«Եռակողմ փաստաթղթի ստորագրումը 44-օրյա դժոխքից խավարի մեջ մտնել էր, իսկ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում»․ Արցախի ԱԺ նախագահ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը

– Պարո՛ն Թովմասյան, պատերազմից անցել է երկու շաբաթ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

– Մինչև հետպատերազմյան շրջանին անցնելը կուզեի նշել, որ սեպտեմբերի 27-ին սկսվեց ադրբեջանա-արցախյան երրորդ պատերազմը։ Առաջին պատերազմը 1992-94 թվականներին էր, երկրորդը 2016-ի ապրիլյան պատերազմն էր, իսկ երրորդը սեպտեմբերին 27-ին սկսվեց ու շարունակվեց 44 օր։

Եթե առաջին երկուսը Թուրքիայի բարոյական աջակցությամբ էր, ապա այս վերջինը տեղի ունեցավ ու ընթացավ Թուրքիայի ու նրա վարձած ահաբեկիչների անմիջական ակտիվ մասնակցությամբ։

Իհարկե, պատերազմին անուղղակի ձևով մասնակցում էր նաև Իսրայելը։ Պատերազմի առաջին մի քանի օրերին մենք բավականաչափ զոհեր ունեցանք հիմնականում իսրայելական ԱԹՍ-ների ուղիղ հարվածներից, և հենց այդ պատճառով է, որ ասում ենք՝ այս պատերազմին անուղղակի մասնակցություն է ունեցել Իսրայելը։ 

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված փաստաթղթերը՝ Քի Վեսթ, փարիզյան սկզբունքներ, մադրիդյան սկզբունքներ, Կազանը, Լավրովի պլանը, չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ միասին հանդիպել էր մոտ 22 պատգամավորների հետ։

Այդտեղ մենք ասացինք, որ մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում մեր ժողովրդի արմատական շահերը, և այսօր Արցախում և Հայաստանում չկա մի քաղաքացի, որ հաշտվի այդ շրջանների վերադարձի հետ։

Բայց բանակցային գործընթացի տվյալ պահին ամբողջ ծանրությունը հասկանալու համար գոնե մեկ օր պետք է մասնակցած լինես այդ բանակցություններին։ 

Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։

Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից:

Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից։

Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։

Դա նոյեմբերի 9-ին էր, երբ Ստեփանակերտում քիչ մարդ էր մնացել։ Այդ օրը ես հիշեցի մի քանի տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասած խոսքը՝ դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք մադրիդյան սկզբունքներից, ապա ցանկություն ունեք լսելու «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ե՞րգը։ Շատ կոշտ ասաց։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զենքեր էին բաժանվել։

– Դուք թշնամուն սպասում էիք Ստեփանակերտում։

– Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, առաջին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրակելու մասին։ Իմ երկու որդիները ծառայում են բանակում, մասնակցել են պատերազմին, բայց ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու հիմա ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զինված սպասում եմ թշնամուն։ Ա՛յ այդպիսի իրավիճակ էր, երբ պետք է կրակեի, քանի որ գալիս էին քեզ սպանելու։ Այո՛, պատրաստ էի կրակելու։ 

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի 9-ին պատրաստվել եք թշնամուն դիմավորել Ստեփանակերտում և տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի։

– Այն, որ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, իհարկե տեղեկություն չունեինք։ Բայց ներքին համոզմունք, հույս կային, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանի որ մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրավելն էր, ապա գրավումից հետո կանգ կառնեն։

Կատարվածը պատերազմ համարել չի կարելի, այդ 44 օրը ես դժոխք եմ անվանում։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը դժոխքից խավարի մեջ մտնել էր։ Եվ ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։ 

– Եթե չստորագրվեր այդ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել։

– Մեր տվյալներով՝ շուրջ 6 հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղասպանություն։

Այս օրերին ես մասնակցում եմ մեր զոհված զինծառայողների հուղարկավորության արարողություններին և հիմա կարող եմ ասել, որ ոչ միայն վիրավոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կոտրված ենք ազգովի։

Ի՞նչ կլինի մեր ապագան, երբ Հադրութի, Շուշիի բնակչությունը պանդուխտ է դարձել։ Հզոր ծրագրեր են պետք։ Քանի՞ մարդ կվերադառնա Արցախ, որքա՞ն անվտանգ կլինի Արցախը, ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, քանի՞ քառակուսի կիլոմետրի վրա կլինի Արցախը՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանները այսօր չունեմ։ 

– Ի՞նչ է անելու Արցախի Ազգային ժողովը, արդյոք աշխատելո՞ւ է նախկինի նման, նախկին թվով պատգամավորներով։

– Ես հինգ անգամ ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր և այս վերջին անգամ ուզում էի երիտասարդներին պատրաստել, և կային հարթակներ, որտեղ մեր պատգամավորները կշփվեին իրենց գործընկերների հետ ու կպատրաստվեին։ Մեր բոլոր ծրագրերը հօդս ցնդեցին։

Այսօր այն բոլոր նախագծերը, որոնք գտնվում են Ազգային ժողովում, վերանայման կարիք ունեն։ Նոյեմբերի 15-ից բյուջեն մտնում էր խորհրդարան ու քննարկվում էր, բայց այս տարի այդպես չեղավ, և այժմ միանգամայն նոր փաստաթուղթ է մշակվում։

Եթե մենք չհասցնենք բյուջեն ընդունել, կառաջնորդվենք հին բյուջեով։ Հիմա մեզ համար ամենակարևորը մեր վերադարձող հայրենակիցներին տեղավորելն ու սոցիալական պայմաններն ապահովելն է։

Արդյոք իմաստ կա՞ 33 պատգամավորով խորհրդարան պահել, դա արդեն Սահմանադրության փոփոխության ու հետագայի հարց է։ Ես հիմա՝ որպես երկար տարիների փորձ ունեցող պատգամավոր, մտածում եմ՝ եթե երկրի տարածքը փոքրացել է, ապա պետք է պատգամավորների թիվը նույնպես քչանա։

Իմ անձնական կարծիքով՝ 33 պատգամավոր ունենալը շռայլություն է։ Բայց քանի որ համամասնական է ընտրակարգը, ապա պետք է քննարկել։ Սրանք հարցեր են, որոնք այժմ երկրորդական են։ 

Հասմիկ Համբարձումյան

Ստեփանակերտ

MediaLab.am