Հայաստանում կկառուցվի լեռնադահուկային նոր հանգստավայր

Շուտով երկրում կկառուցվի համաշխարհային դասի լեռնադահուկային հանգստավայր: Արագածոտնի մարզի Բյուրական և Ուշի համայնքների և Ապարան համայնքի Վարդենուտ, Արայի, Շենավան և Արագած բնակավայրերի տարածքներում կկառուցվի համաշխարհային դասի՝ «Արագեյթ» լեռնադահուկային առողջարանային հանգստավայրը, որն իրենից ներկայացնելու է մի նոր քաղաք:

Յուրաքանչյուր հայ իր կյանքում գոնե մեկ անգամ հպարտությամբ պատմել է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրի մասին: Խորհրդային տարիներին Ծաղկաձորը համարվում էր երկրի լավագույն առողջարանային վայրերից մեկը և հատկապես հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեց, որ տարբեր մարզաձևերի խորհրդային հավաքականները միջազգային մրցումներից առաջ կպատրաստվեն Ծաղկաձորում: Այն ձեռք բերեց այսպես կոչված՝ համամիութենական նշանակություն՝ խորհրդային ժամանակաշրջանի որակի յուրահատուկ նշան:

Չնայած նրան, որ առողջարանը հետագա զարգացում և արդիականացում ստացավ արդեն անկախ Հայաստանի օրոք, անշուշտ, Խորհրդային միությունն էր, որ զարկ տվեց լեռնադահուկային հանգստին Հայաստանում և այդ նպատակով զարգացրեց Ծաղկաձորը:

Սակայն, ցավով պետք է նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ծաղկաձորն այդպես էլ մնաց տուրիզմը որպես տնտեսության գերակա ոլորտ հռչակած Հայաստանի լեռնադահուկային միակ հանգստավայրը: Համեմատության համար, հարևան Վրաստանում գործում է ատռնվազն չորս լեռնադահուկային հանգստավայր՝ Գուդաուրի, Բակուրիանի, Թեթնուլդի և Գոդերձի: Ճշմարտության համար պետք է նշել, որ դեռ Սահակաշվիլիի ժամանակներից սկսած Վրաստանում պետություն-մասնավոր գործընկերության արդյունավետ մեխանիզմների շնորհիվ շատ բան է հաջողվել կառուցել: Ի լրումն մասնավոր ներդրողների, հատուկ ստեղծված պետական «Գործընկերային հիմադրամի» օգնությամբ նման հանգստավայրերում կառուցվում են համապատասխան զբոսաշրջային ենթակառուցվածքներ, որոնք զարկ են տալիս հանգստավայրերի զարգացմանը և նպաստում ներդրողների ներգրավմանը: Ավելին, Տնտեսական զարգացման նախարարության կառուցվածքում ստեղծված է  հատուկ «Լեռնային առողջարանների զարգացման ընկերություն», որը կառավարում է վերը նշված առողջարանները:

Ադրբեջանում նույնպես գործում է լեռնադահուկային մի քանի առողջարան, որոնցից ամենահայտնի են Գաբալան և Շահդագեն: 

Իսկ ահա Հայաստանում, որն ունի բոլոր պայմանները այս տեսակի զբոսաշրջության զարգացման համար, ինչպես նշել էինք, կա միայն մեկ Ծաղկաձոր, այն էլ ոչ այնքան լավ վիճակում`լեռնադահուկային զբոսաշրջության տեսանկյունից: Ի վերջո, պետք է խոստովանել, որ այսօր երբեմնի համամիութենական այս հանգստավայրն ավելի շատ վերածվել է խորովածանոցի, քան վայրի, որտեղ կարելի է զարգացնել լեռնադահուկային սպորտը և ակտիվ հանգիստը: Դրա հետ մեկտեղ, եթե այս հանգստավայրին նայենք զուտ լեռնադահուկորդի տեսակետից և հաշվենք այսպես կոչված՝ դահուկամետրով (օրինակ՝ «սկիպասի» գինը և դահուկավազքի երկարությունը), ապա կարող է այնպես ստացվել, որ Ծաղկաձորում զուտ լեռնադահուկ քշելն ավելի թանկ է, քան, օրինակ՝ նույն ֆրանսիական կամ ավստրիական առողջարաններում:

Ծաղկաձորի ճոպանուղին

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանում չկա գոնե վրացական Գուդաուրիի և Բակուրիանիի կամ ռուսական Սոչիի Ռոզա Խուտորի կարգի լեռնադահուկային հանգստավայր, էլ չենք խոսում համաշխարհային կարգի մասին, ինչպիսին է, օրինակ, ֆրանսիական Կուրշեվելը: Թողնենք մի կողմ այն բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, թե ինչու ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չի կառուցվել նոր, գոնե մեկ լեռնադահուկային հանգստավայր: Բայց փաստենք մի բան, մեր երկրի համար, որն ունի հրաշալի լեռնային լանդշաֆտ և բնակլիմայական պայմաններ, միայն մեկ լեռնադահուկային հանգստավայր ունենալն անթույլատրելի ճոխություն է:

Արագածի լանջերը

Այնուամենայնիվ, իրավիճակը կարծես փոխվում է և զբոսաշրջության ու ակտիվ հանգստի ոլորտում համաշխարհային միտումների արդյունքում, ահռելի ներդրումներ անելու պատրաստակամ ներդրողի ի հայտ գալու, ինչպես նաև նախագծում համաշխարհային կարգի մասնագիտացված ընկերությունների մասնակցության շնորհիվ, Հայաստանում շուտով վերջապես կկառուցվի Ծաղկաձորից հետո երկրորդ լեռնադահուկային հանգստավայր:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ և Քաղաքաշինության կոմիտեի ու «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ի միջև ստորագրված համագործակցության Հուշագրի արդյունքում մշակվել է «Արագածոտնի մարզի Բյուրական և Ուշի համայնքների և Ապարան համայնքի Վարդենուտ, Արայի, Շենավան և Արագած բնակավայրերի տարածքներում գտնվող 5497,2 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում «Արագեյթ» լեռնադահուկային առողջարանային համալիրի ստեղծման և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումային ծրագիրը:

Ներդրումային ծրագրին հավանություն տալու կառավարության որոշման նախագիծը Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ հանդիսացող e-draft.am կայքում: Կառավարության հավանությունը ստանալուց հետո կմեկնարկեն տարածաշրջանում նմանը չունեցող հանգստավայրի լայնածավալ շինարարական աշխատանքները: Ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ համալիրի գործարկումից հետո մարզում կստեղծվեն ոչ միայն մեծ թվով աշխատատեղեր: Նախագծի հնարավոր մրցակիցները, ըստ Էկոնոմիկայի նախարարության, կարող են լինել Սոչիի Ռոզա-Խուտոր, Վրաստանի Գուդաուրի և Բակուրիանի համալիրները՝ այն տարբերությամբ, որ տարվա բոլոր եղանակներին գործող «Արագեյթ» համալիրը նախատեսված է բազմաթիվ սպորտաձևերի, մասնավորապես՝ սահնակավարություն, դահուկավազք, բիաթլոն, սահադաշտ, դահուկներով քայլք, ամառային սահնակավարություն, արշավներ, բասկետբոլ, լեռնային հեծանվավազք, զիփլայն, գոլֆի խաղադաշտ, պարապլայներ, լեռնագնացություն, գարնանային/աշնանային դահուկավազքի, ինչպես նաև միջազգային մրցումների անցկացման համար։ Նշենք, որ տարածքում արևային օրերը կազմում են տարեկան 2450 ժամ, ինչը գրեթե նույնն է, ինչ հարավային Ֆրանսիական Ալպերում:

Ֆրանսիական Կուրշեվել հանգստավայրը

Համալիրը նախատեսվում է կառուցել երեք փուլով: Բարենպաստ պայմանների դեպքում մյուս տարի կմեկնարկի առաջին փուլը, որի ընթացքում նախատեսվում է «Արագեյթ» հանգստավայրի շրջանի լանջերի զարգացումը՝ սպասարկման անհրաժեշտ մակարդակի ապահովման նպատակով: Ձնարտադրման սարքավորումների, արհեստական ​​լճերի, կոմպրեսորային կայանների, ճոպանուղիների, բազային կայանների, ինչպես նաև լանջերի պատրաստումը կտևի մոտ երեք տարի: Այսինքն, նոր հանգստավայրի առաջին հատվածը կբացվի մինչև 2024-2025 սեզոնը:

Նախագծի երկրորդ փուլը կտևի 3-5 տարի: Նպատակն է լեռան վերին հատվածի զարգացումը, որը նախատեսում է միջազգային լեռնադահուկային սպորտային գոտու ստեղծում` մեծ ուղղահայաց անկմամբ (1600 մ): Նշված գոտին նախատեսված է ավելի պրոֆեսիոնալ դահուկորդների համար: Այն ներառում է նաև բարձրության վրա գտնվող մի քանի լեռնադահուկային ճոպանուղիներ` առաջին փուլի գոնդոլները Քարի լճին միացնելու համար, ճոպանուղի՝ Քարի լճից դեպի Արագածի հարավային գագաթ և այլն:

Ինչ վերաբերում է երրորդ փուլին, ապա այն նույնպես կմեկնարկի առաջին փուլն ավարտվելուց հետո և կտևի առնվազն 3 տարի: Այս փուլի աշխատանքները կենտրոնացած է լեռան ստորին հատվածի զարգացման վրա` առաջին փուլի գոնդոլային ցանցից մինչեւ Արագած գյուղ: Նպատակն է խտացնել և մեծացնել լեռնադահուկային գոտու մակերևույթը և դրա ուղղահայաց անկումը, ինչպես նաեւ լեռան ստորոտի գյուղերը մերձեցնել դահուկային գոտուն: Համալիրի փուլ առ փուլ զարգացումը կիրականացվի առնվազն 10 տարվա ընթացքում:

Ինչպես արդեն նշել էինք, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան լեռնային այս համալիրը 4 սեզոնի համար նախատեսված նախագիծ է, որը գործելու է ամբողջ տարվա ընթացքում` լեռնային մարզաձևերի լայն շրջանակով: Համալիրը կնպաստի ամբողջ Արագածոտնի մարզի ինչպես զբոսաշրջության, այնպես էլ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այն իրենից ներկայացնելու է լեռնադահուկային հանգստավայրի ամբողջովին ինտեգրված համակարգ և ունենալու է լեռնադահուկային գոտի, հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ, սարքավորումներ, ծառայություններ:

Հանգստավայրի նախագծողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել այցելուների ժամանցին, քանզի դահուկավազքը համարվում է ոչ միայն մարզաձեւ, այլ նաեւ ժամանց: Այսօր դահուկորդներն ավելին են փնտրում, քան պարզապես դահուկուղիներով սահելը: Համալիրում կկառուցվի ձմեռային ընտանեկան պուրակ, որտեղ կլինեն  բազմապիսի ատրակցիոններ՝ բատուտ, սնոուբորդինգ, «Բիգ էյր», «Հալֆ փայփ» եւ այլն: Առանձին նախատեսված են դահուկային մրցավազքի դահուկուղիներ՝ արագաչափերով, զուգահեռ նշագծված ձողերով, ոլորաններով: Համալիրի տարածքում կկառուցվի նաև ջրային սահարան, ինչպես նաև ջրային գոտին, որը պետք է անցնել դահուկներով: Սա պրոֆեսիոնալ դահուկորդների համար իմպրովիզացված շոու ստեղծելու միջոց է ձմեռային սեզոնի վերջին, երբ ջերմաստիճանն ավելի տաք է: Նախագծողները նախատեսել են նաև գիշերային դահուկավազքի համար լուսավորված դահուկուղիներ: Այդ ամենը հասանելի կլինի ճոպանուղիների միջոցով:

Չնայած դահուկասահքի դերը համալիրում էական է լինելու, նախագծողները հատուկ շեշտել են հանգստավայրի՝ չորս սեզոնի համար նախատեսված լինելը։ Այցելուների մեծ մասը դահուկորդներ չեն, բայց փնտրում են մարզաձևեր բնության գրկում: Համալիրում նախատեսված են ամառային սպորտաձևերի գոտիներ ևս, որոնք հասանելի կլինեն ընտանիքների, դպրոցական խմբերի համար:

Համալիրն առանձնանալու է նաև իր բարձրադիր ռեստորաններով և զբոսախնջույքների համար նախատեսված վայրերով, որոնք կունենան համայնապատկերային տեսարաններ: Ձմռանը՝ դահուկորդների, իսկ ամռանը՝ արշավականների համար հրաշալի համայնապատկերային տեսարաններ են բացվում դեպի Արարատ և Արագած լեռները:

Այս ամենը՝ ժամանց, ռեստորաններ և այլն, չափազանց կարևոր է զբոսաշրջիկների համար: Սակայն, աշխարհում այսօր ձևավորվել ֆանատ լեռնադահուկորդների մի ստվար զանգված, որոնց համար կարևոր են բոլորովին այլ չափանիշներ: «Արագեյթ» համալիրն այդ չափանիշներով, առանց չափազանցության, գերազանցում է տարածաշրջանի գրեթե բոլոր հանգստավայրերին: Ներկայացնենք այդ տվյալները, որոնք էական նշանակություն ունեն լեռնադահուկորդների համար: Շինարարության բոլոր երեք փուլերի ավարտից հետո հանգստավայրը կունենա. դահուկուղիներ – 80; դահուկուղիների ընդհանուր երկարությունը — 125 կմ; ճոպանուղիների քանակը – 30; ամենամեծ ուղղահայաց անկումը – 1,900 մ:

Համեմատության համար նշենք, որ Ծաղկաձորում կա 15 դահուկուղի, որոնք ընդհանուր երկարությունն է՝ 30 կմ: Վրացական Գուդաուրիում դահուկուղի ընդհանուր երկարությունն է՝ 57 կմ, Բակուրիանի՝ ընդամենը 5 կմ, ադրբեջանական Շահդագ՝ 19 կմ, ռուսական Սոչիի Ռոզա Խուտոր, որը ձմեռային օլիմպիական խաղերի հիմնական օբյեկտներից էր՝ 102 կմ: Դահուկուղիների ընդհանուր երկարությամբ «Արագեյթ» համալիրը զիջում է միայն ֆրանսիական Կուրշեվելին, որն ունի 150 կմ երկարությամբ դահուկուղիներ: Իսկ ահա ֆրանսիական մեկ այլ հայտնի առողջարան Մերիբելն ունի ընդամենը 30 կմ դահուկուղիներ:

Գիշերային Կուրշեվելը

Անշուշտ, նմանօրինակ համալիր դեռևս չի կառուցվել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: Բայց ծրագրի հետ կապված, թերևս, ամենակարևոր հանգամանքն, ինչպես նաև հաջողության գրավականն այն է, որ նախագծում ներգրավված են լեռնադահուկային զբոսաշրջության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Société des 3 Vallées (Քուրշեվել, Ֆրանսիա) և Consulting by MDP (Մեյլան, Ֆրանսիա) ընկերությունները։ Ծրագրի շրջանակներում «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ն համագործակցում է աշխարհի լավագույն լեռնային համալիրներ կառուցող և կառավարող այս ընկերությունների հետ։ Société des 3 Vallées ընկերությունը ղեկավարում է ամեն ինչ կապված դահուկուղիների, ճոպանուղիների և անվտանգության հետ ֆրանսիական Կուրշեվելում: Իսկ ահա Consulting by MDP ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Չինաստան և այլն, հարյուրից ավելի նման նախագծեր է նախաձեռնել և իրականացրել այս ոլորտում:

Այստեղ են ասել՝ եթե Մոհամմեդը չի գնում դեպի լեռ, ապա լեռն է գնում է դեպի Մոհամմեդ: Ուսումնասիրելով տարածքի բոլոր հիմնական պարամետրերը, անձամբ այցելելով Արագաց լեռան լանջերը՝ ֆրանսիական ընկերությունները մեծ հետաքրքրություն են հայտնել նախագծին մասնակցելու համար: Կասկած չկա, որ նման գործընկերների մասնակցությունը նախագծի հաջողության գրավականն է և կբարձրացնի ինչպես նախագծի ընդհանուր որակի մակարդակը, այնպես էլ բուն հանգստավայրի ընդհանուր վարկանիշը:

Նշենք, որ չհաշված հյուրանոցների, ռեստորանների և այլ ոչ մասնագիտացված ենթակառուցվածքների կառուցումը, միայն լեռնադահուկային համալիրի կառուցման համար կատարվելու է նվազագույնը 172 մլրդ դրամի ներդրում:

Ինչպես նշել էինք հոդվածի սկզբում, խորհրդային տարիներին հայկական Ծաղկաձորը արժանիորեն ձեռք բերեց համամիութենական նշանակության լեռնադահուկային հանգստավայրի կարգավիճակ: Սակայն, ժամանակի ընթացքում այդ բրենդը կորսվեց: «Արագեյթ» հանգստավայրի բացմամբ այդ բրենդը վերջապես կվերադառնա Հայաստան, որն արժանիորեն համարվում է այս տեսակի զբոսաշրջության զարգացման առավել բարենպաստ երկրներից մեկը: Դա լինելու է որոշակի հաղթանակ, հայկական բրենդի հաղթանակ, որը հատկապես կարևոր է մեր նորագույն պատմության վերջին իրադարձություններից հետո: Մեզ պետք են այս հաղթանակները: