«Ասում էր՝ բանակից գամ, ջերմոց կսարքենք ու վարդեր, ծաղիկներ կմշակենք…»․ որդեկորույս մայրն ասում է՝ մարմինը տեսել են, բայց սպասում են, որ գուցե մի օր գա

«Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 7-ն անց կեսի սահմաններում զանգեց, ասեց՝ ամեն ինչ լավ ա, նորմալ ա, դուք ձեզ լավ նայեք, էլի կզանգեմ։ Ամսի 26-ին զանգ չեղավ, ու ամսի 27-ին լուրը իմացանք»,- կսկիծով պատմում է 42-ամյա Ռուզան Խաչատրյանը, որի որդին՝ 20-ամյա Արտյոմ Խաչատրյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Կարմիր Շուկայում։ 

Արտյոմ Խաչատրյանը ժամկետային զինծառայող էր, հրետանավոր, 1 տարի 3 ամիս էր, մեկնել էր ծառայության, երբ պատերազմը սկսվեց։

Մայրը պատմում է՝ որդին պատերազմի դաշտում քանիցս փրկվել է մահից, իրենից մի փոքր հեռու հրթիռ է ընկել, պայթել է հեռախոսը, բեկորը վնասել է ոտքը․ «Ասում էր ՝ էս անգամ էլ պրծա, բատինկես ճղվեց, բուշլատս վառվեց, բայց ինձ բան չեղավ, մի քանի անգամ էսպես ու․․․»- հուզվում է մայրը։

Խաչատրյանն ասում է, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան Ֆեյսբուքում կարդացել էին, որ Կարմիր Շուկայի հատվածում հռթիռահրետանային մարտեր են ընթանում, ընտանիքի բոլոր անդամները վատ կանխազգացումով ու տագնապով աշխատանքի են գնացել, այնտեղ էլ իմացել են որդու զոհվելու լուրը։

«Էդ ամբողջ օրը անընդհատ զանգի էինք սպասում, կարծես վատ բան էինք կանխազգում, բոլորս վատ գնացել ենք աշխատանքի՝ գլխացավ, սրտներս ոնց որ մի բան զգար։

Իմ եղբայրը հայտնեց լուրը, մենք միասին աշխատում էինք դաշտում, ինքն էդ շրջանում ծանոթ կռվող ուներ, իրանից իմացավ։ Ասեցին՝ ԱԹՍ հարվածից է զոհվել տղաս»,- պատմում է Ռուզանը և հուզվում։ 

Արտյոմը անվախ էր, ուժեղ, հանգիստ բնավորություն ուներ՝ պատմում է մայրն ու ասում, որ պատերազմի ժամանակ էլ հանձնարարությունները կատարել է՝ առանց վախի ու անհանգստության։

«Պատերազմից հետո, որ հայրը, եղբայրը գնացել-խոսել են Արտյոմի հրամանատարական կազմի հետ, ասել են՝ ոչ մի վախ չուներ, էդ սնարյադների տակ, մթության մեջ ասում էին՝ եկեք, մտնենք փոսերի մեջ, ինքն ասում էր՝ ինչ մտնել, որ գա՝ կգա, կկպնի, ինչ կարիք կա պախկվելու։

Ինքը նշանառու էր, որ հրաման էր լինում, ինքն էր գնում զենքի մոտ, կրակում, հետ էր գալիս, բայց առանց վախի, շատ հանգիստ։ Տուն էլ որ զանգում էր, էլի շատ հանգիստ, ասում էր՝ դուք լավ եղեք»,- պատմում է Ռուզանը։

Մայրն ասում է՝ որդին երբ զանգում էր, կարճ էր խոսում, ասում էր, որ վերադառնա, կպատմի, թե ինչեր է արել։

«Մի անգամ, որ զանգել էր, ասում էր, որ գամ՝ ինձ ի՞նչ ձևով կդիմավորեք, ասինք՝ դհոլ-զուռնայով, առանց հարսի հարսանիք ենք անելու, մենակ թե դու արի, ասեց՝ էնքան բան եմ արել, որ գամ, մենակ էդ ժամանակ կպատմեմ, չեմ կարա ասեմ՝ ինչեր եմ արել»,- հուզվում է մայրն ու ավելացնում, որ տղան հետմահու արժանացել է «Արիության մեդալի»։

Արտյոմ Խաչատրյանը շատ էր սիրում սպորտը, հատկապես ըմբշամարտն ու ֆուտբոլը։

Ցանկանում էր բանակից գալ ու շարունակել ըմբշամարտը, ընտանեկան բիզնես սկսել: Շատ նպատակներ ուներ, ասում է մայրը, սակայն կիսատ մնացին։

«Ինքը շատ ուժեղ էր, բոյով, հաղթանդամ։ Իրա ուշքն ու միտքը աշխատանքն էր, ինքը ուզում էր աշխատեր, փող ստեղծեր։ Մենք դաշտում կարտոֆիլ, կաղամբ ենք մշակում, որ արձակուրդ էր եկել, ասում էր՝ մա՛մ ջան, որ բանակից եկա, էլ չեմ թողի, որ կարտոշկի գործ անես, էս ի՞նչ գործ ա։ Ես մտածել եմ՝ ամենալավը ծաղիկներ աճացնելու գործն ա, որ բանակից գամ՝ ջերմոց կսարքենք ու վարդեր, ծաղիկներ կմշակենք։ 

Ամեն ինչ անկատար մնացին՝ թե՛ իր կյանքը, թե՛ իր բոլոր նպատակներն ու երազանքները»։

Որդեկորույս մայրն ասում է, որ անտանելի դժվար է հավատալ, որ որդին այլևս չկա։ Ամեն օր շարունակում են սպասել նրա վերադարձին, կարծում են՝ թե ինչ-որ սխալմունք է եղել, որդին շուտով տուն կգա։

«Մենք մեզ խաբելով ամեն օրն անցկացնում ենք։ Սպասում ենք, որ գուցե մի օր գա, բայց մենք իրա մարմինը տեսել ենք»,- կրկին հուզվում է Ռուզանն ու ասում՝ կարոտով է ապրում։

«Ապրում ենք՝ հիշելով Արտյոմիս ու մյուս տղայիս՝ Ատոմիս համար եմ ապրում, հույս ունենալով, որ իր մոտ ամեն ինչ լավ կստացվի»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am