալսարանի դասախոս Մարինե Առաքելյանն էլ արժանացել են երրորդ մրցանակներին: Հայաստանից բլոգաթոնին մասնակցում էին 20 ուսուցիչ:

© Medialab.am